#ՄիՍպանիրՎաղվաԳիրքը. գրքահենությունը թերզարգացած հասարակությունների հիվադանությունն է (տեսանյութ)

June 13, 2020

Newmag ընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը կարծում է, որ գրքահենության դեմ պայքարը պետք է լինի բոլոր ուղղություններով: Նախ պետք է ուշքի բերել օրենսդրական բազան, հետո հասարակական պայքար մղել: 

«Պետք է պատկերացնենք, որ եթե տարածում ենք գրքահենության մակարդակով արված էլեկտրոնային ֆայլեր, տպագրված գրքի համար չենք վճարում մի քանի հազար դրամ, վնասում ենք հրատարակիչներին», - ասում է Գնել Նալբանդյանը: 

Հաստափոր գիրք հրատարակելու համար պահանջվում է 1-ից 1.5 տարի, դրա վրա աշխատում է 10-ից 15 հոգի: Հեղինակները կարող են գրքի վրա աշխատել մի քանի տարի և սպասել այդ գրքի հրատարակմանը, որպեսզի կարողանան շուկայից ստանալ վաճառքից գոյացած հասույթներն ու աշխատեն հաջորդ գրքերի վրա: 

«Գրաշուկայում հարյուրավոր մասնագետների աշխատանքը ընկնում է ջուրը: Չեն վարձատրվում, որովհետև նրանցից գողանում են նրանց ստեղծած հավելյալ արժեքը: Ինտելեկտուալ արժեքի գողությունը նույնպես գողություն է», - ասում է Գնել Նալբանդյանը: 

Գրքահենությունը ամենաշատը տարածված է ԱՊՀ երկրներում: Հեղինակային իրավունքների խնդիրը առաջանում է թերզարգացած կամ նոր զարգացող երկրներում, որովհետև այդ երկրներում չեն գիտակցում ինտելեկտուալ նյութի արժեքը: Գնել Նալբանդյանը գրքահենությունը անվանում է թերզարգացած հասարակություններին ուղեկցող հիվանդություն: 

 «Քաղաքակիրթ աշխարհում սովորաբար դրա հարկը գիտակցվում է, որովհետև քաղաքակիրթ աշխարհում բոլորն ունեն բիզնեսի մասին իրենց պատկերացումները: Մենք պետք է կարողանանք վճարել ուրիշի ստեղծածի համար, որպեսզի նա կարողանա ստեղծել նորը», - ասում է Գնել Նալբանդյանը: 

Գրքահենության դեմ պայքարում կարող են օգնել ժամանակակից տեխնոլոգիաները: Յութուբը կամ Գուգլը մշակել են համակարգեր, որոնք արագ ճանաչում են մեդիապրոդուկտի կրնկօրինակված լինելը, սակայն գրքերը պաշտպանելու համար ավելի անվտանգ համակարգեր են պետք: Գնել Նալբանդյանը վստահ է, որ դրանք ժամանակի ընթացքում կստեղծվեն, սակայն մինչև այդ պետք է ուշքի բերել գրահրատարակչության մասին օրենքները: 

«Դրսում հեղինակային իրավունքները բավականաչափ մշակված են, բարդ սիստեմ է գործում: Եթե հայաստանյան հրատարակչությունը խախտում է հեղինակային իրավունքը, արտասահմանյան կազմակերպությունները շատ արագ կարող են խզել կապերը», - ասում է Գնել Նալբանդյանը:

Հետևաբար գրքահենությունը հարվածում է ոչ միայն հրատարակչական բիզնեսին, այլև գլոբալ աշխարհում Հայաստանի վարկին: Երկիրը կարող է անվստահելի համբավ ձեռք բերել և արտասահմանյան հրատարակիչները կզգուշանան հայաստանյան հրատարակիչների հետ գործակցությունից: