Ինտերի ու Մխիթարյանի երկրպագու իտալացի գրողը (տեսանյութ)

December 20, 2023

Իտալացի ժամանակակից գրող Ջովանի Դոցինին «Այստեղ պիտի մնայի» վեպը գրել է 2021 թվականին։ Գրողը իտալական ժամանակակից գրականության համաեվրոպական բացահայտում դարձավ միգրանտների մասին պատմող «Այստեղ պիտի մնայի» վեպից հետո։

Ջովանի Դոցինին, պարզվում է, Ինտերի ու Հենրիխ Մխիթարյանի երկրպագու է։ Newmag հրատարակչությանը Դոցինին պատմեց իր ֆուտբոլային նախասիրությունների մասին. «Մխիթարյանն էլ  ֆուտբոլի հայ հերոս է։ Շատ ուրախ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա հայերեն կարդալ իմ գիրքը։ Շատ կցանկանայի իմ գրքի մի օրինակը նվիրել նրան: Կօգնե՞ք ինձ»։ 

Ջիովանի Դոցինին իր «Այստեղ պիտի մնայի» վեպի հայերեն տարբերակն արդեն տեսել է։ Սպասում է հայ ընթերցողների, ու հատկապես, Հենրիխ Մխիթարյանի արձագանքին։ Երբեք Հայաստանում չի եղել, բայց խոստացավ հնարավորության դեպքում անպայման գալ Հայաստան. «Շատ ուրախ եմ, որ գիրքս հրատարակվում է հայերեն, հրաշալի երկիր է, որտեղ երբեք չեմ եղել և կցանկանայի մի օր լինել այնտեղ։  Շատ հպարտ եմ, որ այդ հեռու երկրի մարդիկ կկարողանան իրենց լեզվով կարդալ իմ գիրքը: Իմ վեպի գլխավոր հերոսը սերում է մի ընտանիքից, որը հավատում է ավելի լավ աշխարհի գաղափարին, սոցիալիստական աշխարհին, հավատում է, որ կոմունիզմը մարդկության համար ավելի լավ լուծում կլինի: Հետո պարզվում է, որ դա անհնար է: Ձեր երկիրը տասնամյակներ շարունակ ապրել է այդ ձախողված փորձարկման պայմաններում»: 

Դոցինին ասում է, որ գրքի հրատարակումից անցել է մի քանի տարի, բայց իր բարձրաձայնած խնդիրները չեն փոխվել. «Հեշտ չէ և՛ իմ քաղաքում, և՛ իմ երկրում՝ Իտալիայում, և՛ Եվրոպայում: Իտալիան Եվրոպայի դռներից մեկն է, Լամպեդուզա կղզին Եվրոպայի դարպասն է, ես եղել եմ այնտեղ, այդ կղզուց երևում է Աֆրիկան: Ներգաղթյալները գալիս են Իտալիա, բայց մեծ մասը ցանկանում է այստեղից մեկնել հյուսիսային Եվրոպա՝ ավելի հարուստ շրջաններ: Իտալացիները, ինչպես Արևմուտքի մյուս ժողովուրդները, անցած 15 տարիներին սկսել են ավելի վատ ապրել: Բոլորին զայրացնում է սա։ Մարդիկ տեսնում են, որ աղքատներն անընդհատ գալիս են, և կարծում են, թե իրենց խնդիրները գալիս են միգրանտներից, ոչ թե հանրային կյանքը վատ կազմակերպող կառույցներից: Աղքատների վրա զայրանալը հեշտ է»։

Ջովանի Դոցինիի նոր վեպը հրատարակվել է այս տարվա ապրիլին։ Այն կոչվում է «Ամերիկացի բանտարկյալը»։ Դեպքերը տեղի են ունենում Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հիմա գրողը մեկ այլ ստեղծագործության վրա է աշխատում, մանրամասները դեռ չի հայտնում, չի որոշել, մե՞ծ վեպ կլինի, թե՞ փոքր։ 

Կարդացեք նաև