Սոնա Ղազարյան. Մեզ հանրահավաք գնացող աղջկա կերպար է պետք

February 19, 2016

ընկերներս
Շատ ընկերներ ունեմ: Հաճախ եմ զգում նրանց կարիքը, որովհետև շատերն այստեղ չեն, բայց այստեղ էլ լավ ընկերներ ունեմ: Ընկերներս շատ տարբեր բնագավառներում են աշխատում` քաղաքականություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Փորձում եմ միշտ տարբեր մարդկանց հետ շփվել և ընկերություն անել, որ աշխարհայացքս դրանից փոխվի, որովհետև ՏՏ ոլորտի մարդիկ այլ կերպ են մտածում:

Քաղաքականությամբ զբաղվող իմ ընկերներն ավելի ռադիկալ են, նրանցից միշտ ինչ-որ բան եմ սովորում:

արդեն վարժվել ենք
Մենք արդեն վարժվել ենք, որ պետք է ապրենք կարծրատիպերով: Ես ատում եմ կարծրատիպերը: Մարդիկ ստեղծում են դրանք ու սկսում ապրել: Նույնիսկ չեն էլ ապրում, այլ գոյատևում են: Ես միշտ փորձել եմ մի քիչ փոխել պայքարող երիտասարդի կերպարը: Երբ ես փոքր էի, հանրահավաք գնացող աղջկա կերպարն ինձ համար բացասական էր: Ամեն մեկս պիտի մեր կերպարը ստեղծենք, մենք չպետք է սոցիալական պրոդուկտ դառնանք: Ատում եմ, որ մարդիկ ապրում են սոցիալական ճնշման տակ:


[ Մոնոլոգ ]



մտքի ազատություն
Մտքի ազատությունը միշտ քաղաքականության հետ են ասոցիացնում: Բայց ես այլ կերպ եմ հասկանում: Չեմ սիրում, որ մարդիկ սեփական կարծիք չեն ունենում, ու չեմ սիրում, որ ուրիշի ազդեցության տակ են ընկնում: Աշխատում եմ կատարվածի մասին իմ կարծիքն ունենալ: Եթե չգիտեմ՝ ինչ է, կբացեմ, կկարդամ, բայց իմ կարծիքը պետք է վերջում ունենամ: Ազատության մեջ ես հենց մտքի ազատությունն եմ կարևորում: Ունենալ մտքի ազատություն և արտահայտել այն. ինձ համար դա է շատ կարևոր: