Թրամփ vs Կիմ Չեն Ըն. կսկսվի՞ արդյոք միջուկային պատերազմ

August 11, 2017

Հյուսիսային Կորեան այս շաբաթ լարեց շատերի նյարդերը: Ամերիկյան նոր պատժամիջոցներին ի պատասխան կորեացիները սպառնացին պայթեցնել Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմաբազան: Գուամը ամերիկյան տարածք է, գտնվում է Խաղաղ օվկիանոսում, ունի 163 հազար բնակչություն և խոշոր ռազմակայան: Այստեղից ամերիկյան նավերն ու կործանիչները մեկնում են Հարավային Կորեա, մասնակցում են համատեղ զորավարժությունների:
Եվ ահա, այս կարևոր հենակետը հյուսիսկորեացիները սպառնում են պայթեցնել: Ստեղծել են բալիստիկ հրթիռներ, որոնք ի վիճակի են հատել մոտ 3 հազար կիլոմետր տարածքը ու հարվածել ամերիկյան ուժերին: Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգը տեսականորեն կարող է և բաց թողնել կորեական հրթիռը: Դա չափազանց քիչ, բայց հավանական է:
Ամեն դեպքում, եթե Կիմ Չեն Ընը բալիստիկ հրթիռով ամերիկացիներին թիրախավորելու նույնիսկ փորձ ձեռնարկի, կլինի պատասխան: Դրանից հետո Հյուսիսային Կորեան կպատասխանի ամերիկյան պատասխանին: Ամեն ինչ այդքան լուրջ չէր լինի, եթե խոսք չգնար միջուկային փոխադարձ հարվածների հավանականության մասին:
Պենտագոնն արդեն հայտարարել է, որ պատրաստում է Հյուսիսային Կորեայի հեռահար հրթիռները ոչնչացնելու ծրագիր: Հյուսիսկորեացիներն էլ ընդգծում են, որ օգոստոսի երկրորդ կեսին ամերիկյան Գուամը ոչնչացնելը պլանը կներկայացնեն Կիմ Չեն Ընի հաստատմանը: Վերջինս, կարող է և հրաման տալ: Իր տրամաբանությամբ, ինչո՞ւ ոչ:
Իրավիճակը ավելի է լարվել, երբ ԱՄՆ նախագահը անսովոր բառապաշարով բացատրել է Կիմ Չեն Ընին, թե ինչ կլինի իր հետ ամերիկյան ռազմաբազան ռմբակոծելու դեպքում: Թրամփը սպառնացել է այնպիսի «կրակ և ցասում» թափել Կորեայի վրա, ինչպիսին աշխարհը դեռ չի տեսել: Թրամփի խոսքը շտապեց վերաձևակերպել պետքարտուղարը՝ բացատրելով, որ Կիմ Չեն Ընը դիվանագիտական լեզուն չի հասկանում, և Թրամփը փորձել է լինել հնարավորինս համոզիչ:
Անհավասարակշիռ քայլերը հաջորդում են մեկը մյուսին: Ռուսաստանն ու Ճապոնիան ոտքի են հանել իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը, մտահոգ է Չինաստանը: Աշխարհից կտրված, սովորական պայմաններում նույնիսկ մոռացության մատնված Գուամի բնակիչներն էլ այժմ դարձել են համաշխարհային լրահոսի գլխավոր հերոսները: