Newmag-ը ներկայացնում Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գիրքը (թրեյլեր)

February 20, 2024

2017 թվականին հրատարակվեց Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գիրքը։ 7 տարի անց Newmag-ը գրական գործը նոր խմբագրմամբ ու շապիկով ներկայացնում է ընթերցողին։ Մալյանն առաջին գիրքը գրել է 2014 թվականին՝ «Սոդոմի PR-ը» վեպը, վերջինը՝ 2019֊ին՝ «Սրտերի թագուհի» գիրքը։

«Զրոյական կետ» վեպը մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդությամբ ձևավորված մահապարտ ահաբեկչության պատմության մասին է: Ըստ հեղինակի, ահաբեկչությունը չունի ո՛չ ազգային, ո՛չ էլ կրոնական պատկանելություն: Աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու և  բարիքները բազմապատկելու նպատակով։ Գրքում  Նարեկ Մալյանը զուգահեռներ է անցկացված  քրիստոնեական և  մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջև։

Գրքի բովանդականության մեջ թաքնված են մի քանի զրոյական կետեր, իսկ հանրագումարում միավորվում են ամենագլխավոր զրոյական կետի շուրջ: «Զրոյական կետ» վեպում քաղբանտարկյալ հեղինակը գործը սկսում ու ավարտում է պատարագով, ինչի միջոցով փորձ է արվել նուրբ համեմատական գիծ տանել ժամանակակից աշխարհի ու միջնադարյան կրոնական ֆանատիզմի միջեւ:  

XI-րդ դարի վերջում Ուրբան 2-րդ պապը նախաձեռնեց առաջին խաչակրաց արշավանքները, Հասսան Իբն Սաբբահը հիմնեց առաջին կրոնական մահապարտների դպրոցը: Եվ զուգահեռներ անցկացնելով քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական այս դեպքերի միջև` վեպը ավարտվում է մեր ժամանակներում Փարիզում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչություններից մեկով:

Նարեկ Մալյանը ծնվել է քահանայի ընտանիքում: Մանկության մեծ մասն անցկացրել է Սուրբ Գեղարդի վանքում, ինչը որոշիչ դեր է խաղացել նրա աշխարհայացքի ձևավորման հարցում:  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո  2001 թվականին  ստացել է  մագիստրոսի կոչում՝  միջազգային իրավունքի բնագավառում, իսկ 2015-ին ՝  պետական կառավարման բնագավառում: Եղել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական։  2016-2019 թվականներին դասախոսել է Ոստիկանության կրթահամալիրում «PR և հաղորդակցության էթիկա» և ԵՊՀ  սոցիոլոգիայի ամբիոնում՝  «Ռազմավարական PR» առարկաները։    

Այս գործը Եգիպտոսի Ալ Արաբի հրատարակչությունը թարգմանել է արաբերեն: Այժմ արաբները սերիալ են նկարում Մալյանի վեպի հիման վրա: Ալ Արաբի հրատարակչությանն էլ իր ընթերցողներին խորհուրդ է տալիս Ռամադանից առաջ կարդալ «Զրոյական կետը»: