Մեծ պատերազմի ուրվականն ու «զոմբի» ժողովուրդները Տիգրան Հայրապետյանի մարգարեական գրքում

October 1, 2022

Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան  Հայրապետյանի «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի շնորհանդեսը: Սա նրա քաղաքագիտական ժառանգությունն ամփոփող քառահատորյակի երկրորդ գիրքն է, որ հրատարակում է Newmag-ը:

Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան  Հայրապետյանի «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի շնորհանդեսը: Սա նրա քաղաքագիտական ժառանգությունն ամփոփող քառահատորյակի երկրորդ գիրքն է, որ հրատարակում է Newmag-ը:

Տիգրան Հայրապետյանը 1990-ականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ, քաղաքական պարբերականների խմբագիր: Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, նրա հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծական նյութերը լույս են տեսել հայաստանյան եւ եվրոպական մամուլում: Տիգրան Հայրապետյանը մահացել է 1999-ին՝ ավտովթարից:

«Երրորդ աշխարհամարտի մատույցներում» ժողովածուի առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր մեծ պատերազմի ուրվականով, ու այս իրավիճակում հայկական պետության համար կարեւորագույն փորձությունը՝ հարաբերությունները Ռուսաստանի, Արեւմուտքի ու Միջին Արեւելքի հետ:

«Երկրորդ հատորի կազմությունը շատ ավելի բարդ էր, քան՝ առաջինը: Այստեղ սկզբունքորեն երկու գիրք ենք միավորել, որովհետեւ հասկացանք, որ այս մի ընդհանուր վերնագիրը երկուսին էլ վերաբերում է. մի կողմում Ռուսաստանն է՝ հետխորհրդային տարածքը, եւ մյուս կողմում Արեւմուտքն է՝ ԱՄՆ-ը, Եվրոպան եւ հարակից երկրները, եւ իհարկե, կա մի երրորդ խումբ՝ Միջին Արեւելքը։

Ստացվում է, որ մենք ունենք 1991-1999 թվականներին նույն թեմայի շրջանակներում ե՛ւ աշխարհի զարգացումը, ե՛ւ թեմայի ներսում զարգացումը, ե՛ւ Տիգրան Հայրապետյանի մտքի եւ վերլուծությունների զարգացումը»,- ասում է «Տիգրան Հայրապետյան» հիմնադրամի տնօրեն Նազենի Ղարիբյանը:

«Ռուսաստանը Հայաստանին ստիպում է արնաքամ լինել «անհնազանդ» ադրբեջանցիներին պատժելու իր ծրագրերում, որպեսզի, ի վերջո, հերթական գործարքը կնքի թուրքերի հետ՝ վճարի գին ունենալով հայկական տարածքները (ցավոք, բացառված չէ, որ դա միայն Լեռնային Ղարաբաղը չի լինի) եւ հայերի զանգվածային տեղահանությունը՝ հայերին վերադարձնելով զոհի ավանդական կարգավիճակը»:

Սա մի հատված է Տիգրան Հայրապետյանի վերլուծություններից, որ ժամանակակից ընթերցողները համարում են մարգարեական:

Պատմաբան, «Տիգրան Հայրապետյան» մրցանակի դափնեկիր Հրանտ Տեր-Աբրահամյանն ասում է, որ այս հրատարակությունն ուշացած, բայց կարեւոր նախաձեռնություն է. քաղաքագիտական մտքի ոչ մեծ ժառանգությունը մնում է չարժեւորված, չյուրացված:

«Ես համարում եմ, որ այս գրքի հրատարակումն ուշացել է։ Սա պետք է մինչեւ 2020 թվականը լիներ, շատ ավելի շուտ, քան 2020 թվականը։ Չեմ ասում, թե դրանից ամբողջ իրականությունը կփոխվեր, բայց գուցե շատ բաներ այլ կերպ ընկալվեին։ Մենք ամեն անգամ կուրորեն մի իրավիճակի ենք հանդիպում, կարծես թե առաջին անգամ է մեզ հետ տեղի ունենում, կարծես՝ ոչ ոք սրա մասին ո՛չ մտածել է, ո՛չ գրել է, մենք ամեն անգամ զրոյից սկսում ենք իմաստավորել։ Դրա համար էլ անընդհատ հետ ենք ընկնում։ Պարտության հիմքում միշտ հետ ընկնելն է, քո ներքին ժամանակից հետ ընկնելը»:

«Կայուն ու զարգացող հասարակություններ Արեւմուտքին պետք չեն ո՛չ Անդրկովկասում, ո՛չ Կովկասում: «Նոր աշխարհակարգը» պահանջում է հնազանդ ու լիովին կառավարելի «զոմբի» ժողովուրդներ, որոնք կծառայեն աշխարհի մեծերի աշխարհաքաղաքական ծրագրերին»:

Տիգրան Հայրապետյանի առաջին գիրքը՝ «Պատերազմ եւ քաղաքականություն»քաղաքագիտական վերլուծությունների եւ ակնարկների ժողովածուն, լույս է տեսել այս տարվա մարտին:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի