«Տրտմության Ֆիզիկան» գրքի առանցքային հարցը՝ ինչու է Բուլղարիան աշխարհի ամենատխուր երկիրը, բուլղարացիները՝ ամենաթախծոտ ազգը (տեսանյութ)

August 15, 2022

«Տրտմության Ֆիզիկան» գրքի գլխավոր թեման կարեկցանքն է՝ ավելի կոնկրետ, կարեկցանքի բացակայությունը ժամանակակից աշխարհում։ Վեպը միայն անխինդ ու անուրախ կյանքի մասին չէ՝ այն նաև զվարճալի վեպ է՝ ինքնածաղր, զվարճալի դրվագներով։ Իր այս գործում հեղինակը՝ Գեորգի Գոսպոդինովը , փորձել է վերլուծել, հասկանալ բուլղարական տրտմության ակունքը, անցյալն ու ներկան, առասպելն ու իսկությունը։

Գոսպոդինովը Բուլղարիայում արդեն հայտնի գրող էր, երբ լույս տեսավ «Տրտմության Ֆիզիկան» գիրքը, որի գաղափարն առաջացել էր «Էկոնոմիստ» ամսագրում հրապարակված մի հոդվածից։ Հարցումները ցույց էին տվել, որ Բուլղարիան աշխարհի ամենատխուր երկիրն է, բուլղարացիները՝ամենաթախծոտ ազգը։ Գոսպոդինովը փորձում էր պարզել` ինչու են Բուլղարացիներն ամենատխուրը. «Ես ինքս ինձ հարց տվեցի, ինչո՞ւ ենք մենք մեզ համարում ամենատխուր ազգն աշխարհում եւ ապրում ենք ամենատխուր վայրում։ Երբ ես սկսեցի գրել իմ վեպը, հասկացա, որ իրականում երկրագունդն է դարձել աշխարհի ամենատխուր տեղը տիեզերքում»։

Ի սկզբանե Գոսպոդինովը մտադրի էր գրել միայն բուլղարացիների տրտմության մասին, որովհետեւ համարում էր, որ այն առանձնահատուկ երեւույթ է՝ հատուկ միայն բուլղարացիներին, սակայն ավելի ուշ պարզվեց, որ թախիծն ավելի ընդգրկուն է դարձել. «Իմ վեպում կա մի գլուխ՝ տխրությունը կարող է միգրացիայի ենթարկվել։  Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներ ունենում են այդ ապրումը։ Վիշտը քարավանի պես երկրի մի ծայրից անցնում է մյուս ծայր»։

                                              

Այնուամենայնիվ, Գոսպոդինովը փորձել է վերլուծել,  հասկանալ բուլղարական տրտմության ակունքը։ Ըստ նրա՝ կայսերական ազգերը տխրում են իրենց երբեմնի հզորությունները, տարածքները կորցնելու, պատմական սխալներ գործելու համար։ Մինչդեռ Բուլղարիան երբեք կայսրություն չի եղել. ուրեմն ինչո՞ւ են տխուր Բուլղարացիները. «Իմ վեպը տխրության ինքնատիպ կատալոգ է։ Պարզվեց բուլղարացիները տխրում են այն բաների համար, որոնք չեն պատահել իրենց հետ։ Մյուսները կարոտում են իրենց հզոր անցյալը, բայց բուլղարացիները տխրում են, որ չեն ունեցել ոչինչ, որն արժանի կլիներ կարոտի»։

Գոսպոդինովը վեպում մի ամբողջ գլուխ նվիրել է Մինոտավրոսի դատավարությանը։ Նա պատկերացրել է, թե ինչպես կանցներ այդ դատավարությունը, ինչ մեղադրական եզրակացություն կկարդար դատավորը, ինչ կասեր մեղադրյալը, ինչպես նրան կպաշտպաներ փաստաբանը։  Չնայած մարդամարմին ու ցլագլուխ հրեշն առասպելում ոչ մի բառ չի արտաբերել. «Կարող եք մինոտավրոսի մեջ տեսնելերեխային, որին լքել են։ Ոչ թե պարզապես հրեշ է նա, ինչպես առասպելում է։ նա փոքր երեխա է, որին լքել են ծնողները, թողել լաբիրինթոսում։

Ժամանակաշրջանից ժամանակաշրջան թռչելով, իրարամերժ տեսակետներ համադրելով ու հակադրելով՝  հեղինակը բացահայտում է արևելաեվրոպացիների մտածելակերպը,  2-րդ աշխարհամարտի հետևանքներն ու կոմունիստական Բուլղարիայի տաղտուկը։

Կարդացեք նաև