Րաֆֆի Նիզիբիլյան. Այսօր երկիրն առաջ տանողների մեծ մասը կանայք են

September 16, 2015

հռչակ և հեղինակություն
Յուրաքանչյուր ոք պետք է մտածի իր հեղինակության մասին: Հռչակավոր կամ ճանաչված լինելն այնքան կարևոր չէ, որքան լավ համբավ, անուն ու հեղինակություն ունենալը: Սա նշանակում է, որ պետք է լինել պարկեշտ, խոսքին տեր կանգնել և առհասարակ քայլ անելուց առաջ լավ մտածել: Մարդու հեղինակությունը բարձրացնելն ու ընդհանրապես պահպանելը կախված է նրանից, թե ինչ քայլ է նա անում կյանքում: Պետք չէ անել մի բան, որի համար հետո պիտի զղջաս ու հասկանաս, որ կորցրել ես տարիների ընացքում մեծ դժվարությամբ ձեռք բերած անունը:
հաճոյախոսություն կանանց
Հաճոյախոսությունը չպետք է շռայլել: Ասենք` պարտադիր մի կոմպլիմենտ անել, երբ կինը, օրինակ, սուրճ է հյուրասիրում. չէ՛, դա սխալ է, քանի որ կեղծ է ու արհեստական: Ես կանանց հաճոյախոսություն եմ անում շատ, բայց տեղին: Օրինակ` երբ կինը սովորականից ավելի գեղեցիկ է դրսևորել իրեն այդ պահին, խիզախ գործ է արել, խելացի միտք է արտահայտել: Իսկ ես գնահատում եմ դա և չեմ կարող գեղեցիկ խոսքեր չշռայլել: Այսօր երկիրն առաջ տանողների մեծ մասը կանայք են: Կինն ուզում է լավ գործ, լավ միջավայր և ձգտում է հասնել իր նպատակին:
երբ պետք է լռել
Պետք է սովորել լռել ու հատկապես ճիշտ ժամանակին: Լռել, երբ քեզ հարց չեն ուղղում, չեն հարցնում կարծիքդ: Երբ խոսողները շատ են, պետք է լռել, որովհետև քո խոսքին ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Ինձ համար նաև շատ կարևոր է լռել այն ժամանակ, երբ ասելիք չունես: Երբեմն լռությունն ավելի խոսուն է, քան դատարկ խոսքերն ու մտքերը:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



սեր
Սիրելն ու սիրելու արվեստին տիրապետելը շատ կարևոր է: Ատում ենք այն, ինչը չենք հասկանում, չենք ճանաչում, անգամ այն մարդկանց, որոնք թեկուզ մեկ աստիճան բարձր են, ավելի լավ գործ ունեն, հեղինակություն: Ատում ենք մեզ ատողներին: Մինչդեռ պետք է ճիշտ հակառակն անել` սիրել: Անհրաժեշտ է վերանայել ամեն ինչ, որպեսզի կարողանանք սիրել, հանդուրժող լինել: Պետք է կարողանանք մարդու, գործի, ընկերոջ մեջ տեսնել այն առավելությունն ու լուսավորը, հանուն որի պետք է սիրել: Սերը միայն կնոջ ու տղամարդու միջև եղած երևույթը չէ: Չնայած այդ հարաբերություններում էլ շատ հաճախ սեր չկա: Մենք դարձել ենք առավել անհանդուրժող. օրինակ՝ այդ պատճառով էլ ավելացել են ամուսնալուծությունները: Իսկ իսկական սիրո դեպքում պետք է կարողանալ ներել: Երբ հասկացար, որ ներել կարող ես, ուրեմն իսկապես սիրում ես: Չէ՞ որ ատելը հեշտ է, սիրելն է դժվար: