Դիտե՞լ պոռնոգրաֆիա, թե՞ ոչ. թո՛ւյլ տվեք՝ ի՛նքս ընտրեմ

November 27, 2015

Ընկերոջս հետ զրուցում ենք: Ասում եմ՝ Մհե՛ր, եթե վաղն արգելեն խանութում ավոկադո վաճառել, ի՞նչ կանես: Չեմ հիշում, երևի սրա պես ախմախ հարցեր էլի եմ տվել Մհերին, որովհետև դեմքի ոչ մի մկան չշարժվեց, ու մի պահ մտածելուց հետո հանգիստ պատասխանեց.

«Երբեք չեմ կերել ավոկադո, էնպես որ լրիվ մեկ է՝ արգելեն-չարգելեն: Բայց արգելելուց որոշ ժամանակ հետո հնարավոր է՝ ասեմ՝ ախր ինչո՞ւ արգելեցին, երանի՜ լիներ, ու մի հատ ուտեի: Վարդագույն փղիկների ֆենոմենն է»:

Գիտե՞ք որն է վարդագույն փղիկների կամ, որ ավելի հայտնի է, սպիտակ կապիկների ֆենոմենը: Փորձե՛ք ամենաանպատեհ պահին Ձեր զրուցակցին ասել՝ մի՛ մտածիր վարդագույն փղիկների մասին: Կռահու՞մ եք, թե ինչ կսկսի նա անել հենց այդ պահին: Կսկսի մտածել վարդագույն փղիկների մասին: Մհերի սուբյեկտիվ եզրահանգումները ընդհանուր ճշմարտությունն են արտահայտում: Իմաստ չունի արգելել այն, ինչ տարածում չունի: Ու անիմաստ է ակնկալել, որ տարածում չի գտնի այն, ինչ արգելել ես:
Այնքան խնդրեց Արարիչը Ադամին՝ եղբա՛յր, մի՛ կեր այդ անիծյալ ծառի պտուղը, թե չէ կսպանեմ: Հազարավոր այլ պտղատու ծառեր կային, բայց այդ մեկն էր ձգում, ո՜նց էր ձգում:

Կապույտ մորուքը հորդորեց կնոջը՝ բացի՛ր բազմաթիվ դռներից, որը կցանկանաս՝ բացի մեկից, թե չէ կսպանեմ: Ոչ մի սենյակի բովանդակություն այդքան հետաքրքիր չեղավ նորահարսի համար, որքան այդ անշուք մեկինը, որտեղ մտնելը խստիվ արգելված էր: Ոչինչ Հայաստանում այդքան հետաքրքրություն չառաջացրեց Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի նկատմամբ, որքան այն, որ կինոթատրոնների ցանցը սկզբում ցանկացավ, հետո հրաժարվեց այն ցուցադրել, ինչ է թե պոռնոգրաֆիա է: