[ newmag x ted ] Ինչպե՞ս ապրել խանդավառությամբ նույնիսկ 90 տարեկանում

April 14, 2016

Ողջո՜ւյն, երեխաներ: Ես 71 տարեկան եմ: Ամուսինս 76 տարեկան է, ծնողներս՝ 90, Օլիվիան՝ շունս՝ 16 տարեկան: Եկեք խոսենք տարիքի մասին: Ուզում եմ պատմել, թե ինչ եմ զգում, երբ նայում եմ հայելու մեջ ու տեսնում կնճիռներս:
Մերի Օլիվերն իր պոեմում ասում է. «Ասա ինձ՝ ի՞նչ ես պատրաստվում անել քո թանկագին կյանքի հետ»: Անձամբ ես մտադիր եմ խանդավառությամբ ու ոգևորությամբ ապրել այն:

Ե՞րբ ենք մենք ծերանում: Գիտնականներն ասում են` 65-ում, երբ բժշկական ապահովագրություն ենք ստանում, բայց իրականում դա սկսվում է ծննդյան օրից: Իսկ ոգին տարիք չունի: Ես դեռ 17 եմ: Տարիքը կազմվածքն է, առողջությունը և պահվածքը:

Ի՞նչ եմ ես կորցրել վերջին տասնամյակներում: Մարդկանց, իհարկե, վայրեր ու իմ երիտասարդության անսպառ էներգիան: Եվ ես սկսում եմ կորցնել անկախությունս, ու դա վախեցնում է ինձ: Ռեմ Դասն ասում է. «Կախվածությունը ցավեցնում է, բայց եթե ընդունեք այն, քիչ կտառապեք»: Կաթվածից հետո նրա երիտասարդ ոգին հետևում էր մարմնի փոփոխություններին, ու նա շնորհակալ էր մարդկանց, որոնք օգնում էին իրեն:


[ newmag x ted ]



Ե՛ս ինչի եմ հասել: Ազատության: Ես այլևս ոչ մեկին ոչինչ պարտավոր չեմ ապացուցել: Ես այլևս չեմ տառապում այն մտքից, թե ով եմ եղել, ինչի եմ ուզում հասնել, և ինչ են մարդիկ ակնկալում ինձնից: Տղամարդկանց դուր գալու կարիք չկա այլևս, միայն կենդանիներին: Ես վայելում եմ այն, ինչ ունեմ: Գուցե մարմինս ծերանում է, բայց ոչ ուղեղս: Ես թեթև եմ զգում: Չեմ անհանգստանում վիրավորանքի, ամբիցիաների, փառասիրության, մահկանացուներիս և որևէ մեկի մեղքի համար: Հրաշալի է ապրել, պետք է վաղուց սկսած լինեի: Ես ինձ շատ նուրբ եմ զգում, այլևս չեմ վախենում խոցելի լինել: Բացի այդ, հոգեպես եմ հարստացել:
Առաջ գիտեի, որ մահը հարևանությամբ է, հիմա այն կողքի տանն է կամ գուցե արդեն իմ տանը: Հիմա ես աշխատում եմ յուրաքանչյուր րոպեն գիտակցված ապրել: Մեդիտացիան օգնում է:

Ինձ նման փառասեր կնոջ համար շատ դժվար է ծերանալը: Ներքուստ լավ եմ զգում, գրավիչ և սեքսուալ: Բայց ուրիշ ոչ ոք դա չի տեսնում: Ես անտեսանելի եմ: Ուզում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ատում եմ անտեսանելի լինելը:
Եվ ինչպե՞ս եմ կարողանում պահպանել այս կիրքը: Ես չեմ կարող ինձ ստիպել կրքոտ լինել 71 տարեկանում: Մի որոշ ժամանակ մարզում էի միտքս:
Տրամադրվածություն և վարք: Ես ինձ վարժեցրել եմ՝ ասել այո ամեն ինչին՝ դրամա, կատակերգություն, ողբերգություն, սեր, մահ, կորուստներ:
Ես այո եմ ասում կյանքին: Ես ինձ վարժեցրել եմ սիրահարված մնալ: Միշտ չի ստացվում, բայց չեք կարող մեղադրել ինձ, որ չեմ փորձել:

Եվ վերջում: Թոշակի անցնել՝ իսպաներեն նշանակում է տոնախմբություն: Մենք վճարել ենք մեր պարտքերը, մեր ներդրումն ենք ունեցել հասարակության կյանքում: Եկել է մեր ժամանակը՝ հրաշալի ժամանակը: Եթե շատ հիվանդ ու աղքատ չեք, ընտրության հնարավորություն ունեք: Ես ընտրում եմ լինել կրքոտ, սրտաբաց: Ամեն օր աշխատում եմ դրա վրա: Ուզո՞ւմ եք միանալ ինձ:
http://www.ted.com/talks/isabelle_allende_how_to_live_passionately_no_matter_your_age?language=en