Վահրամ Սահակյան. Հայաստանում փորն է պետք փոխել

Վահրամ Սահակյան. Հայաստանում փորն է պետք փոխել

Հայ ժամանակակից դրամատուրգիայի ամենաէպատաժային կերպարի մոնոլոգը ժամանակակից բրդոտ պոետների, փողի ու կյանքի մասին:

Զարմանում եմ

Հայ տղամարդը 30 տարեկանից սկսում է սպիտակել, ճաղատանալ, ծերանալ: Ամեն դեպքում այդպես է պատահում մեր արվեստագետների 70-80 տոկոսի հետ: Սպիտակ մազերով, բրդոտ մորուքով և ճաղատ: Չեմ սիրում այդ բրդոտներին: Ես մարմնական միայն մեկ խնդիր ունեմ. վերջերս գիրացել եմ, բայց դա կապված է նյութափոխանակության հետ: Բժշկական միջամտություն է հարկավոր, այն այս պահին կատարում եմ, որպեսզի փորս չհասնի Լոռի, Փամբակ, գոնե մինչև, ասենք, Ապարան, Հրազդան: Իսկ հոգևոր առումով մարդը 50 տարեկանում խելոքանում է: Ինձ ասում են՝ ինչո՞ւ քննատադություն չկա, կամ «youtube»-ում՝ տեսանյութ: Նախ ասեմ, որ դրա ժամանակն անցել է: Մարդիկ սովորել են մի կարծրատիպի: Իսկ ես, լինելով դերասան (իմ դիպլոմում գրված է դրամայի դերասան), տարբեր մասնագիտական կարողություններ ունեմ, սիրում եմ հանդես գալ տարբեր ոճերով: Ես գրում եմ պիեսներ, կատակերգություներ, դրամաներ, բանաստեղծություններ, քնարական ու այսպես ասած քաղաքացիական պատմվածքներ, գրքեր: Եվ խոհարարությամբ եմ զբաղվում: Այնպես որ շատ տարբեր եմ լինում: Կարծրատիպերը շատ տարածված և վտանգավոր բան են: Նոյեմբերին ինձ հրավիրել էին մի հեռուստաընկերություն, հարցնում էին՝ ա՛յ, Դուք հայհոյում եք բոլորին… Ես հարցրեցի, թե դա վերջին անգամ երբ են տեսել: Ես կատակով կամ այլ դեպքերում մինչև 2009-10 թվականներն եմ այդպիսի բաներ արել: Ինչո՞ւ եք կանչել: Մի՞թե դա հետաքրքրում է հեռուստադիտողին: Չի հետաքրքրում: Հեռուստադիտողին, մանավանդ ամսագրի ընթերցողին չի հետաքրքրի, թե Վահրամ Սահակյանն ինչ կարծիքի է Մոնիկա Բելուչիի մասին: Նրանց կարող է հետաքրքրել, թե ես ինչ սոուսներ եմ պատրաստում, ինչ կոկտեյլներ ու սուրճ եմ սիրում, ինչ սիգարներ եմ ծխում: Զարմանում եմ: Ես տարիներ շարունակ ապրել եմ Ֆրանսիայում: Այնտեղ կային շատ ու քիչ հայտնի արվեստագետներ. ա՛յ, մարդկանց դա կհետաքրքրի: Դա վիրավորական հարց է ինձ համար: Օրինակ՝ եթե ասեիք՝ ի՞նչ կարծիքի եք Խորեն Աբրահամյանի մասին, ես կհասկանայի:

Չի կարելի

Իմ կարծիքով՝ հասարակական կյանքում չի կարելի խոսել ինտիմ հարցերի մասին, վատ խոսել կամ հայհոյել այլ ազգերի, չի կարելի գերադասել քո ազգությունը, չի կարելի կոպիտ արտահայտություններ անել: Ամենաահավոր բանը. ասենք՝ խոսում ես ինչ-որ մեկի հետ, երրորդը գալիս է և քեզ ճանաչելով կամ առանց ճանաչելու՝ մտնում է խոսակցության մեջ, լինի խանութում, ընկերական շրջապատում, թե աշխատավայրում: Չնայած ես երբեք չեմ ունեցել աշխատավայր, չեմ աշխատել ու ոչ մի կուտակային ինձ վրա չի ազդում:
Ավտոտեսուչը մեքենայի միջից աղիողորմ ոռնոց է արձակում ինչ-որ մեքենայի կանգնելու-չկանգնելու համար: Չի կարելի: Նա պետք է որպես մարդ գիտակցի, որ չի կարելի մի մեքենայի համար ոռնոցով անհանգստացնել ամբողջ բնակչությանը: Քնած ու հիվանդ մարդիկ կան, առողջ մարդիկ կան, որ երաժշտություն են լսում: Դու ո՞վ ես, որ մի մեքենայի համար ոռնում ես: Այդպիսի բաներ եմ նկատել: Շատերը դրանից բարկանում ու սրտնեղում են: Կարծում եմ՝ այդպես պետք է լինի: Ես արտասահմանում չեմ տեսել, որ ոստիկանը խանգարի քաղաքացուն: Եթե ես ավտոմեքենայի ամրագոտին չեմ կապել, ինքը ձեռքով կհասկացնի, որ գցեմ: Այն դարը չի, որ կանգնեցնի վարորդին ու սկսի պետություն-պետություն խաղալ: Հասկացանք՝ օրենքը կա, օրենքը պետք է հարգել, լինի լավը, թե վատը: Բայց չի կարելի իրեն դնել մի 400 տարվա պետության տեղ: Այդ ամենը գռեհիկ է նայվում:

Ալեհեր բրդոտները

Ես ինձ թույլ չեմ տա անշնորհքություն անել: Արվեստագետի անշնորհքությունը, անկրթությունը, անքաղաքավարությունն այն է, որ վատ գիրք է գրում, վատ ֆիլմ է նկարում: Եթե ինքն իրեն նման բան է թույլ տալիս, ուրեմն հիմար է: Որովհետև չի հասկանում, որ դա չի կարելի: Վերջերս կարդացի մի քանի հոգու՝ 30-ամյա գրողների, բանաստեղծների, ու զզվեցի: Հեռավոր գյուղից եկել ես քաղաք ու հետ ես դարձել, գյուղացի պոետ ես: Գյուղում պե՞տք չեն պոետներ, ինչո՞ւ ես եկել այստեղ: Համո Սահյանն էլ էր եկել գյուղից, բայց նրա գրածը պոեզիա է, շունչ է: «Մենք գրող ենք, մենք այս ենք, մենք այն ենք», իսկ իրականում ինքնագործ էլ չեն: Հետո այդպես մեծանում են ու չարիք են դառնում իրենց ու մյուսների համար: Նախ՝ փչացնում են ինչ-որ խավի ճաշակ ու իրենք էլ ամբողջ կյանքում մնում են ինքնագործ, սրան նրան հայհոյող ու նեղսրտող, կոմպլեքսավորված լակոտներ: Դառնում են 60-70 տարեկան լակոտներ: Ա՛յ, այդպես, սպիտակ մազերով, բրդոտ էլ կվերանան:
Ես հիմարությունը նմանեցնում եմ տեսողությանը. եթե մարդ վատ տեսողություն ունի ու մեկ մետր է տեսնում, ակնոց էլ չկա, դրանից այն կողմ նա չի տեսնի, չի իմանա՝ իր մասին ինչ են խոսում, ինչպես են վերաբերվում իրեն, ոչինչ չի իմանա: Օրինակ՝ կան փտած գրողներ, որոնք չգիտեն, թե աշխարհում ինչ է կատարվում: Ազգայնամոլության վրա չի կարելի գրականություն կառուցել: Իսկ ավելի ճակատագրական է դյուրահավատությունը: Հավատանք քաղաքական գործիչ անվանվող իշուկներին, հորթերին: Այսպես գնալ, տանջվել ամբողջ կյանքում, մասնակցել ցույցերի: Կարելի է ասել, որ դա իմ գործը չէ, բայց ինքը հետո ասում է՝ էսքան կանգնեցինք: Է՛, չկանգեիր: Առաջին անգամ խաբվեցիր՝ խաբողն է մեղավոր, երկրորդ անգամ խաբվեցիր՝ ինքդ ես մեղավոր: Մարդը սխալների վրա է սովորում, բայց չի կարելի ամբողջ կյանքը սխալների վրա սովորել, սովորել, սովորել: Հետո կգա մի տարիք, որ կհասկանաս՝ այդ սովորածդ գործածական չէ, որովհետև քո մեռնելու ժամանակն է արդեն:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


Սահմանագծից այն կողմ

Կան լավ ու վատ աշխարհներ: Եթե դու քեզ շրջապատում ես այնպիսի մարդկանցով, որոնք քեզ հարազատ մարդիկ են, լինի ընկերուհիդ, կինդ, նրանց հետ զբաղվելը նորմալ է: Եթե ընկնում ես հիվանդության մեջ, զգում ես, որ կարող ես մահանալ ու դու ես դրա մեղավորը, դու ես մրսել, հարբել, կռվել ու վնասվել կամ ինչ-որ տեղից հիմարության պատճառով սայթաքել ես ու ընկել: Զգում ես, որ կարող է ամեն ինչ ավարտվել, վիրահատություն կարող է լինել, վատ երազներ ես տեսնում, տեսիլքներ են երևում. ինքնըստինքյան տեղափոխվում ես ուրիշ աշխարհ: Եթե, Աստված տա, այնտեղից վերադարձար, ուրեմն պարտավոր ես ապրել այնպես, որ արհավիրքներ այլև չհանդիպեն քո կյանքում: Դա կարող է օգուտ տալ քեզ, կարող է և օգուտ չտալ, եթե այլևս չես կարողանա որևէ բան փոխել:

Մի քանի բան եմ ափսոսում: Շատերն ասում են, որ իրենք չեն ափսոսում, բայց ամեն ինչը հիմնականում զուր է: Ափսոսում եմ այն տարիները, որոնք անցել են անիմաստ: Այսինքն՝ քեզ թվացել է, որ այդ տարիներին դու ինչ-որ ֆիլմ պետք է նկարես, գործ անես, գիրք գրես, բայց այնքան ես բարդացրել դա, այնքան ես դրա մասին մտածել, որ հետո չես հասցրել գրել: Այդ երկու տարին, որ մտածել ես, պետք է անեիր այսինչ բանը, բայց արել ես այլ բան: Եվ այդ մեկ այլ գործը կարող էիր անել մեկ ամսում: Պետք չէր այդ երկու տարին կորցնել այդ գաղափարի վրա: Ես սա ասում եմ երիտասարդությանը:

Ժամանակին աշխատում էի «Ար» հեռուստաընկերությունում: Այնտեղ ամեն մեկին թվում էր, թե իր արածը ոչ ոք չի կարող անել, ամենակարևորն ինքն է: Վա՜յ, իմ հաղորդման ֆորմատը: Է՛, փոխի՛ր ֆորմատը, քեզ ո՞վ է բան ասել, ո՞ւմ է պետք, կամ ո՞ր մի հեռուստադիտողը գիտի քո ֆորմատը: Մի խոսքով՝ կյանքն այսպես անցնում է: Ես երբեք չեմ մտածել մնալ արտասահմանում, բայց ես չեմ էլ մտածել մնալ Հայաստանում: Ես այն մարդը չեմ, որ ասեմ՝ որտեղ լավ է, այնտեղ կմնամ: Ուղղակի կյանք է: Ես չեմ մտածել գալ, գնալ, մնալ: Ես շատ լավ խոսում եմ հայերեն ու ֆրանսերեն: Եթե ինչ-որ բաներ համընկնեին, չխանգարեին, ես հիմա հաստատ կապրեի Ֆրանսիայում:

vahramԵրեխաների կրթությունը

Ես իմ երիտասարդ երեխաների մասնագիտական կրթությանը չեմ խառնվել, ոչ էլ խորհուրդ եմ տալիս, որ ուրիշը խառնվի: Թող անի, ինչ կցանկանա: Մի բան եմ նկատել. եթե մի բան շատ ես սիրում մանկուց, դառնում ես սիրող: Եթե երաժշտություն ես սիրում, բայց տաղանդ չունես, ստիպված պետք է դառնաս դիջեյ կամ FM աշխատող: Դու ստիպված ես այդ ուղին ընտրել ու էշ-էշ դարձել ես այդպիսին: Սիրում ես ֆուտբոլ, բայց ո՛չ ֆուտբոլիստ ես դարձել, ո՛չ մեկնաբան, ո՛չ էլ աջ եզրային մրցավար: Այսպես կյանքն անցնում է: Այդպես ավելանում են սիրող դերասանները, որոնք փոքր ժամանակ արվեստ են սիրել, թատրոն, կինո, դերասանների նկարներ են հավաքել: Ես թույլ չեմ տա, որ իմ երեխան դերասանների նկարներ հավաքի, ֆեյսբուքյան էջում ներբեռնի չգիտեմ ում նկարը: Ես դա թույլ չեմ տա: Հակառակ դեպքում նա կտրվի դրան ու կդառնա սահմանափակ, միօրինակ ճիճու: Սիրում ենք, սիրում ենք, սիրում ենք… Մի քիչ քի՛չ սիրեք: Մի՛ նվագեք, մի՛ երգեք, մի՛ խաղացեք, մի՛ պարեք. դա անող կա: Նրանց պատճառով, ովքեր այսօր սերիալներում են խաղում, մեծ ներկայացումները` «Իմ մեղքը», «Խաթաբալադան», չեն լինում: Դերասանները ցրված են սերիալներում, չես կարող նրանց հավաքել, մի կես տարի փորձի բերել: Նրանք անիմաստ ցրված են:

Փող

Փողով հնարավոր է առնել այն, ինչ սիրում ես: Եթե ես գումար ունենայի, տուն ձեռք կբերեի, գոնե կյանքիս վերջին տարիները կապրեի սեփական տանը: Ես ամբողջ կյանքում վարձով եմ ապրել: Մի խոսքով՝ ամեն ինչ: Միայն չասեք, որ սեր չի կարելի առնել: Գիտե՞ք ինչ, ես ուզում եմ ասել, որ գռեհիկ վերաբերմունք կա դեպի գրականությունը, կարեկցանք առաջացնելու մղում: Պրիմիտիվ, հին բառեր են գործածում: Ես չեմ սիրում դա:

Իմ գրական հերոսը

Ինձ շատ հարազատ է Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն դեպի գիշերվա եզրը» վեպի հերոսը՝ Ֆերդինանդ Բարդամյոն: Նա ճամփորդում է: Ես նույնպես: Բոլոր այն աշխարհները, որոնցում նա լինում է, իր աշխարհների մասնիկներն են: Կցանկանայի, որ երիտասարդությունը կարդար այդ գիրքը: Ասում են՝ չկա: Բոլորը սովորել են օնլայն ֆիլմեր նայել՝ ցածր որակով, աչքերը փչացնում են, խլանում, ոչ ոք հավաքածու չունի: Չի կարելի այդպես, եթե սիրում ես գիրքը, ունեցի՛ր, եթե երաժշտություն ես սիրում, ձայնապնակնե՛ր ունեցիր: Ես 50 տարեկանում կարողանում եմ ջազային ապրանքները բերել, գտնել, թարգմանել, իսկ իրենք ասում են՝ չկա: Կամ էլ ինտերնետով mp3 են լսում:

Ես հիմա մի վեպ եմ գրում: Այն հիմնականում ճամփորդությունների վրա է հիմնված: Հիմնականում 80-ական թվականներն են: Այդ ժամանակ ես ապրել եմ իմ երիտասարդությունը: Եթե ես մի քիչ ուշ ծնվեի, նման լավ երիտասարդություն չէի ունենա: Շատ երազային պատկերներ կան, ինչ-որ կոպիտ բաներ կան: Բայց պոեզիա էլ կա:

Ամեն բան փոխվում է տարիքի հետ

Մարդ կա՝ մեծանում՝ ապուշանում է: Դատարկ մարդը սկսում է ապրել միայն անցյալի հուշերով: Ես մարդիկ եմ նկատում, որոնք այնքան են հիմարացել, որ ոչ մեկի չեն հետաքրքրում նրանց գրածները: Ով ում ինչ արեց 90-ականներին, ինչ քաղաքական խարդավանք էր, ով ում մորթեց: Դա հետաքրքրո՞ւմ է այսօրվա երիտասարդությանը: Ո՛չ: Այդ դատարկամիտը չի կարողանում մոռանալ իր հիմար անցյալը: Մարդուց է կախված, թե ինչ կլինի հետո: Եթե մարդ հասավ 50-ի ու անում է այն, ինչ 20, 30, 40 տարեկանում էր անում, ուրեմն կարող էր և չապրել: Գոնե որպես արվեստագետ:

Աստծո հետ՝ դու-ով

Աստված մեծ հասկացություն է, հարգանքի հետ կապ չունի: Ընդհանրապես, ում շատ ես սիրում, պետք է դու-ով դիմես: Ո՞նց կարող եմ Դուք-ով դիմել իմ ընկերուհուն, որին շատ եմ սիրում: Իմն է, չէ՞, սեփականաշնորհված է: Աստծո առջև կանգնեմ՝ ինչ կասեմ… Թող դա իմ և Նրա մեջ մնա: Չի կարելի: Աստծո մասին պետք է խոսի միայն Նարեկացին:

Պետք է փոխել

Հայաստանում փորն է պետք փոխել: Դա է ինձ հուզում: Հայաստանում, եթե այս այսպես մնա, ես շատ գոհ կլինեմ: Եթե էլի փոփոխություն լինի, եթե նորից ոռնանք… Շատ դժվար է: Երևանն առաջացել է 20-րդ դարի կեսին: Մենք ո՛չ քաղաք ենք ունեցել, ո՛չ էլ որևէ բան: Քաղաքը սարքեցին, հետո քանդեցին, հիմա քիչ թե շատ մնացել է: Էլ ի՞նչ փոխես այստեղ: Մարդկանց մտածողությունը պետք է փոխվի: Երիտասարդն ասում է՝ Եվրոպա: Տղա՛ ջան, դու մի քանի ամիս գնա՛ Եվրոպա ոչ որպես տուրիստ, ապրի՛ր, մետրոներում քնի՛ր, իմացի՛ր մարդկանց: Դատարկ մարդու ուղեղում տպավորված է «փչացած Եվրոպա» ֆրազը, կամ հակառակը՝ այնտեղ լավ է, իսկ Հայաստանում ու Ռուսաստանում՝ վատ: Կամ՝ Եվրոպան վատն է, մենք ենք լավը: Մի խոսքով՝ ես ատում եմ այդ կարծրատիպերը, ավելի ճիշտ՝ ուշադրություն չեմ դարձնում:

Եվրոպան բաղկացած է պետություններից: Ես չէի եղել Նորվեգիայում, Ֆրանսիայից գնացի այնտեղ: Գիշերը զբոսնում եմ իրենց մայրաքաղաքում. սրճարանում մարդ չկա, տներում նստած են: Մարդիկ շատ աստվածավախ են: Ինձ դուր չեկավ, ես սիրում եմ մեծ քաղաքներ՝ Փարիզ, Մոսկվա: Դրանք միանգամայն տարբեր երկրներ են: Շվեդիան ուրիշ է, Նորվեգիան՝ ուրիշ: Գերմանիան ու Նիդերլանդները գուցե նման են, բայց Դանիան ուրիշ երկիր է:
Միօրինակ մարդը սարսափելի է: Ո՛չ կարդացած է, ո՛չ երաժշտություն գիտի, ո՛չ գիտություն: Նա գիտի մի բան՝ այն, ինչ լսել է 18-22 տարեկանում: Եվ այդպես ապրում է մինչև կյանքի վերջ: Այդպիսի մարդկանց ես չեմ հանդիպում, բայց գիտեմ, որ կան: Ես չեմ ասում, թե նրանք վատն են: Երիտասարդությունը թող օգտվի նոր տեխնոլոգիաներից, ինտերնետից, թող ճանաչի, հասկանա, վայելի: Կյանքը ոչ միայն աշխատելու, այլև վայելելու համար է: Կդառնաք 50 տարեկան և կհասկանաք, որ ամբողջ կյանքում աշխատել եք, պայքարել եք չգիտես ինչի դեմ, իսկ կյանքն անցավ: Վերջ:

 

Գրել կարծիք