Սիրունիկ տատիկի կամակոր, անսանձ տղամարդը

July 14, 2015

Մորեգույն շապիկով մորուքավորը երկրպագուներից արագ մաքրեց նրա ճանապարհը: Օրնելլա Մուտին բարձրացավ հյուրանոցի հինգերորդ հարկի իր սենյակը: Իջավ թարմացրած ժպիտով: Հիացական հայացքների, ֆոտո-տեսախցիկների պաշարման մեջ աստղային սեթեւեթանքի մի քանի դասական համար ցույց տվեց, եւ նորից էն մորեգույնը … դուրս պրծավ, ասես, մեր դեռահասության սեռական երեւակայության հերոսուհու երկար փեշի տակից:
Մուտին արդեն ոտքը դուրս էր դրել հյուրանոցի շեմից, երբ կամակորը նրան անսպասելիորեն թեւի տակ առավ ու հետ տարավ, պատսպարեց հյուրանոցի ռեստորանում: Տղամարդը շինծու հիսթերիայի մեջ էր` «ու՞ր են դիմավորողները, ո՞վ պետք է Օրնելլային ուղեկցի կինոթատրոն»: Աստղային խիստ ռեժիմի անցած` նա տեսարան էր փորձում սարքել: Թարգմանիչը «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների հետ կարգավորում էր ուշացած աստղի` պաշտոնական տեղափոխման հարցը:


Մուտին դեռ ժպտում էր: Սկանդալի հետ ինքը կապ չուներ: Մատուցողին խնդրեց ծաղկամանի մեջ դնել երկրպագուներից ստացած վարդերը: Տղան վերադարձավ, ծաղկամանը ցանկացավ տեղավորել նրա սեղանին:
-Օ~ ոչ, անպայման վերեւ բարձրացրեք` իմ սենյակ,- ասաց սիրած տղայից առաջին անգամ ծաղկեփունջ ստացած պարմանուհու նվաղուն ձայնով :
-Տիկին Մուտի, այս իրարանցումից չե՞ք լարվում, -հարցրի ես:
-Երբեք այսքան խաղաղ չեմ եղել: Գե-գա- դից եմ գալիս:
-Գեղարդից…
-Այո’, այո’… Աստվա~ծ իմ, ինչ հրաշալի տաճար է: Այդ հոգեւոր երգերը, որքան հաճելի կլինեն Տիրոջ ականջին… Մկրտություն էր եկեղեցում: Զարմանալի էր. մկրտվողը փոքրիկ երեխա չէր: Առաջին անգամ էի այդպիսի բան տեսնում: Իտալիայում շատ փոքր տարիքում են մկրտվում:
- Եվ դա միա՞կ անսովոր բանն էր այստեղ:
-Այստեղ ամեն ինչ արտասովոր լավ է ու վառ: Սիրալիր մարդկանց հայրենիք: Այդ բարակ, շատ բարակ հացը տեսա, թե ինչպես են թխում: Անուշ կանայք էին… մի տեսակ հարազատ:
-Լավաշ է այդ հացի անունը: Համտեսեցի՞ք:
-Ամեն ինչ. ձեր ռեհանն անգամ ուրիշ է, ինչպես հացը: Արտասովոր սուր համ ունի: Շատ ռեհան կերա, շատ քիչ պանիրով… պանիրը կազմվածքի համար վտանգավոր է…
-Էդ ի՞նչ ես անում,- դիվահարի պես Օրնելլայի գլխին ընկավ մորեգույնը:
-Խոսում եմ, խոստացա հետո ինտերվյու տալ, եթե դեմ չես:
-Դու ժամանակ չունես, սա~լա ռոսա, սալա ~ ռոսա,- ճչաց անսանձ կամակորն ու սիրունիկ տատիկին ֆոտո-տեսախցիկների ուղեկցությամբ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճ հասցրեց կես ժամ ուշացած:

 
Հեղինակ՝ Արտակ Հերիքյան