[Զինվորի օրագիր – 9 ] Կինոյի տղեն, Եղիշե Չարենցն ու էրոտիկ պոեզիան

March 17, 2017

Բանակում քչերն են այդ քայլին գնում, դժվար է հեռվից հեռու ծրագրել, գրաֆիկ կազմել, կոորդինացնել արարողակարգը, որ ամեն ինչ պատշաճ անցնի: Մանավանդ, երբ ռազմականի հետքն ամենից շատ նկատելի էր գլխիս, կարճ մազերով, սևացած դեմքով: Այդուհանդերձ գրեթե ամեն ինչ պատրաստ էր…

Հարսանիք էի գնում: Իմ հարսանիքին


Մինչև մեկնելս շատերին սա կատակ էր թվում: Հումորն ավելի էին գունավորում, ծաղկացնում: Այդպես է: Բանակում յուրաքանչյուր բառ, զրույց, հրահանգ և նույնիսկ ցավակցական գրկախառնությունն է երբեմն անեկդոտի վերածվում:
- Ասա, մենք էլ գալու ենք կորտեժիդ աղվեսը լինենք:
- Ֆորմի տակից գալստուկ ես կապելու էլի:
- Չխմես, ռազմականը, որ բռնեց, էլի տանելու է:
Մոտավորապես այսքանը: Մյուսները, մյուսներին չեմ հիշում, գուցե այնքան էլ ծիծաղելի չէին: Քաղաք էի գալիս շունչ քաշելու, վաստակած հանգիստը վայելելու, մինչդեռ հակառակը ստացվեց: Հարսանքից երկու օր առաջ սկսվեցին վազվզոցները, վերջին շտրիխները` հարսի շոր, տորթ, ծաղիկներ: Մի խոսքով: Սա այլ օպերա է:
Խմեցինք, պարեցինք, ուրախացանք: Մեղրամիսը իրականում մեղրօրեր էին, որ անցկացրինք Երևանից դուրս, բայց երկրում. ժամկետայինին արգելվում է հատել սահմանը, իրականում` միտք էլ չկար, այդ շրջանում` հնարավորություն էլ: 15 օրում կարևոր էր սիրելիներիս տեսնելը, ծրագիրս վերջնակետին հասցնելը, համազգեստս պահարանում խնամքով ու թարմ պահելը: 10 օր չսափրվեցի` դեմքս հանգստացավ: Թաղում դրան բուրժուական վայելքներ են անվանում: Վայելեցի, սելֆի արեցի, կինս պահում է:
Բանակն էլ, համազգեստն էլ կարոտեցի վերջին օրը` ստիպված ու արդեն հանգիստ խղճով: Կինս` ճամպրուկս պատրաստեց, մի քանի տարոսիկ խցկեց կապոցի մեջ, հարսանիքի նվեր-օծանելիքը ցանեց, ճակատս համբուրեց, բարի ծառայություն մաղթեց: Չէ, ճակատս չէ:
Ամուսնական վկայականը տանն էր, նվերներս, առաջին հերթին նաև մատանին: Բանակում արգելվում է զարդ կրել, թույլ են տալիս միայն փայտե վզնոց ունենալ, խաչով: Խորհրդանշական է, հատկապես մարտական դիրք բարձրացողների համար: Մյուսների զարդը` կրծքանշանն էր կամ լավագույն դեպքում ժամացույցը, որ շատ ցանկալի է: Օգնում է, որ ժամանակին հասցնես պարտականություններդ անել, սահմանված ժամերին վերադասին, հերթափոխին կամ ճաշարան ներկայանալ:


[Զինվորի օրագիր]



Զարդեր կրելու արգելքը պարզապես կանոն չէ, այն նաև անվտանգ է: Եղել են դեպքեր, երբ ժամկետայինները զինտեխնիկան նորոգելիս, բեռնատարը բարձրանալիս կամ մարտական առաջադրանք կատարելիս վնասել են մատը, ձեռքը` հենց մատանու և վզնոցի հետևանքով: Այն մնում է ինչ-որ բանի արանքում ու վերջ` արթնանում ես հոսպիտալում:
Շենքի մուտքի առաջ ընկերներս էին և տաքսին, որ պետք է տեղ հասցներ: Կարճահասակ պապիկ էր` տարիների փորձն ուսերին առած, ծխելուց ժանգոտած բեղ-մորուքով: Մինչև տեղ հասանք ամեն ինչ գիտեի իր ընտանիքի` վթարից տուժած որդու, Ֆրանսիայում ապրող դստեր, կնոջ դիետայի, թոռների պահանջած կինդեռների, հարևանի շան մասին: Լռեցի` բազմանշանակ ժպտալով, գլխով տալով, պատուհանին նայելով:  Խորհրդավոր ծերունին խոսեց, պատմեց, կիսվեց, անդրադարձավ քաղաքականությանը, վերադարձավ կոմունալներին, սահուն անցավ Ռուստաստանից ստացած հրավերներին ու վերջում զրույցը փակեց մեկ շիշ գարեջուրը գլուխը քաշելով:
Տեղ հասանք կեսօրին, նա հոգնած, ես շատ թարմ տեսքով` մոռանալով ուղեկցիս, նրա բազմերանգ մենախոսությունը: Դարպասների մոտ սպասում էին, միասին գնացինք զորանոց: Զրուցեցինք կես ժամ, ծիծաղեցինք ավելի երկար: Կարող էի և պատրաստ էի պատմել մինչև լուսաբաց, մինչև այդ կարևոր պրոտոկոլն էր սպասում: Մոտեցա շարային մասին: Այստեղ են գալիս ծառայության առաջին ու վերջին օրը, այստեղից են ուղեգիր ստանում և արձակման թերթիկ` մեկ բառով սա զորամասի արխիվն է:
Թղթերս ներկայացրի, ներկայությամբ վստահեցրի` ժամանակին եմ վերադարձել: Շարժվեցի հրամանատարի սենյակ: Միջանցքում ինձ համար տեքստ էի հորինել, բացում գրել, փակումը մտածել:
- Թույլ կտաք, պարոն գնդապետ:

Ամբողջ սցենարից միայն այս բառերը կարողացա ճշգրիտ արտասանել: Մյուս մասը մոռացա, կարմրեցի, լեզուս կապ ընկավ: Զորամասի առաջին դեմքն օգնության հասավ: Տեսավ, ոտքի կանգնեց, ողջունեց, ձեռքը պարզեց, շնորհավորեց: Անմոռանալի ակնթարթ էր: Հրամանատարը, որ հայրենասեր մարդ էր, ոչ միայն հագուկապով, սենյակի ինտերիերով ու եռագույնով, նաև զրույցով: Նստեցրեց, կարծես իր 100 տարվա ընկերն էի, բարեկամը: Խոսեց իր ամուսնական կյանքի, պատերազմի, պսակադրության խորհրդի մասին, վերջում` հրամայեց. որդիներ կունենաս, զինվորներ:
Հրամանատարից հետո արդեն զինվորների հերթն էր. Սպասում էին մանրամասներին. 3 ժամ պատմեցի հարսանեկան քեֆի ու հանգստի մասին, իրենք էլ երկու բառով ամփոփեցին զորամասի 2 շաբաթը: Ինֆոչեյնջն ընդհատվեց, երբ վերկացին րոպեներ էին մնացել:
10 ամիս: Մնացել է հենց այսքան: Կարևորը` ծառայությունը կիսվել է, հները չկան, նորերը եկել են: Մեզ հետ է նաև կինոյի տղան: «Կյանք ու կռիվ» ֆիլմի հայտնի երիտասարդն արդեն մեր կողքին է, ֆիլմի պրեմիերայի օրերն են, սեպտեմբերը: Այդ մասին ու ամբողջ կինեմատոգաֆից արդեն շարքային Սամվել Թադևոսյանի  հետ երկար զրուցեցինք:
Ֆիլմի պրեմիերային ներկա չէինք, չդիտեցինք երկար ժամանակ` մինչև հեռուստապրեմիերան, բայց արձագանքները լսեցինք, Սամոյին շնորհավորեցինք, հպարտացանք` անկախության տոնին հաջորդող օրերին: Հետաքրքիր տղա է, հասուն մտածողությամբ ու ծանրակշիռ դատողությամբ: Պատմեց ուսանողական օրերի, թատերականում սովորելու և ինստիտուտից դուրս մնալու մասին: Պատճառը ծիծաղելի էր` նրան հեռացրել էին բացակայությունների համար` մինչդեռ չէր ներկայացել դասերին` ֆիլմի նկարահանումներին մասնակցելու պատճառով:
Զորամասի կազմը փոխվել էր, փոխվում էր: Մնում էր ջերմությունը և դրայվը: Բոլորի պահարաններում գրքեր կային, իրար փոխանցելով կարդում էինք: Կարդալու սեր ունեցար, ծառայությունդ կօգնի ինքնակրթվել: Ժամանակ միշտ էլ կգտնես: Ծխարաններում քիչ անցկացնելու դեպքում գրագիտությունդ կավելացնես, նույնիսկ մասնագիտություն կսովորես` ծառայության ընթացքում` իհարկե տեսական մակարդակում:
Ավազակի դուստր Ռոնին: Հիմա Աստրիդ Լինդգրենի այս վիպակն եմ կարդում` փիլիսոփայական չէ, գեղարվեստական է: Բանակային կրկնվող, զինվորական ու դասագրքային բառապաշարը պետք է և հնարավոր է նաև այդպես լրացնել: Թաբլեթներից չես կարող օգտվել, հեռախոսներ չկան, համերգներն ու մեզ այցելող թատերախմբերն աղքատիկ են, պարզունակ, առանց էներգիա ծախսելու: Լավագույն տարբերակը գիրքն է:


[ Զինվորի օրագիր ]



Պահարանում նաև newmag ունեմ: Կարդում եմ: Լրատվական չէ, բայց օգտակար է, անհրաժեշտ, հատկապես ինձ համար: Լրագրողի համար նորաձև գրելը պարտադիր է: Կայքից օգտվելու հնարավորություն չի լինում, ամսագիրն ուղարկում են նախկին գործընկերներս: Լուրեր գրել, շարադրել, ստեղծագործել կարող են բոլորը, մինչդեռ լրագրողի համար, այն էլ բանակում պետք է միշտ աշխատել, որ չմոռանաս ձեռագիրդ, ռիթմի մեջ լինես, գոնե անընդհատ շփվես մասնագիտությանդ հետ: Կարդում եմ, նույնիսկ մի քանի անգամ:
Բանակում երկու անգամ եմ նամակ գրել: Առաջինը` ծառայության մեկ քառորդին, պարզապես ավանդույթը պահելու և հարազատներիս տված խոստումս կատարելու համար: 21-րդ դարում նամակագրությունն այնքան էլ մոդայիկ չէ, գուցե նաև ավելորդ է, կապը կա, պարբերաբար հեռախոսազրույցը նույնպես: Փոստով ուղարկելը պարզապես ռոմանտիկ է: Պատկերացնում էի ինչքան կուրախանար մայրս, Հռիփսիմեն, ուսուցիչս: Այդպես էլ եղավ: Նամակն ուղարկեցի, մեկ շաբաթ անց զանգեցի, երեքն էլ առաջինն այդ մասին խոսեցին, հուզվեցին, հուզվեցի:  Երկրորդն այսօր եմ գրում` քրոջս որդուն: Չեմ ուղարկի, զարմիկիս նվիրված թղթի կտորը կպահեմ ինձ մոտ: Արշակը շուտով կտոնի 5-ամյակը…նրա մասին երկար խոսել չեմ կարող, կգրեմ, կպահեմ, կհրապարակեմ, գուցե մի օր…
- Թթվել է ծառայությունը:
Եղիշի սիրած բառերն են: Շատերի մոտ է այսպես, չեն համակերպվում, չեն սիրում ծառայությունը: Գնահատում են հայրենիքը, սահմանը, բայց ծառայել չեն սիրում, գերադասում են փող վաստակել: Վերջին մեկ տարվա իմ մտերիմ ընկերն է, գրեթե հասակակից ենք: Գրականությանը մոտ չէ, սակայն ծնողները մանկավարժներ են: Որդուն էլ Չարենցի պատվին են կոչել` ազգանունը կար, անունն էլ բռնեցրել են` Եղիշե Սողոմոնյան: Այս մասին պատմեց օրեր առաջ` Չարենցի տարեդարձին` մարտի 13-ին: Դասականի ծնունդը նշեցինք` բանաստեղծի կենացն էլ խմեցինք, մեր զինվորին` միացրինք ճառերին: Գինովցած րոպեներին պակասում էր Չարենցյան պոեզիան: Կիսատ պռատ արտասանեցինք: Շարունակությունն ավանդույթի պես «пошлый» է: Բանակում այդպես է, համատարած տղաների ընդգծված կարմիր թելը` սեքսն է: Չարենցի էրոտիկ գրականությունը լսեցին բոլորը, ժպտացին քչերը, ծիծաղեցին փոքրերը:

Նստիր նիզակիս վրա,


Նիզակս թող քեզ խոցի,                                                                                                                      


Նիզակս թող հուրհուրա                                                                                                                 


Բայց չդիպչի ****։                                                                                                                             


Թող նիզակս քեզ խոցե                                                                                                                


Քո մանկական մուտքից,


Թող անհագուրդ սղոցե,                                                                                                           


 Վար էլ չնկնի մտքից։


Նստիր նիզակիս վրա,                                                                                                                            


Նիզակս թող քեզ խոցի,                                                                                                                  


Եվ թամբդ թող հուրհուրա,                                                                                                         


 Բայց չվառվի ****։