Տեղի ունեցավ Ջովանի Դոցինիի «Այստեղ պիտի մնայի» գրքի հեռուստաշնորհանեսը (տեսանյութ)

December 5, 2023

Արմենիա Հ/Ը եթերում Newmag-ը ներկայացրել է Ջովանի Դոցինի «Այստեղ պիտի մնայի» գրքի հեռուստաշնորհանդեսը։ Գործը թարգմանել է Լուսինե Շուքուրյանը։ Նա շնորհանդեսին ներկա չէր, քանի որ ապրում է Իտալիայում, ինչպես գրքի հեղինակը։ Հայերեն հրատարակությունը ներկայացրել են գրքի խմբագիր Աննա Բախշյանը, վերստուգող խմբագիր Մայիս Նիկողոսյանը և ԵՊՀ֊ում «Միգրացիա և լրագրություն» առարկան դասավանդող լրագրող Տաթև Հարությունյանը։ «Այստեղ պիտի մնայի» գիրքը Եվրոպայում էմիգրանտների մեծ հոսքի մասին է։ Հեղինակը ներկայացնում է հարազատ քաղաքի՝ Պերուջայի փոփոխությունները ներգաղթյալների գալուց հետո։

«Այստեղ պիտի մնայի» գիրքը պատմում է միջին տարիքի ներկարար Բրեգոլիսեի մասին։ Գիրքը գրված է առաջին դեմքով, ներկարարի տասնվեցօրյա մտքերն են։ Հայերեն թարգմանության խմբագիր Աննա Բախշյանը վստահ է, որ Ջովանի Դոցինին կշարունակի իտալական գրականության հարուստ ավանդույթները, որոնք ձևավորել են էլենա Ֆերանտեն, Ումբերտո Էկոն.

«Գլխավոր հերոսի օգնականն էմիգրանտ է, հեղինակը բավականին նրբորեն է շոշափում ներգաղթայլների խնդիրը։ Գիրքը նաև միջին տարիքի տղամարդու ճգնաժամի մասին է։ Գործը գրված է գիտակցության հոսք մեթոդով։  Այդ մեթոդով գրել է նաև Ջեյմս Ջոյսը։ Միգրացիան ահագնացող չափերի է հասել Եվրոպայում.  պատերազմների, լավ կյանք փնտրելու համար մարդիկ հեռանում են իրենց երկրից։ Նրանք, բնականաբար, շատ դժվար են ինտեգրվում սոցիումին։ Հերոսի ընկերոջ տղան էլ անչափահաս է, թմրադեղեր է վաճառում, գաղութում է եղել, խմբավորումների մեջ է, ինչի պատճառով խնդիրներ են առաջանում, դա անդրադառնում է նաև պերուջացի ներկարարի կյանքի վրա, քանի որ չեն կարող աշխատել։ Հերոսը հիասթափված սերնդի ներկայացուցիչ է, չդասավորված կյանքի պատճառով անհանդուրժող է շատ հարցերում»։ 

Գրքի վերստուգող խմբագիր Մայիս Նիկողոսյանի համար շատ կարևոր է գրքի հայերեն թարգմանության հայացումը։ Դոցինին առաջին անգամ է թարգմանվում հայերեն.

«Newmag-ի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ հայացվում է. այս ստեղծագործությունն էլ այդպես է թարգմանված։ Գրքում շատ ճիշտ կետադրություն կա, ինչը այսօր մեր բուհերում լավ չեն սովորեցնում։ Իսկ կախված կետադրությունից՝ տեքստի իմաստը, նրբերանգներրը շատ են փոխվում։  Ստեղծագործությունը ժամանակակակից մարդու մասին է, որն ապրում է Եվրոպայում։ Վերջին տարիներին հրատարակված լավագույն ստեղծագործություններից մեկն է։ Հայ ընթերցողին գիրքը կհետաքրքրի, քանի որ մեր խիստ քաղաքականացված հասարակությանն այն հոգեհարազատ կլինի։ Ցավով պետք է ասենք, որ այսօր տնտեսուհուց, մինչև ակադեմիկոս զբաղվում են քաղաքականությամբ, գիրքը շատերին ցույց կտա, որ դա իրենց գործը չէ, սովորական կյանքին պետք է վերադառնալ։ Բայց ինձ համար շատ կարևոր է այս վեպի գեղարվեստական արժեքը»։ 

Գրքի հեղինակը լրագրող է ու գեղարվեստական պատումի միջոցով անդրադարձել է նաև համամարդկային կարևոր խնդրի՝ էմիգրանտներին։ Գեղարվեստական գործի արծարծած թեմաներին անդրադարձել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետետի դասախոս Տաթև Հարությունյանը.

«Ես դասավանդում եմ «Միգրացիան և լրագրությունը» առարկան։ Դասընթացը միգրացիային է անդրադառնում։ Այս թեման բոլորին է վերաբերում։ Գրքում էլ մասնավոր մարդու պատմությամբ  ներկայացվում է այս խնդիրը։ Միգրացիան մարդկանց տեղաշարժերն են, այն բացասական երևույթ չէ, բայց երբ ասում ենք արտագաղթ, դա արդեն բացասական է, երբեմն այդ տեղաշարժերը պարտադրված են պատերազմի, կրոնական կամ այլ խնդիրներով։ Մեծ ուշադրություն ենք դարձնում այս երևույթներին, ովքեր են փախստականները, ապաստան խնդրողները, միջազգային իրավական դաշտում, ինչ լուծումներ կան։ Լրագրողները պետք է կարողանան այդ մարդկանց հետ շփվել, լուսաբանել նրանց խնդիրները։ Շատ էթիկական խնդիրներ էլ կան։ Մենք ուսանողների հետ նաև շատ հետազոտություններ ենք անում։ Հիմա շատ ենք ուսումնասիրում արցախցիների խնդիրը, ցույց ենք տալիս բռնի տեղահանվածների պրոբլեմները»։

Գիրքը հասանելի է գրախանութներում և newmag.am կայքում։

Կարդացեք նաև