Օրվա բողոքներն՝ ըստ պահանջի և հասցեի. ինչի՞ց էին դժգոհ քաղաքացիները

September 6, 2018

Եվ այսպես, բողոքի ակցիա ընդդեմ Ամուլսարի շահագործման: Իրենց խոսքով՝ ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ պայթեցնելու  հանքի մասին միֆերն ու վախերը: Ակտիվիստները մեկ վայրկյան իսկ չեն կասկածում, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը: Պնդումը նույնն է՝ հանքի շահագործումն ապօրինի է, ընկերության ներկայացրած ծրագրում կան անկառավարելի ռիսկեր:
Բողոք 2. Զորացրված սպաները պահանջում էին վարչապետի հետ հանդիպում:  Հազարի չափ զինթոշակառուներ բնակարանի խնդիր ունեն:  Խնդիրը ներկայացրել են նախորդ իշխանությանը: Լուծումը հետաձգվել է: Հիմա հերթն այս կառավարությանն է: Անցած  շաբաթ հանդիպել են Պաշտպանության փոխնախարարի հետ: Դժգոհ զինթոշակառուներին առաջարկել են հողատարածք: Առաջարկը չի ընդունվել, զորացրված սպաները հրաժարվել են դրանից: Պաշտպանության նախարարի խոսնակը հստակեցրել է հողատարածքի տրամադրումը չի բացառում բնակարանի հերթում գտնվելուն:
Բողոք 3. Նաիրիտցիներն անհանգստացած են: Ըստ նրանց՝ ներկա իշխանությունը ևս հետաքրքրված չէ գործարանի վերագործարկմամբ: Նրանց խոսքով՝  սնանկացման պրոցեսի կառավարիչը թալանում է գործարանը, դիմել են ԱԱԾ, գլխավոր դատախազություն: Առայժմ ոչ մի արձագանք:



Կարդացեք նաև.



Բողոք 4. Վաղ առավոտից բողոքի ակցիա էր սկսվել Սանիթեքի գրասենյակի դիմաց:  Աջափնյակ և Կենտրոն համայնքների բնակիչներն այնտեղ էին բերել աղբի տոպրակներ և պահանջում էին,  որ Սանիթեքը պատշաճ աղբահանություն կատարի: Նրանց հետ հանդիպեց ընկերության գործադիր օգնականը և խոստացավ, որ մամուլի ասուլիս կկազմակերպեն և կպատասխանեն բոլոր հարցերին:
Բողոք 5. Հաջորդ հասցեն Գլխավոր դատախազության շենքն էր: Այնտեղ հավաքված ցուցարարները պահանջում էին ազատել Շանթ Հարությունյանին: Նախաձեռնության անդամները գրավոր դիմել են  Գլխավոր դատախազությանը: Նրանք կարծում են, որ Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի, իսկ դատախազությունը պետք է միջնորդություն ներկայացնի այդ պահանջով:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։