[Ենթագիտակցություն] Մեզնից կարևոր մարդկանց հետ խոսելիս մենք բարձրացնում ենք մեր ձայնի տոնը

July 3, 2017

Պատկերացրեք՝ գնում եք աշխատանքի ընդունման հարցազրույցի, և գործատուն, որը նստած է ձեր դիմաց, վախ է ներշնչում: Նա մեծ է, համարձակ, բամբ ձայն ու  ներկայանալի տեսք ունի: Ի՞նչպես է սա ազդում ձեր ինքնավստահության, պահվածքի և խոսելաձևի վրա:  


Վերջերս մեր կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ մարդիկ սովորաբար ավելի բարձր տոնով են խոսում հարցազրույց վարողների հետ, քանի որ դիմացինի սոցիալական դիրքը թվում է ավելի բարձր:


Միևնույն ժամանակ, մենք հայտնաբերել ենք, որ մարդիկ, որոնք կարծում են, թե իրենք իշխող դիրքում են, ավելի ցածր տոնով են շփվում սոցիալական ավելի բարձր դիրք ունեցողներ հետ: Մյուս կողմից, մարդիկ, որոնք իրենց համարում են  կարևոր, ոչ բարձրացնում, ոչ էլ իջեցնում են իրենց տոնը:


Այստեղ կա երկու զգացում՝ դոմինանտությունն ու առավելությունը, որոնց միջոցով մարդիկ ձեռք են բերում սոցիալական ավելի բարձր դիրք: Դոմինանտությունը նշանակում է իշխանության ձեռք բերում ուժով և ստիպողաբար (օրինակ՝ բակի չար երեխան), մինչդեռ առավելության զգացումը ավելի ազատ ճանապարհով ձեռք բերած իշխանությունն է՝ հիմնված մարդու հմտությունների և ձեռքբերումների վրա (ինչպես դպրոցի ամենահեղինակավոր ուսուցիչը):


Մարդիկ բարձր տոնով են խոսում իրենցից բարձր սոցիալական դիրք ունեցողների հետ, քանի որ ցածր տոնը հնչում է դոմինանտ, հատկապես տղամարդկանց դեպքում: Մինչդեռ բարձր տոնն ընկալվում է որպես ենթակայություն: Օգտագործելով բարձր տոն՝ դուք գործատուին ուղերձ եք հղում, որ սպառնալիք չեք և կարող եք աշխատել առանց ղեկավարությանը հակադրվելու:


Մեր ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել ենք, որ կա սոցիալական դիրքի ընկալման տարբերություն: Որքան դոմինանտ եք դուք ձեզ զգում, այնքան քիչ եք մտահոգվում մյուսների դոմինանտության մասին, և խոսում եք այնպես, ինչպես ցանկանում եք: Միաժամանակ, որքան հաջողակ ու առավելություն ունեցող եք ձեզ զգում, այնքան հանգիստ եք:





Կարդացեք նաև. 



Մեր «կեղծ հարցազրույցի» փորձը


Մեր հետազոտության ժամանակ 48 մասնակիցների խնդրել ենք նստել համակարգչի դիմաց՝ կրելով ականջակալներ և նայելով տեսախցիկին: Սա խորամանկություն էր, բայց մեզ պետք էր, որ մարդիկ հավատան, որ իրական հարցազրույց են տալիս, և հետագայում հարցազրույցի ձայնագրությունը ուսումնասիրվելու է:


Մասնակիցները ներկայացված էին նկարով, անունով և աշխատանքի նկարագրությամբ, որին դիմում են: Նրանց մի քանի հարց էինք տալիս: Կար երեք գործատու, որոնց նկարները պատրաստել էինք այնպես, որ նրանք երևան դոմինանտ, և առավելությունն ընդգծված լինի՝ օգտագործելով EvoFit համակարգչային ծրագիրը: Մենք նաև ընտրել էինք հակառակ տրամաբանությամբ մի նկար, որը դարձավ մեր «չեզոք» գործատուն:


Համադրելով այս նկարները գործատուների մասին տեղեկություններով՝ մենք ստեղծեցինք մարդկանց, որոնք ունեին բարձր դիրք և առավելություն, կամ էլ դրա միջին, չեզոք մակարդակը: Դոմնինանտ մարդկանց հետ շփվելիս մեր մասնակիցների տոնը բարձրանում էր: «Չեզոքի» դեպքում մասնակիցներն իրենց ձայնի տոնը չէին փոխում:


Մենք նաև դիտարկել ենք, թե ինչպես են տարբեր հարցերը փոխում մարդկանց վարքագիծը: Այսպես, երբ «գործատուները» խնդրում էին դիմորդներին ներկայացնել իրենց, նրանց ձայնը շատ չէր փոխվում, բայց երբ հարցնում էին, թե ինչպես կվարվեն, երբ գործընկերոջ հետ ղեկավարին մոտենալու և խնդիր քննարկելու կարիք լինի, ձայնը կտրուկ փոխվում էր: Մեր հետազոտությունը վկայում է, որ մենք նրբորեն խաղարկում ենք մեր ձայնը՝ հարմարեցնելով սոցիալական որոշակի կոնտեքստին, որի հետ առնչվում ենք: Մենք դա սովորաբար անում ենք առանց մտածելու:  


Սա ազդում է մեր ընկալումների վրա: Ինչպես մարմնի շարժուձևը, լեզուն, կամ դեմքի արտահայտությունն ու արտահայտվելու ձևը, մեր ձայնը նույնպես այս զինանոցի մաս է, որոնք արտահայտում են սոցիալական դիրքի մեր պատկերացումները:


QUARTZ