Գիրքը լավագույն խորհրդատուներից է՝ առաջարկում է, բայց չի պարտադրում. Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը՝ Radio Sputnik Armenia-ին (տեսանյութ)

June 29, 2023

Radio Sputnik Armenia-ի Art Box հաղորդաշարը հյուրընկալել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանին։ Զրուցակիցները խոսել են Newmag Summer Fest 2023-ից, անդրադարձել գրքի փառատոններին ու հրատարակչական ոլորտի տենդենցներին:

Ըստ Արտակ Ալեքսանյանի, Newmag-ը հրատարակչական նախաձեռնություն է, առանց պետական ու մասնավոր աջակցությամբ և նպատակ ունի ներկայացնել նոր գրքեր, աշխուժացնել ընթերցանությունը երկրում. «Փառատոններին Newmag-ը ներկայացնում  կամ ներգրավում է ոչ միայն իր հեղինակներին ներկայացնելու համար, այլ օրինակ՝ թրեյնինգներ են անում մարդիկ, որոնք Newmag-ի հետ կապ չունեն»:

Արտակ Ալեքսանյանի բնորոշմամբ, Newmag-ի ամառային փառատոնը բովանդակության ներկայացում է՝ սկսած  մանուկների համար հեքիաթների ընթերցումից մինչև երիտասարդների համար թրեյնինգներ, երաժշտական կատարումներ ու գրքերի շնորհանդեսներ.

«Newmag-ի ամառային փառատոնն այն լավագույնն է, ինչ կարող ենք առաջարկել հայ ընթերցողին ու բովանդակություն փնտրողին: Փառատոնին գալիս են մարդիկ, որոնք ցանկանում են գործակցել հրատարակչության հետ, որը նաև հնարավորություն է ավելի անկաշկանդ ու ոչ պաշտոնական միջավայրում շփվել հեղինակների հետ, գալիս են գրքի գաղափարներով կամ գրքի պատրաստի սինոփսիսներով: Գալիս են իլյուստրատորներ, սրբագրիչներ, խմբագիրներ, մարդիկ, որոնք ունեն գրքի կամ բովանդակության առաջխաղացման որոշակի գաղափարներ, և ամենակարևորը՝ գալիս են ընթերցողներ, որոնք անմիջապես Newmag-ի աշխատակազմին են փոխանցում, թե որ գրքում ինչ սխալ ու վրիպակ են գտել կամ որ գիրքը հատկապես կուզենային թարգմանվեր: Փառատոնը նաև  շատ անմիջական, անկեղծ և չպարտադրող շփման միջոց է  մեր ընթերցողների հետ, որից  միշտ անում ենք հետևություններ: Օրինակ՝ մանկական մատենաշարի գաղափարը եղել է ընթերղոցներինը»:

Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվում, թարգմանվում ու հրատարակվում Newmag-ի գրքերը. «Մեկ սկզբունք կա, որ գոնե ինձ համար շատ կարևոր է՝ գիրքը պետք է լինի ակտուալ: Մենք տպագրում ենք գրքեր, որոնք պետք են ժամանակակից հայ ընթերցողին այսօր և հիմա: Newmag-ը հիմնականում տպագրում է ժամանակակիցներին, որովհետև  համարում է, որ ընթերցանությունը որպես ժամանցի և ինքնակրթության ժանր, բավականաչափ մեծ ջանքեր է պահանջում մարդկանցից, հաշվի առնելով, որ կան սոցիալական ցանցերը, կա ուշադրության կորը, որն արդեն 30 վայրկյանից ավելի պակաս է, մարդիկ չեն կարողանում ուղղակի կենտրոնանալ մեկ էջի վրա, դրա համար հատկապես կարևոր է մարդկանց տալ հենց այն գրականությունը, որի կարիքը նրանք ունեն: Այդ լույսի ներքո են ընտրվում գրքերը: Հիմա դա կլինի մեգահիթ, թե կլինի Ալան Բադյույի «Դարը» կամ մեկ այլ փիլիսոփայական ստեղծագործություն, ամեն ինչ կախված է նրանից, թե համարո՞ւմ ենք դա այսօր անհրաժեշտ հայ ընթերցողին, թե՞ ոչ»:

Արտակ Ալեքսանյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե որքանո՞վ են հայ սպառողները կանխատեսելի կամ համահունչ համաշխարհային թրենդներին. «Եթե մենք սպառում ենք վերջին մեգահիթերը՝ սկսած Հարի Փոթերից մինչև Ավատար, նույնը նաև գրքի շուկայում է, որովհետև մարդկանց կարիքները, ամբիցիաները, վախերը և նպատակները գրեթե նույնն են: Ու պատահական չէ, որ եթե Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» համաշխարհային բեսթսելլեր է 40 շուկաներում, ապա 99 տոկոս հավանականությամբ դա կաշխատի նաև Հայաստանում: Հետևեբար, թրենդները կանխատեսելի են շատ մեծ տոկոսանյությամբ, որովհետև մեր մշակութային հղումները, կարծրատիպերը, հավակնությունները և ճաշակը դարձել են գլոբալ: Դրան իհարկե, նպաստում են սոցիալական ցանցերը, և երբ դու ոչ միայն թարգմանում ես, այլև օգտագործում նույն շապիկը, դա օգնում է, որովհետև մարդը, որը Լոնդոնի, Փարիզի օդակայանում կամ Մոսկվայի գրախանութներում տեսնում է  Յուվալ Նոյ Հարարիի Sapiens-ը և տեսնում է նույն գիրքը հայերեն թարգմանած, հասկանում է, որ ինքն ընթերցանության համաշխարհային ալիքի վրա է»:

Ըստ Newmag-ի տնօրենի, գիրքը նախ և առաջ դարձել է մարդկանց կյանքը, կարիերան դասավորելու և նաև ժամանցն ապահովելու ամենաանվտանգ և ամենամատչելի միջոցը: Մարդիկ դիմում են գրքին, ցանկանում են օրինակ՝ հետաքրքիր երկու ժամ անցկացնել հեղինակների ու հերոսների հետ: Երկրորդը՝ մարդիկ ունեն անձնական ճգնաժամ, որից ուզում են դուրս գալ, և գիրքը լավագույն խորհրդատուներից մեկն է՝ առաջարկում է, բայց չի  պարտադրում:

Կարդացեք նաև