«Այստեղ պիտի մնայի». գիրք-մոնոլոգ իտալական հասարակական֊քաղաքական կյանքի մասին (տեսանյութ)

January 12, 2024

«Այստեղ պիտի մնայի» վեպը ներքին մենախոսություն է: Այստեղ խմորվում են գլխավոր հերոսի ներհայեցական փնտրտուքներն ու խոհերը: Նրա գլխում տասնվեց օր շարունակվող խմորումների շնորհիվ ընթերցողը մասնակից է դառնում Իտալիայի հասարակական կյանքին:

«Այստեղ պիտի մնայի» գրքի ընթերցողը հետևում է Բրեգոլիսեի խոհերին, ապրում նրա հույզերով, տրվում նրա զգացմունքներին։ Այդ օրերի ընթացքում Բրեգոլիսեի կյանքում շատ բաներ են կատարվում, բայց մի դեպք վճռորոշ է դառնում, ու նա ընդունում է բոլորի համար անհասկանալի ու անսպասելի  մի որոշում.

«Բարև բոլորին, ես Ջովանի Դոցինին եմ, իմ նոր վեպի վերնագիրն է «Այստեղ պիտի մնայի»։ Վեպի հերոսը ներկարար Լուկա Բրեգոլիսե անունով տղամարդ է, նա ապրում է Պերուջայի արվարձանում, որտեղ ծնվել, ապրում ու աշխատում եմ մինչև այսօր նաև ես։ Լուկա Բրեգոլիսեն  երիտասարդ  տարիքում անդամակցել է հասարակական խմբակների: նրա հայրը  կոմունիստ է եղել։ Դեպքերը ծավալվում են Պերուջայում, սակայն իրականում դրանք կատարվում են ներկարար Բրեգոլիսեի գլխում»։  

Դոցինին Բրեգոյի ծավալուն մենախոսության միջոցով վերլուծում է երկրում տիրող հասարակական-քաղաքական բարդ վիճակը։ Եվ պարզվում է, որ մարդիկ ուզում են ապրել առանց ներգաղթյալների, և ինստիտուցիոնալ ձախերի հարուցած ճգնաժամի. «Այս վեպը  նաև իմ գեղեցիկ ծննդավայրի՝ Ումբրիա շրջանի մասին է, որի հասարակական կյանքում վերջին շրջանում անսպասելի իրադարձություններ են կատարվել։ Վեպում հանրային համատեքստը շատ է, բայց  չպետք է մոռանալ, որ սա նախ և առաջ անձնական պատմություն է բարդ, հակասություններով լի մարդկանց մասին, որոնք  փորձում են որևէ  նոր բան անել»։

Վերջին տասը տարիներին բազում ներգաղթյալներ են հայտնվել Պերուջայում:  Քաղաքի խաղաղ կյանքը մնացել է անցյալում: Այժմ անվերջ կողոպուտներ են, ավազակային հարձակումներ, կռիվներ, աղմուկ-աղաղակ: Հնաբնակները մտահոգ են, դժգոհ, բարկացած։ Ահա ինչու՝ ձախակողմյան հայացքների տեր մարդկանց քաղաքում 2018 թվականին՝ տեղական ընտրություններում հաղթում են աջակողմյան ուժերը։

Եվ այստեղ ամեն ինչ տակնուվրա է լինում քառասնամյա ներկարարի գլխում, որն անընդհատ մտքում մրմնջում 2019-ին Սանրեմո մրցույթում երկու անգամ հաղթած եգիպտացի ներգաղթյալ Մահմուդի երգը:

Կարդացեք նաև