Յուրի Շևչուկ. Պատմությունը պոռնիկ է, ղեկավարներն՝ ագահ, «երգող վիբրատորներն»՝ անցողիկ

Յուրի Շևչուկ. Պատմությունը պոռնիկ է, ղեկավարներն՝ ագահ, «երգող վիբրատորներն»՝ անցողիկ

Յուրի Շևչուկը երգեր գրել սկսել է դպրոցական տարիքից, Ուֆայում: 1980-ին հավաքեց ДДТ-ի առաջին կազմը ու սկսեց համերգասրահներ լցնել : Ապա հաջոդեց տեղափոխությունը Պետերբուրգ, ծնվեց «Осень» երգն ու «Черный пес Петербург» ալբոմը: Շևչուկի ДДТ-ն անկասելի էր Խորհրդային վարչակարգի համար ու շարունակում է անզիջում լինել պուտինյան իշխանության հանդեպ: newmag-ը լսել է ռոք-երաժիշտ, քաղաքային պոետ, ուղղակի արտիստ Շևչուկի մենախոսությունը, երբ նա Հայաստանում էր:

ձանձրալի է
անընդհատ նվագել, երգել նույն ստեղծագործությունը: Ինձ փոփոխություններ են պետք: Ես փորձում եմ էքսպերիմենտներ անել, նոր ձայներ գտնել, նոր ռիթմեր: Երգը պետք է ժամանակին համահունչ լինի:

ռեփը
երաժշտության ավելի դեմոկրատացված տարբերակն է: Ամեն մի երիտասարդ կարող է ուղղակի լավ տեքստ գրել ու առանց գործիքների հավաքածուի, պարզապես ծնկներին խփելով` նվագել ու երգել: Մեր ժամանակ մենք էլ ենք այդպես սկսել:

«Երգող անդրավարտիք»
ասում են կանանց փոփ խմբերին: Ես էլ հորինել եմ «երգող վիբրատոր» բառը` տղայական խմբերի համար:


Մոնոլոգ


խորհում եմ

ինչպես ապրել այս աշխարհում… Ռուսաստանում, Հայաստանում, կամ մեկ այլ երկրում: Իհարկե, մենք ամբողջությամբ ազատ չենք, չկա ամբողջովին ազատ որևէ երկիր, քանի որ կան օրենքներ, պետություն:

Արիստոտելն է ասել, որ պետությունը մարդկանց ստիպում է իրար հետ ապրել: Բայց մարդը պետք է ունենա ներքին ազատություն: Մեզնից շատ բան է կախված, մեր մարդկային լինելուց է շատ բան կախված:

մարդ
լինելը շատ դժվար է. գայթակղությունները շատ են, մենք բոլորս իրար վրա շատ ենք ճնշումներ գործադրում: Բոլորը պետք է մարդ լինեն. բանվորն էլ պետք է մարդ լինի, ղեկավարն էլ:

քաղաքացիական հասարակություն
դառնալու ճանապարհը մենք բոլորս` Ռուսաստանը, Հայաստանը, նույն ժամանակահատվածում ենք բռնել ու նույն ճանապարհով ենք գնացել: Մենք անում ենք նույն սխալները: Իրար հետ նաև փոքրիկ հաղթանակներ ենք նշում: Մենք կառուցում ենք քաղաքացիական հասարակություն, բայց դա շատ ծանր է: Շատ դժվար ու շատ երկար ճանապարհ է:

պատմությունը
պոռնիկ է: Ամեն մի քաղաքական ուժ փորձում է պատմությունն օգտագործել, ինչպես իրեն է հարմար: Դա շատ վատ է:

Ես պատմությանը շատ եմ խղճում: Ես սիրում եմ պատմությունը: Պատմությունը գիտություն չէ, այն ավելի շատ միֆոլոգիա է:

արվեստի մարդիկ
շատ լուրջ թյուրընկալում ունեն, թե իրենք կարող են ներազդել իշխանության վրա: Իշխանությունը միշտ օգտագործում է այս կամ այն ստեղծագործողին` նկարչին, արվեստագետին: Իշխանությունը կարող է նվիրել բնակարան, բարձր աշխատավարձ, բայց դրա փոխարեն կօգտագործի արվեստագետին:

Արտիստը մեկ ղեկավար պետք է ունենա` Աստված: Արտիստը պետք է վախենա արքայական ողորմությունից և պետք է վախենա աստվածային բարկությունից:

shevchukկոչումները
արտիստին պետք չեն, կոչումը տալիս է լսարանը: Ստեղծագործական միությունները գուցե ինչ-որ հարցում օգնում են, ինչպես արհմիությունները` թոշակի գնացած աշխատակիցներին, բայց ոչ ավելին: Կոչումները անցյալի մնացուկներ են, չնայած ես էլ եմ ժողովրդական արտիստ: Երկու անգամ հրաժարվել եմ, բայց հիմա ես էլ ունեմ կոչում: Աստված չունի պարգևներ, ու մարդիկ ու Աստված այդ պարգևների համար չէ, որ ընդունում են մեզ:

ինձ նյարդայնացնում են
այն կառուցվածքն ու համակարգը, որ կան իմ երկրում: Այդ համակարգի պատճառով չկա մշակութային ստեղծագործական մթնոլորտ: Բոլոր միջին պաշտոնյաները ստում են մարդկանց, նրանք ոչ մեկին պետք չեն: Այդ համակարգը հավերժական չէ ու կենսունակ էլ չէ:

Փոքրիկ ղեկավարիկները մտածում են իրենց գրպանները լցնելու մասին:

ապագան
երիտասարդներն են: Ինչ երիտասարդ ունի երկիրը, դա էլ կլինի իր ապագան: Երիտասարդներն անվախ են, քանի որ ապրում են ոչ այսօրվա կյանքով:

կարևոր չէ
հոգին ինչ մարմնում է, թե այդ մարմինն ինչ տարիք ունի, ինչ կառուցվածք, մկանո՞ւտ է, թե՞ ոչ: Կարևոր է, որ մարդը լավ աչքեր ու հոգի ունենա:

Գրել կարծիք