Տեղի ունեցավ «Ակոս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում Newmag-ը ներկայացրեց «Ակոս» վեպը: Հայաստանում գտնվող գրքի հեղինակ Վալերի Մանտոն, թարգմանիչ Սամվել Գասպարյանը, վերիֆիկանտ Անի Ավետյանը ներկայացրել են վեպը, զրուցել «Ակոսում» տեղ գտած կարևոր ուղերձների վերաբերյալ: Ֆրանսուհի գրող-լրագրողն առաջին անգամ է Հայաստանում, սակայն մեկ շաբաթվա խիտ ժամանակացույցի շնորհիվ կհասցնի ծանոթանալ մեր երկրին, կշփվի հայերի հետ: Այսօր երեկոյան էլ Մանտոն հանդիպելու է հայ կին գրողների ու ընթերցողների հետ:
Գեղարվեստական ինքնակենսագրություն, լրագրողական ռեպորտաժ, քաղաքական քննադատություն, սիրավեպ ու կենսագրություն։ Ակոս վեպը՝ Դինքի սպանության և ժամանակակից Թուրքիայի հասարակության մասին է: Newmag հրատարակչութունն այն հրատարակել է հայերեն: Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանն ընդգծում է՝ Մանտոն Հրանտ Դինքից բացի այլ հերոսներ էլ է ընդգրկել վեպում. «Հերոսը Դինքն է, չնայած մի քանի հերոս կա։ Օրինակ՝ Ստամբուլը, հիանալի է ներկայացվում, նաև բարքերը, մարդկանց, ազգային փոքրամասնությունների հարաբերությունները։ Ցեղասպանությունից է խոսում՝ իր հայացքները մեզ շատ հարազատ են, մերոնքական հայացքով է նայում թուրքերին»։
Գրքի թարգմանիչը վեպի ժանրը կոչում է գրական ռեպորտաժ: Գուցե իրականում չկա նման ժանր, բայց Սամվել Գասպարյանը վստահ է, գիրքն իրոք նոր շունչ է գրականության ու գրական ժանրերում: Գրքի հեղինակը Ստամբուլում հայտնվել է, սկզբում զբոսաշրջիկ, հետո սիրո, հետո նաև մասնագիտական հետաքրքության պատճառով՝ պատմում է Մանտոն. «Երբ կարդացի Դինքի մասին, այնքան հուզվեցի, բոլորի հետ այդ մասին էի խոսում: Ու ես հասկացա, որ հատկապես Թուրքիայում իմ բոլոր ծանոթները հիշում են Դինքի սպանության օրը՝ բոլոր մանրամասներով: Իմ բակում թեյ վաճառող թուրքն ասեց՝ երբ իմացա Դինքի սպանության մասին, ամոթ զգացի։ Ու ես որոշեցի գրել, մարդկանց պատմել ու հիշեցնել այդ պատմությունը»։
Վալերի Մանտոն ֆրանսիացի լրագրող է, սյունակագիր: Աշխատել է Շառլի Էբդո շաբաթաթերթում: Ստամբուլ մեկնելուց ու Դինքի պատմությունը գրելուց առաջ, ինչպես բոլոր ֆրանսիացնեերը, ապրել էր Շառլի Էբդոյի ահաբեկման շոկը, սգացել ընկերների մահը: «Շառլի Էբդոյի դեպքերից հետո, բոլորն ասում էին ես Շառլին եմ։ Շատերը նույնիսկ չէին հասկանում, թե ինչ նկատի ունեն: Դինքի սպանությունւց հետո նույնպես եղել են հանրահավաքներ, ու բոլորն ասել են՝ մենք բոլորս հայ ենք»:
Վեպը խաղաղություն փնտրող աղավնու ու այն միջավայրի մասին է, որտեղ ապրում էր Հրանտ Դինքը: Թշնամուն պետք է ճանաչել, «Ակոս» վեպի վերիֆիկանտ Անի Ավետյանը վստահ է՝ թուրքիան հետաքրքիր է բոլոր հայերին, այս գիրքը շատ բան կպատմի: «Բոլորիս հետաքրքիր է Թուրքիան, ովքեր են ապրում, հատկապես հիմա, պատերազմից հետո, այս գրքով կարող ենք տեսնել, թե ինչ են խոսում թուրքիանում, ինչ են անում։ Օբյեկտիվ ֆրանսիացու հայացք է»։
Կարդացեք նաև
- Հրանտ Դինքի մահվան տարելիցի օրը Ֆրասնիայի դեսպանատան հետ Newmag-ը ներկայացրեց ֆրանսիացի գրողի «Ակոս» վեպը (տեսանյութ)
- «Ակոս» գրքի հեղինակ Վալերի Մանտոն կքննարկի Հրանտ Դինքի գործը, կխոսի հայ կին գրողների հետ և կայցելի Գյումրի
- «Ակոս». Newmag-ը ներկայացնում է ֆրանսիական բեսթսելլերը Հրանտ Դինքի մասին
- Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը
- «Ակոս» վեպի թարգմանության մասին լուրը մեծ արձագանք է գտել հայկական մեդիայում
Ֆրանսիայի դեսպանությունն ու Newmag հրատարակչությունը ներկայացնում են Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը: Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գրքի հեղինակն ուսումնասիրել է ազատության ու խաղաղության խորհրդանիշ դարձած Դինքի կյանքը, շրջել այն վայրերով, որտեղ պոլսահայ լրագրողն էր եղել: «Ակոս» վեպը 2018 թվականին արժանացել է գրական հեղինակավոր Ռենոդո գրական մրցանակին: