Տաթևիկ Բաղդասարյանը կարիերան սկսել է գործավարի աշխատանքից

October 1, 2014

երբ մրսում ես
Մի խորհրդավոր պատկեր եմ անընդհատ հիշում: Ցուրտ ու մութ տարիներին դուրս էինք գալիս ճյուղեր հավաքելու, որ տանը վառեինք: Ճյուղերը հավաքելիս Նորքի անտառում մոլորվեցինք ու մոտեցանք հեռուստատեսության շենքին: Շրջապատում մութ էր, ոչինչ չէր երևում, ցուրտ, ձյունը դրած ու... հանկարծ տեսա այդ շենքը լույսի մեջ, այնպես էի ուզում հայտնվել այնտեղ: Շենքը մխրճվեց իմ հիշողության մեջ:
երբ մրցում ես
Մրցակցությունը շարժիչ ուժ է: Առաջընթացը խթանող երկու ուժ կա աշխարհում՝ մրցակցությունն ու ծուլությունը: Եթե մարդը չզլանար ամեն անգամ մոտենալ հեռուստացույցին ու փոխել ալիքը, հեռակառավարման վահանակը չէր ստեղծվի: Կամ եթե ջուր կրելն այդքան հաճելի զբաղմունք լիներ, չէին ստեղծի ջրմուղ: Իսկ ահա մրցակցությունն էլ միշտ ստիպում է ձիգ լինել, անընդհատ աշխատել քեզ վրա:
երբ հավատում են
Ուսանող էի, աշխատանք էի փնտրում, որովհետև ծնողներս ինժեներներ էին, պետք էր, որ գոնե ե′ս փող աշխատեի: «Դպրոց» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հանդիպեցի, հարցրեց. «Հոդված գրե՞լ ես կյանքում»: Ասացի՝ չէ:
«Թերթ կարդացե՞լ ես»: Ասացի՝ դե որ հետաքրքիր բան լինում էր, տալիս էին, կարդում էի: «Լավ, շարադրո՞ւթյուն էլ չես գրել»: Ասացի՝ չէ, մամաս էր գրում իմ փոխարեն: Բայց նա վստահեց ինձ, ընդունեց աշխատանքի: Ճիշտ է, սկզբում գործավար էի, հեռախոսազանգերին էի պատասխանում: Հաջորդ համարում արդեն լուր տպագրեցի, մյուսում՝ հոդված: Իսկ մեկնաբանական կարիերայի սկզբում առաջին մարդը, որ հավատաց, որ կարող եմ, Տիգրան Նաղդալյանն էր, միայն ինքն էր հավատում: Մյուսներն ասում էին՝ չի ստացվի, անփորձ մարդ է, ինչպե՞ս եք եթեր վստահում: Իսկ նա հավատաց ու վստահեց:
երբ ճանաչում են
Սկզբում չես զգում հեռուստադիտողի հետ կապը: Պարզապես աշխատում ես անշունչ տեսախցիկի հետ: Քեզ առաջինը տեսնում ու գնահատական են տալիս քո գործընկերները՝ ռեժիսորը, օպերատորը, խմբագիրը, լրագրողները, տեխնիկական անձնակազմը: Սկզբում շատ խորթ էր, երբ մարդիկ փողոցում ճանաչում էին, պտտվում, հետ էին նայում... Թեև պատկերացնում էի, որ ինձ այդքան մարդ է դիտում, բայց երկար ժամանակ էր պետք հասկանալու համար, որ իմ պատկերացրած լսարանը հենց ա′յս մարդիկ են` փողոցով անցնող, սրճարաններում պարապ նստած, երթուղայիններում ճզմված այս մարդիկ:
երբ սիրում ես
Ես սկզբում ասում էի՝ եթե ընտանիքն ու աշխատանքը միմյանց խանգարեն, կընտրեմ ընտանիքը, բայց հասկացա, որ դրանք իրար չեն խանգարում, հակառակը, օգնում են: Ամուսինների հարաբերություններում կարևոր է ինքնուրույնությունը պահպանելը: Չեմ ասում՝ լինել ազիջում, ո′չ, պարզապես պետք է լինել հավասար: Նաև նյութականը նշանակություն ունի: Սերը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Ես հավասարակշռված մարդ եմ: Զգացմունքները մի քանի վայրկյան են հաղթում: Հետո շուտ ինքս ինձ ստիպում եմ չտրվել դրանց: Սեր ասելով էլ՝ ավելի շատ հասկանում եմ հավասարակշռված, հասուն մարդկանց՝ իրար հանդեպ տածած զգացմունքը, որից անբաժան են հարգանքն ու հոգատարությունը: Բայց եթե զգաս, որ այդ ամբողջ նվիրումն անպատասխան է, կապող թելը դժվար թե դիմանա:
երբ ներում եմ
Չեմ սիրում մարդկանց ընկալել կամ որպես հրեշտակների, կամ որպես սատանաների: Ամեն արարքի մեջ, ամեն երևույթի մեջ երկու կողմն էլ կա՝ և′ լույսը, և′ ստվերը: Չեմ ընդունում դավաճանությունը, բայց այդ բառն էլ տարբեր իրավիճակներում այլ է: Մեղմացնող բացատրություններ միշտ էլ կարելի է գտնել: Ախր մարդ է, չէ՞, իր բոլոր թուլություններով: Ներում եմ բոլորին ու միշտ: Ներում եմ, բայց ինձ համար դաս է լինում, մի քիչ ավելի զգույշ եմ լինում հետագայում:
երբ անհնար է
Կան բաներ, որ երբեք չեմ անի: Երբեք ուրիշի հաշվին կամ ստի միջոցով չեմ հասնի ինչ-որ բանի: Իսկ ինչ կանե՞մ: Կարող եմ գիշերը չքնել, ինձ վրա բացարձակ ուշադրություն չդարձնել կամ՝ նստել ամբողջ օրը գրադարանում, կարդալ: Բայց եթե զգամ, որ դրա պատճառով ուշադրությունը պակասում է երեխայի հանդեպ, կթողնեմ ամեն ինչ: Կան նաև անհնար բաներ, ու դա պետք է ընդունել: Բայց...գալիս ենք սկզբունքներին: Ինչո՞ւ է մարդն ասում՝ անհնար է. որովհետև եթե ինչ-որ բանի հասնելու համար պետք է դավաճանի իր սկզբունքին, անի մի բան, որ երբեք չէր անի, կամ պետք է անցնի այն մարդու վրայով, որն իր ճանապարհին է կանգնած, ու հրաժարվում է այդ ամենն անել, նրան հետ են պահում իր սկզբունքները: Եվ դա արդեն դառնում է անհնար:
երբ հարգում ես
Հեռուստատեսությունում մեկն է եղել՝ Տիգրան Նաղդալյանը: Պերճ Զեյթունցյանին եմ շատ սիրում, նրա փիլիսոփայությունը, սթափ վերլուծությունը ինձ դուր է գալիս: Սևակ եմ շատ սիրում, որովհետև բանաձևային արտահայտություն ունի: Տերյանը լավն է, երգվում է, բայց սիրում եմ բաներ, որ մտածել են տալիս: Աստվածաշնչյան իմաստնություններն են շատ հետաքրքիր: Դրանք էլ բանաձևեր են:
երբ զարմանալի է
Ինձ անընդհատ ամեն ինչ զարմացնում է: Օրինակ՝ ինչպես է ծնվում երեխան, մեկ էլ տեսնում ես՝ մեկն էլ ավելացավ իր բնավորությամբ: Մարդու մեջ ոչինչ էլ չես դաստիարակում, այդպես ծնվում է, առաջին ճիչից նա իր բնավորությունն ունի: Շրջակա գործոններն ինչ-որ ազդեցություն թողնում են, հղկում են, թրծում, բայց դա կոսմետիկ ազդեցություն է: Հիմնականը ինքն իր մեջ է կրում, ու եղած-չեղածն էլ հենց ինքն է: Նայում ես Աստծո ստեղծագործությանը՝ մարդուն, թվում է՝ բժշկությունն առանձին մասերով ամեն ինչ գիտի մարդու մասին, բայց ի՞նչն է, որ աշխատեցնում է այդ մեխանիզմը, ի՞նչն է այդ էներգիան տվողը, որ մարդը սկսում է «գործել», որ սիրտը բաբախում է: Աստծո արարածն անընդհատ ու անդադար զարմացնում է, մարդու ստեղծածը՝ ոչ: Տարօրինակ է:
NewMag #02