Վարդան Դևրիկյան. Էլիտար շենքի մուտքի դուռն ավելի արժեքավոր է, քան մարդը

November 19, 2015

Ահազանգի տարիք
50 տարին բոլորելիս ոչ մի առանձնահատուկ զգացում չկա: Ինձ համար տարիքային շեմեր չկան, կան գիտության չափանշային նշաձողեր. որոշակի խնդիրներ եմ իմ առջև դրել, իմացական որոշակի աստիճանների եմ ձգտում հասնել: 50-ն ահազանգ է. հիշեցում է, որ կյանքն անսահման չէ: Պետք է հասցնել ամբողջացնել բոլոր գործերը:  Աշխատունակությունս չի նվազել, եռանդս չի պակասել:
Սահմանից այն կողմ անդունդ է
Մեր հասարակական-քաղաքական կյանքում, ամեն տեղ ինչ-որ սահման կա. լինի քննադատություն կամ, հակառակը, կեղծավորություն: Մարդը պետք է լինի միջակայքում՝ իմանալով, որ երկու կողմերում անդունդ է: Երկու ծայրահեղություններ են, ո՛չ պետք է իրականությունը շատ սևացնել, ո՛չ էլ, հակառակը, այնքան գունազարդել, որ դեպի կեղծավորություն տանի:
30-ամյակը` զինադադար
Ինձ համար շրջադարձային եղավ պատերազմը: Մինչև այդ այլ աշխարհայացք ունեի, այլ կերպ էի գրում, աշխարընկալումս այլ էր: Պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց: Պատերազմի ավարտը համընկավ իմ 30-ամյակի հետ, զինադադարը ռազմաճակատում յուրօրինակ ձևով նշեցինք: Մայիսի 18-ին զինադադարի հաստատումն էր ու իմ 30-ամյակը: Մարդկանց բաժանում եմ երկու խմբի. պատերազմ տեսած և չտեսած՝ անկախ նրանից՝ հարո՞ւստ են, աղքա՞տ, օլիգա՞րխ, ընտանեկան երջանկություն ունե՞ն, թե՞ չունեն:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



Լավագույնը
Ով ինչ ուզում է, թող դառնա. չկա լավ կամ վատ մասնագիտություն, կան լավ և վատ մասնագետներ: Ի՞նչ կապ ունի՝ մարդը խողովակագո՞րծ է, գիտնակա՞ն, թե՞ մշակույթի գործիչ. ամեն մեկը պետք է իր գործի մեջ վարպետ լինի: Գրականագետն անգրագետ մի բան գրեց՝սխալ կոնցեպցիա առաջ կքաշի: Ասում են՝ մոդայիկ մասնագիտություններ կան՝ հաշվապահություն, լեզուներ, իրավաբանություն, բայց դա անցողիկ է, դա էլ կանցնի, ու  կմնան չափանշային հասկացությունը, գիտելիքը և մասնագիտական փորձը՝ անկախ նրանից, թե դա որտեղ կարտահայտվի ու կդրսևորվի: Մարդ պետք է բարձրակարգ մասնագետ լինի: Հիմա պարզապես վարակի պես մի բան է տարածվել՝ «փողային» մասնագիտություններ:
Փողը` ազատ ստեղծագործելու միջոց
Կան մարդիկ, որ ապրում են փող աշխատելու համար, և կան մարդիկ, որ փողն իրենց պետք է ծրագրերը իրականացնելու և ազատ ստեղծագործելու համար: Եթե նյութական ավելի անհոգ վիճակում լինեի, ավելի շատ  բան գրած կլինեի: Ամեն մարդ կարծում է, թե դիմացինը չգիտի այն, ինչ ինքը գիտի: Ես էլ եմ այդպես մտածում: Կարծում եմ՝ միջնադարագիտության բնագավառում յուրահատուկ գիտելիքներ ունեմ, բայց սրտիս ցավ է, որ շատ ժամանակ դրան չեմ նվիրում ու դրանով չեմ զբաղվում, հարկադրաբար այլ բաներով եմ զբաղվում ընտանեկան  պարտավորություններս կատարելու համար: Կյանքը շարժվում է, ընտանիք ու պարտավորություններ ունեմ, գուցե պետք է ավելի շատ մտածել փող աշխատելու մասին: Բայց մի՞թե ստեղծագործական կողմը չի դառնում միայն էգոիզմ ու ամբիցիա, ինչքան էլ մշակույթին ու ժողովրդին պետք է ծառայի, չգիտեմ…
Վերքը
Գուցե այն, ինչ ասում եմ, հնաբույր է, բայց իմ չափանշային հասկացությունը «Վերք Հայաստանի»-ն է ու Աղասին: Այն հայության վերքն է: Իզուր չէ, որ Խորենացու «Պատմությունը» «Վերքով» ավարտվեց, իսկ Աբովյանը «Ողբով» սկսեց: Եթե այն կարդացած չլինեի, գուցե կյանքս այլ կերպ ընթանար: Մենք բոլորս կյանքում իդեալներ ունենք, այս տարվա հունվարից իմ կյանքի հերոսը Արմեն Հովհաննիսյանն է՝ այն դիրքապահ զինվորը, որը կյանքի փորձության ժամին իրեն վստահված տեղը չթողեց: Ցանկացած բնագավառում պետք է կարողանաս  պահել այն դիրքը, որը քեզ վստահված է: Աբովյանն ասում էր. «Ունենք մեծ զինվորականներ, հոգևորականներ, նրանց բոլորի մասին գրում են, մտածեցի կեղծավորություն չանել ու գրել մեր մոռացված Աղասու մասին»: Ինձ Աղասու նման ցնցեց Արմեն Հովհաննիսյանը:
Միտքս թռիչքներ չի ունենում
Առաջ գիտելիքս քիչ էր, բայց երևակայությունս էր վառ, որոշակի բաներ ինտուիցիայի հիման վրա էի գրում, ներքին զգացողությամբ: Այսօր ինձ համար անընկալելի է զուտ ինտուիացիայի վրա որևէ բան գրելը: Իմ ամեն տողը հիմնված է փաստի վրա. ինձ դա մտատանջում է, մտավոր դեգրադացիայի արդյունք է, եղած փաստի հիման վրա եմ գրում, միտքս թռիչքներ չի ունենում: Տարիքի հետ փոխվել է. պատերազմը իմ ներսում որոշակի գույներ մեռցրեց:
Տեր
Աստծո հետ հոգնակիով չենք խոսում: Աստծուն դիմում ենք հորդորական հրամայականով՝ տո՜ւր, Աստվա՜ծ. պատշպանի՜ր, Տե՜ր: Չենք հրամայում, հորդորում ենք: Այդ պատճառով էլ հորդորական հրամայական: Խնդրանք է, որի բայական ձևը հրամայականն է: Մարդ Աստծուն դիմում է նեղության պահին, երբ այլ հնար ու ապավեն չունի: