Մայիսի 28. Սարդարի արտում, անդունդի եզրին

May 28, 2016

Երևանի փողոցներում 98 տարի առաջ բառացիորեն ամեն օր պատմական, ճակատագրական իրադարձություններ էին տեղի ունենում: Բացի անհավանական փորձություններից` պատերազմներից, սովից ու համաճարակից, կար նաև մեկ այլ ծանր խնդիր: Պետական ընկալում ունեին շատ քչերը: Ֆիդայական ու պետական մտածողությունների բախումն ավելանում էր առանց այդ էլ ծայրահեղ իրադրությանը: Առաջին վարչապետ Քաջազնունին ասում էր. «Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում»:

Հենման կետ չկար: 1918-ը հայկական նոր իրականության առաջին թվականն էր:

Ընկերականից գործնական, դաշտայինից զորանոցային, կամավորից կանոնավոր հարաբերությունների փոփոխությունները ծանր էին, բայց պետք էր արագ հարմարվել նոր ժամանակներին:
Առաջին կառավարության շենքն այսօրվա կառավարությունից մի քանի մետր է հեռու: Արամ Մանուկյանը հենց այդ շենքի պատշգամբից հավաքված ժողովրդին հայտարարեց, որ Հայաստանը անկախ պետություն է: Ստեղծվեց նոր, աննախադեպ իրավիճակ: Ազգային ինքնաբուխ պայքարը ուղղորդվեց դեպի պետական կազմակերպված կառավարում: Թե Արևմտյան, թե Արևելյան Հայաստանում ունեինք պետական մտածողությամբ այրեր, որովհետև երկու տարում Հայաստանը հասավ այնպիսի ձեռքբերումների, որ հիմա ֆանտաստիկ են թվում:
Պատմական ծայրահեղ լարված շրջանը առանձնանում էր վառ դեմքերով: Երկրի ղեկավարները չքավոր էին, վարչապետ Քաջազնունու տանը նույնիսկ շաքար չկար: Նույն վիճակում էր Արամ Մանուկյանը:
Հայաստանի ամենահեղինակավոր գործչի կյանքը խլեց տիֆը: Չպատվաստվեց գիտակցաբար: Ամաչում էր բուժման կարիք ունեցող երեխաներից, որոնք մահանում էին ամեն օր:

Հայաստանը հավանաբար գոյություն չէր ունենա, եթե չլիներ Սարդարապատը: Հայաստանը աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական... բանականության բոլոր կանոններով դատապարտված էր:
Ռազմաճակատը Երևանին շատ մոտ էր, բայց դա դժբախտության մի մասն էր միայն: Այդ պահին ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր գաղթականներ մահանում էին Երևանի փողոցներում: Ով առողջ էր, ոտքի վրա էր, գործում էր մյուսների փոխարեն, անում էր ինչ կարողանում էր` անկախ մասնագիտությունից:
Անորոշությունն ամենուր էր: «Ի՞նչ է Հայաստանը» հարցն օդում էր կախված: Հայաստան երկիրը Հայաստան պետության վերածելու առաջին քայլերը բախվում էին անլուծելի խնդիրների: Սահմանների մասին խոսելն անիրական էր, փրկում էին, ինչ մնացել էր` ծրագրելով կառուցել երկրին համահունչ պետություն: Բայց առաջնահերթ խնդիրը կոտորածները կանգնեցնելն էր, առնվազն Արևելյան Հայաստանում:
Հայաստանը Նոր պետությունների ծննդյան դարաշրջան մուտք գործեց միայն մարդկային, այն էլ քանակապես անբավարար ռեսուրսով, բնակչության ոչնչացման վտանգի տակ: Ինչ ստեղծում էին` առաջին անգամ էր, թվում էր ցնցող, անսովոր, չափից դուրս նոր:

Դրոշ, Զինանշան, Օրհներգ: Կառավարություն, Խորհրդարան, Դատարան: Ստեղծվեց Մամուլ: Հայաստանում գործում էր մինչև 60 անուն պարբերական: Հայաստանն առաջին անգամ ունեցավ Պետական Համալսարան: Երկուսուկես տարվա ընթացքում առանց պետական հիմքի կառուցվեց պետություն:
Հայաստանը խորհրդայնացավ, ամեն ինչ փոխվեց: Բայց նոր, սովետական երկիրը կառուցվեց ոչ այնքան հնի փոխարեն, որքան նախորդի վրա, Խորհրդային Հայաստանը պետական հիմնական հարաբերությունների իմաստով ունեցավ այն, ինչ չկար 18-ին. Հենման կետ:
Առաջին հանրապետությունը հոգեբանական ցնցում էր, թռիչք` միջնադարից նոր դարաշրջան: Ցեղասպանության ամենածանր տարիներին անկախ պետության իրողությունը դժվար էր ընկալվում:
Փրկության ուղին` հույսը դնել միմիայն սեփական ուժերի վրա: Գլխավոր դասը` պառակտման ցանկացած դրսևորում կործանում է բոլորին:

Բոլշևիկ, թե դաշնակցական, լիբերալ, թե պահպանողական, հայաստանցի, թե ամերիկահայ խառնարանում որոշիչ է միայն հայ լինելը: Ներքին պառակտումների ու նույնիսկ բանակցային սեղանին հակասական պահանջներ ներկայացնելու վախը այսօր ստեղծել է այլ իրողություն: Համահայկական առաջնահերթ հարցերում միասնության մերօրյա դրսևորմանը հայությունը հասել է նաև Առաջին հանրապետության ստեղծման, ինքնահաստատման ու կործանման դառը փորձի միջոցով: