Ասենք շնորհավոր ու անցնենք գործի. Ի՞նչ կարելի է հասկանալ ամանորի շնորհավորանքներից

January 8, 2018

Կարելի է գրել կամ զանգել: Կարելի է շնորհավորել 12-ին կամ 12:30, և ասենք` հունվարի 4-ին 5-ին: Թվարկածիցս առաջինը սիրո ու հարգանքի արտահայտման ամենավերևի աստիճանն է, վերջինը` վիրավորականը: Ավելի վիրավորական է անկեղծ շնորհավորանքին հայելային կամ մի քանի ծեծված բառերով պատասխանելը: Ամենավիրավորականը` այդ ամենից հետո գիտակցելը, որ ամեն մարդ արժանի է այն շնորհավորանքին, որ ստացել է:
Հետաքրքիր է, որ եթե հաղորդագրույթունով ես շնորհավորում, ցանկալի է հասցեատիրոջ անունը գրել, հակառակ դեպքում միշտ կլինի կասկածը, որ դու copy ես արել ու բոլորին նույն տեքստը ուղարկել: Դա վիրտուալ կոմպլեքս է. Ցույց տալ հասցեատիրոջը, որ դու իրեն առանձին ես հիշել: Բայց միաժամանակ, եթե միայն անունով է տարբերվում շնորհավորանքը, նշանակում է այն պաթետիկ բառերի կույտ է, ինչպես տարբեր տրամաչափի փողկապավորների ամանորի ուղերձները:



Կարդացեք նաև.



 
Շնորհավորանքներով, նվերներով, սեղանով և տոնի մյուս ատրիբուտներով հանդերձ` յուրաքանչյուր նման ծես խոշորացույցի պես է. Շատ ավելի ընգծված ցույց է տալիս այն նշողի հոգեկերտվածքը: Ասա ինչպես ես նշում, ասեմ` ով ես դու և ինչպիսինն ես ուզում քեզ ցույց տալ:
Նոր տարին ունի արտաքին և ներքին արտահայտումներ: Ամենահիասթափեցնող չստացված փորձը տարեսկզբինն է. Երևի ասելով ամանորի հրաշք հենց այդ նկատի ունեն, որ միշտ եղել է ինչ որ կերպ ու հիմա կարծում ես` ինչ որ բան առանց ճիգի կփոխվի: Ինչը բնականաբար տեղի չի ունենում:
Մարդկության էվոլյուցիան հնարավոր է դարձել ոչ թե կրակի կամ անիվի հայտնագործման, այլ երջանկության զգացողության անլիարժեքության պատճառով: Աշխատանքը սփոփում է մարդուն: Հատկապես ծախսերի, սառած բդերի, անիմաստ շնորհավորանքների արդյունքում ծնված էքզիստենցիալ անհավասարակշռության հասցնող տոներից հետո: