Եվրոպական բեսթսելլերներից մինչև լատվիական փայլուն դեբյուտային վեպ՝ 2022-ին Newmag-ը ներկայացրեց գեղարվեստական 11 գիրք
«Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հրատարակչական մրցույթն անցկացվում է ավելի քան 10 տարի և Newmag-ը հայկական առաջին հրատարակչությունն է, որ հաղթել է համաեվրոպական այս մրցույթում ու դրա շրջանակում ներկայացնելու ենք եվրոպական 6 ժամանակակից բեսթսելլեր հայերեն: Չորս գ
Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ է թարգմանվել և հրատարակվել Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» վեպը: Իսպաներենի ու գրականության մասնագետ Ֆերնանդո Արամբուրուն համաշխարհային հռչակ ձեռք է բերել վերջին տարիներին միայն ու հենց այս գրքի շնորհիվ, որը նրա 10-րդ ստեղծագործությունն է: «Հայրենիքը» պատմում է երկու բասկ ընտանիքի մասին, որոնց ընկերությունը խաթարում է մեկ կրակոց։ Հեղինակը հակամարտության որևէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։ Նա ի ցույց է դնում մարդկանց ողբերգությունն ու դա հաղթահարելու ճանապարհը։
Եվրոպական մյուս գործը «Մարող լույսի ժամանակներում» գիրքն էր: Այստեղ արդեն ընթերցողի առաջ Գերմանիայի գլխավոր գրական մրցանակին արժանացած Օյգեն Ռուբեն բացում է խորհրդային դարաշրջանն ու ցույց տալիս սոցիալիզմի ճգնաժամը։ Արևելքը և Արևմուտքը գրեթե կես դար բաժանած Բեռլինի պատի փլուզումը թվում էր՝ պետք է միավորի պարսպի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն տեղափոխվել էին մարդկանց ներս՝ ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների, հակամարտ գաղափարախոսությունների, սերունդների հակասությունների պայմաններում և ի վերջո, ինչպե՞ս մեռնել արժանապատվորեն:
Եվրոպական մյուս բեսթսելլերը բուլղարական է՝ Նոբելյան մրցանակի հավակնորդ ու բուլղարացի ժամանակակից ամենահայտնի գրող Գեորգի Գոսպոդինովի «Տրտմության ֆիզիկա» վեպը: Գիրքը Բուլղարիայում կայծակնային արագությամբ դարձավ բեսթսելլեր, արժանացավ հնարավոր բոլոր գրական մրցանակներին: Գոսպոդինովը փորձել է վերլուծել ու հասկանալ բուլղարական տրտմության ակունքը: Գիրքը միայն անխինդ ու անուրախ կյանքի մասին չէ՝ այն նաև զվարճալի դրվագներով լի վեպ է։ Հեղինակը բացահայտում է արևելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետևանքներն ու կոմունիստական Բուլղարիայի տաղտուկը։
2022-ին «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակում Newmag-ը հայերեն թարգմանեց ու հրատարակեց շվեդ ժամանակակից գրող Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» գիրքը: Վեպը 42 շաբաթ չի իջել New York Times-ի բեսթսելլերների ցանկից։ Ամբողջ աշխարհում վաճառվել է 3 միլիոն օրինակ, թարգմանվել է 40 լեզվով՝ արաբերենից մինչև ճապոներեն ու վերջապես՝ հայերեն: Այն շվեդ մի թոշակառուի մասին, անունը՝ Ուվե: Կնոջ մահից հետո ապրում է միայնակ, իր տանը՝ գրեթե ամեն ինչից ու բոլորից դժգոհ։ BookBrowse.com-ը գրքի մասին գրել է կարճ ու դիպուկ՝ «Դառը և քաղցր, սև հումորով համեմված քնքուշ պատմություն, որը գրեթե բոլորին կստիպի արտասվել»:
2022-ին Newmag-ը, ավարտելով Շառլ Ազնավուրի արձակ գործերի հրատարակությունը, անցավ պոեզիային: Շանսոնյեի ծննդյան 98-ամյակի առթիվ ընթերցողներին ներկայացրեցինք նրա պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին գիրքը: Newmag-ի խմբագրակազմը ի մի է բերել 1940-2010 թթ. գրած 500 երգերը և մինչը 2024 թվականը՝ Ազնավուրի 100-ամյակը, պատրաստ կլինի բոլոր 4 մասերը: Ազնավուրի մեղեդիները միշտ հուզել են, հետաքրքրել ու զարմացրել` կառուցվածքով, մտքով ու հույզերով: Գործերից շատերը հայտնի են, բայց մեծ մասին Ազնավուրի հայ երկրպագուները կծանոթանա առաջին անգամ:
«Նոր երկիր» գրքում ներկայացված է 113 ստեղծագործություն, իսկ «Սեր և պատերազմ» ժողովածուում՝ 118 երգ: Հայերենի կողքին տեղադրել ենք ֆրանսերեն բնագիրը: Ազնավուրի պոեզիայում փակ թեմաներ չկան. նա գրել է կրքի, սիրո, դավաճանության, բաժանման, ինքնասպանության, խաբեության ու խաղամոլության մասին: Յուրաքաչյուր գործի հետ ընթերցողը կհամոզվի` Ազնավուրն ինչ փխրուն սիրտ ունի: Պոեզիայի 4 ժողովածուն ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը, խմբագրել՝ Հասմիկ Առաքելյանը:
Գիրք, որը զրույց է գինու, զգացմունքների, զգայարանների հետ ու դրանց մասին: Գրող, ճանապարհորդ Վահան Զանոյեանը 3 տարի առաջ գրեց «Անապակ առեղծված» գիրքն անգլերեն: Newmag-ի հետ գործակցության արդյունքում թրիլլերը հրատարակվեց նաև հայերեն: Սա խորհրդավոր պատմություն է, որը հյուսվում է բիզնես խարդավանքների ու գինու փիլիսոփայության շուրջ: Առեղծվածային գործը հարուստ է նաև պատմագիտական հետազոտություններով ու հնագիտական աղբյուրների վերաբերյալ տեղեկություններով: Գրքի շնորհանդեսի առթիվ ամերիկաբնակ գրողը ժամանել էր հայրենիք:
2022-ին Լատվիական ժամանակակից գրականության գլխավոր դեմքը Հայաստանում էր՝ մասնակցելու գրքի շնորհանդեսին և գրքարշավին: Ի դեպ, շնորհանդեսից հետո նա մի քանի ամսով տեղափոխվեց Գյումրի՝ նոր վեպը գրելու համար: Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» վեպը հեքիաթ է սիրո մասին։ Գրքի առանցքում փոքրիկ մարդն է՝ իր մեծ ու անլուծելի թվացող հոգեբանական խնդիրներով, կպչուն մտքերով: Հերոսը՝ Օսկարը, իրական կերպար է՝ ապրում է Լատվիայում, գրքի լույսընծայումից հետո դարձավ հայտնի անուն: Պիեսների բեմադրիչ և դերասան Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» գիրքը մեկ տարվա ընթացքում վերահրատարակվել է 5 անգամ, արժանացել մրցանակների ու դարձավ ժամանակակից ամենաընթերցվող գրքերից:
2022-ին ևս Newmag-ը հայերեն հրատարակեց Նարինե Աբգարյանի գրքերից: Առաջին անգամ հայերեն է թարգմանվեց նրա «Դրսեկը»: Անհավանական խենթ 1990-ականները, մոսկովյան տիպիկ ռիթմն ու իրարամերժ զգացողությունների մասին Աբգարյանը ներկայացրել է հենց իր՝ նորեկ-դրսեկի օրինակը: Երիտասարդ, գեղեցիկ, հմայիչ աղջիկն ու հսկայական և հակասական Մոսկվան՝ հենց այս ամենն էլ գրի է առնում ու գրքի վերածում՝ լի հեգնանքով ու հումորով: Ինքնատիպ ոճով գրված պատմությունը 18+ է՝ գործին Աբգարյանը համեմել է ինքնահեգնանք, թեթև գրելաոճ և հումորի հիանալի չափաբաժին: «Դրսեկը» միանգամից աղմուկ է բարձրացնում ռուսական գրաշուկայում, որից հետո էլ արդեն գրողը դառնում է հանրահայտ:
Սակայն Նարինե Աբգարյանի ամենահայտնի գործը մինչև այսօր էլ համարվում է «Մանյունյան», որի 2-րդ գիրքը ներկայացրեցինք 2022-ին: " target="_blank">«Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» հրատարակվել է «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում: Աբգարյանի հերոսները՝ Նարինեն ու Մանյունյան, այստեղ արդեն մեծ ու հասուն աղջիկներ են, ովքեր առաջին անգամ ներկայացում, համերգ, խմբակ, պիոներական ճամբար են գնում, արդեն խոսում են զգացմունքներից, բայց ամենակարևորը՝ չեն դադարում չարաճճիությունները, խենթությունները: Ավելին՝ զվարճանքներին ավելանում են նաև Նարինեի քույր Գայանեի արկածները։ Աղջնակների առօրյան, նրանց մանկության ոչ մի րոպեն առանց խենթության չի անցնում:
Եվ գեղարվեստական գործերը եզրափակում ենք այս տարվա ամենասպասված գրքերից մեկով։ Սյունե Սևադան ընթերցողին ներկայացրեց իր երկրորդ գիրքը և առաջին վեպը՝ «Աղի թեյը»։ Սա պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ուփրկվել ի հեճուկս դժվարությունների: Երիտասարդ հանրահայտ դաշնակահարի մահից հետո հայաստանյան ամենամեծ հրատարակչության տնօրենը որոշում է նրա մասին կենսագրական գիրք հրատարակել: Գրքի ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը: «Աղի թեյը» դարձավ բեսթսելլեր և աիսներ անց արդեն այն վերահրատարակյվեց։