[Նոր գիրք, նոր հեղինակ] «Բելլա Բելլադոննա». Վանաձորյան դրամա՝ կնոջ մենության, միալար ցավի ու մարող պայքարի մասին (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է վանաձորյան դրամա՝ մի կնոջ պատմության հետքերով: Հեղինակը Նարինե Կռոյանն է, նա Newmag-ի նոր հեղինակներից է։ Վանաձորում ծնված ու այժմ էլ այնտեղ բնակվող գրողն իր ստեղծագործությունում ներկայացրել է իր կողքին, նույն քաղաքում ապրող նախկին
«Բելլա Բելլադոննա» վեպը Նարինե Կռոյանի 7-րդ գիրքն է: Գրողը ստեղծագործել ու հրատարակվել սկսել է հասուն տարիքում: Նա մասնագիտությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Եվ միայն 2010-ին է հրատարակել առաջին ժողովածուն: Կռոյանը գրում է հեքիաթներ, պատմվածքներ և վիպակներ: Բազմաթիվ գրական մրցանակաների արժանացած, անընդհատ սստեղծագործող գրողը չի հրաժարվել հիմնական մասնագիտությունից. դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում:
Վանաձորցի գրողն իր գրքերում հաճախ է անդրադառնում հայրենի քաղաքին, բնակիչներին ու նաև նրանց սոցիալական ու հոգեբանական խնդիրներին: Նարինե Կռոյանի հերոսները պարզ, սովորական մարդիկ են, իրեն շրջապատող նախկին ու ներկա դրկիցները: Կռոյանի գործերում հաճախ կարելի է ընթերցել պատերազմի, մասնակիցների, հերոսների պատմությունները՝ չխուսափելով ամենածանր նկարագրություններից ու մանրամասներից նա վավերագրում է այն իրականությունը, որտեղ հայտնվում ենք պատերազմի ու թվացյալ խաղաղության օրերին:
Այս անգամ Նարինե Կռոյանի գլխավոր հերոսը միջին տարիքի կին է՝ Բելլան և նրա անկողնային ծանր հիվանդ մայրը: Բելլային մխիթարում են իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ են ու թունավոր, այնպես, ինչպես իր հոգում ծվարած ընկճվածությունը։ Իրենց իսկ ստեղծած վանդակում, մենության ու տառապանքի մեջ կքած կանանց կյանքում դռան մի թակոց փոխում է առօրյայի գույները. նրանց մեկսենյականոց կիսախարխուլ բնակարանի խունացած պատերի մեջ է հայտնվում 14-ամյա մի աղջնակ:
Այդ ժիր ու կայտառ երեխան գլխիվայր շրջում է Բելլայի հաստատուն առօրյան, ստիպում ապրել, նայել շուրջբոլորը ու բացահայտել անցյալի ամենացավոտ ճշմարտությունը։ Երեխան ստիպում է Բելլային ավելի խորը հայացք գցել իր կյանքին, ապրած ու չապրած հույզերին, չվախենալ ճակատագրից։ Հերոսուհին, իր իսկ մենախոսություններում զգում է, որ փոխվում է. «Վախը ճակատագիր չէ: Սկզբում թվում էր՝ ճակատագիր է, բայց արդեն գիտեմ, որ ճակատագիր չէ, որովհետև ի վերջո իմ ընտրությունն էր, իմ որոշումը»։
Նարինե Կռոյանի գրական ոճին հատուկ են ալեգորիկ, միստիկ պատկերները, որոնք տեղ են գտել նաև «Բելլա Բելլադոննա» վեպում: Գրական այս գործն աչքի է ընկնում պարզ լեզվով, դիպուկ երկխոսություններով, հուզիչ մենախոսություններով, վառ նկարագրություններով: Կռոյանն առանձին դրվագներ է նվիրել նաև Հայ Առաքելական եկեղեցուն, իրենց քաղաքի 13-րդ դարում հիմնադրված մատուռին, որը հիմա եկեղեցական համալիր է: Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածինը հերոսների սիրելի այցելավայրն է, հոգևոր հովվի հետ զրույցներն էլ սպասված իրադարձություն ամեն կիրակի:
Մենությունը հաղթահարելու, կյանքում հենման գոնե մի կետ ու լույս նշույլ փնտրող կնոջ վանաձորյան դրամայի հեռուստաշնորհանդեսը հոկտեմբերի 22-ին է, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում: