[Բեռլինալե - 2017] Գարնան ամենասպասված ֆիլմը Դենի Բոյլի մեկնաբանությամբ

February 14, 2017

Իրվին Ուելշը յուրահատուկ ազգային այցեքարտ է, ուղեցույց դեպի քրեական և կենցաղային աշխարհ՝ շոտլանդական ապրելակերպի ընդերք, ծակուծուկ, անդերգրաունդ։
«Ասեղի վրան» դարձավ կուլտային, ինչպես և Գայ Րիչիի լոնդոնյան քրեակատակերգությունները, իսկ Դենի Բոյլը՝ իր յուրահատուկ մեգախոշոր և սուպերդինամիկ ռեժիսուրայով մխրճվեց 90-ականների սերնդի ուղեղներում ու երակների մեջ։

Այսօր, երբ այդքան պոպուլյար են սիքվելները, պրոդյուսերներն ու սցենարիստները բռնվում են ցանկացած հնարավորությունից։ Սակայն 90-ականների շունչն ուղղակի անհնար է փոխանցել, և մենք երբեք չենք տեսնի նոր ֆիլմում այդ նույն ոճը, շունչն ու հոտը։ Բայց նոստալգիկ, բարի մղումները և հնարավոր կոմերցիոն հաճողությունը միշտ շատ գայթակղիչ են, և պրոդյուսերները կնկարահանեին անգամ «Թակելով դրախտի դռների» երկրորդ մասը, եթե հայտնի գերմանական զույգը կադրում չմահանար։

Ինչու՞  T2 Trainspotting


Դեննի Բոյլն այսպես է բացատրում անվանումը. «Մենք չէինք ուզում անվանել ֆիլմը պարզապես «Ասեղի վրա 2» և որոշեցինք հնարել, թե ինչպես այն կանվանեին հենց ֆիլմի հերոսները, եթե մենք ունենայինք հնարավորություն հարցնել իրենց։ Երևի նրանք կցանկանային, որ այն կոչվեր, ինչպես կինոպատմության ամենալավ  ֆիլմերից մեկը՝ «Տերմինատոր 2»-ը։ Նրանք կանեին այնպես, որ միաժամանակ հարգանքի տուրք տային ռեժիսորին և բարկացնեն իրեն», - ծիծաղելով բացատրում է Բոյլը բեռլինյան մամուլի ասուլիսի ժամանակ։
Անվանումն անվանումով, սակայն պատմությունը մեծ հաշվով կառուցված է նոստալգիայի, հին ու բարի օրերի և անցյալի ու ներկայի դիսոնանսի և տարբերությունների վրա։ Ռենթոնն (Ուեն ՄաքԳրեգոր) ունի առողջական խնդիրներ և խղճի խայթ, ինչն էլ նրան վերադարձնում է հայրենի Էդինբուրգ, Հիվանդը (Ջոննի Լի Միլլեր) աշխատացնում է մորաքրոջ փաբը և բուլղարացի մարմանավաճառուհի Վերոնիկայի (Անժելա Նեդյալկովա) շնորհիվ գումար է կորզում նրա հաճախորդներից։ Բեգբին (Ռոբերտ Կառլայլ) փախչում է բանտից, իսկ Սփադը փորձում է ինքնասպան լինել։ Հեռանկարն առանձնապես խոստումնալից չէ, իսկ որոշակի զվարճալի իրավիճակներն ու գրոտեսկի վրա կառուցված վիզուալ հումորները դիտվում են ավելի շուտ իբրև տրագիկոմիկ իրադարձություններ։
http://www.youtube.com/watch?v=IGdiACWiMAM
«Առաջին ֆիլմը բռնել էր ժամանակաշրջանի ոգին, դուրս էր եկել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ Դա կրկնելն անհնար էր, - կիսվում է Ջոննի Լի Միլլերը։ «Եվ դրա մեջ ոչ մի իմաստ էլ չկար։ Ինձ հետաքրքիր էր նկարահանվել սիքվելում, որովհետև գործողությունները տեղի են ունենում քսան տարի անց։ Եթե կուզեք՝ սա արդեն ետմահու ֆիլմ է», - ծիծաղելով բացականչեց դերասանը։
Իսկապես, կան սիրված պատմություններ, որոնց հաճողությունը կառուցված է հենց մթնոլորտի ու միջավայրի յուրահատուկ հմայքի վրա, իսկ եվրոպական կինոյի դեպքում այդ ամենն ավելի յուրահատուկ է և խիստ լոկալիզացված, քան հոլիվուդյան արտ-մեյնսթրիմը։ Ընդհանուր առմամբ առկա են մի քանի իսկապես զվարճալի տեսարաններ, զգացվում է դենիբոյլյան կտրուկ մոնտաժն ու սպեցիֆիկ վիզուալ շարադրությունը, հրաշալի օպերատորական դրամատուրգիայով ցուցադրվում են Վերոնիկայի և Սփադի զրույցները, Ռենթոնի ավտոկանգառի փախուստը (և ոչ միայն դրանք), բայց առաջին ֆիլմից հետո սա ավելի շուտ ժամանակակից սատիրիկ բրոշյուր է, որն տալիս են զբոսաշրջիկներին, սիրված ու իրական էդինբուրգյան վիպակի ստվերային շարունակությունն է՝ մի քանի լուսավոր կտորներով։