Հովհաննես Մարգարյան. Հնարավոր չէ փող տալ և ասել` հավատա´ ինձ

Հովհաննես Մարգարյան. Հնարավոր չէ փող տալ և ասել` հավատա´ ինձ

ՕԵԿ պատգամավորը հիսունն անցի, դոլար-դրամի, հավատի ու հպարտության մասին:

իմ հպարտությունը

Ես ավելի շատ հետաքրքրվում էի լավագույն դերասաններով: Ինձ համար ավելի ընկալված դերասան էր Ալեն Դելոնը: Շառլ Ազնավուրը և´ արվեստագետ է, և´դերասան: Լինելով գյումրեցի` միշտ հիացել եմ իմ քաղաքով, մեր համաշխարհային տաղանդներով ու լեգենդներով: Հովհաննես Շիրազն ու Մհեր Մկրտչյանը եղել են իմ հպարտությունը:

հիսունն անց

Դեռ պատրաստ չեմ ընկալել, որ արդեն 50 տարեկան եմ: Տարբեր զրույցների ժամանակ միշտ փորձել են ներկայացնել, որ 50 տարին կյանքի այն տարիքն է, որ կարծես թե կյանքի հետ լինում ես 5-0: Եվ դրանից հետո մինչև 55 շարունակում ես, ու հաշիվը հավասարվում է` դառնալով 5-5: Դրանից հետո սկսում ես սարն իջնել, աստիճանաբար իջնել:

չի կարելի

Կյանքում չի կարելի դավաճանել, կյանքում չի կարելի ստել, կյանքում չի կարելի սեփական կամքին հակառակ քայլեր կատարել: Մեկ-մեկ ասում են, թե ավելին արժի մարդու գործը, քան խոսքը, սակայն մենք հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են հանգամանքներն ավելի զորեղ դառնում, քան սկզբունքները: Ես չեմ ուզի, որ հանգամանքներն այնքան զորեղ գտնվեն, որ կարողանան հաղթել սկզբունքներին:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


հավատ

Երբ հավատի սահմանագիծը մարդիկ անցնում են, այսինքն` կորցնում են հավատն իրենց նկատմամբ, ի հայտ է գալիս այն սահմանագիծը, որից հետո փոխվում է ամեն ինչ: Ես ինքս հավատի մարդ եմ: Ամեն ինչի առանցքը, հիմքը, հիմնաքարը և անկյունաքարը հավատն է: Հավատն այն արժեքն է, որը մարդունն է միշտ:

ուսում

Երեխաները դաստիարակության կարիք ավելի շատ ունեն: Կրթություն ստանալով` իրենք են որոշում իրենց մասնագիտությունը, բայց հայ երեխայի առաջին դաստիարակությունը պետք է լինի հայրենասիրությունը: Երեխան պետք է պատկերացնի, որ իր հայրենիքն իր մեծ տունն է, իր մեծ օջախն է:

դոլար – դրամ

Շատ քիչ բան կա, որ փողով չի կարելի անել: Ես միշտ դեմ եմ եղել, երբ ասել են, թե բացի առողջությունից` ամեն ինչ հնարավոր է գնել: Շատ արժեքներ կան, որ հնարավոր չէ գնել, որովհետև դրանք չեն վաճառվում: Այդ արժեքներից մեկը սերն է: Հնարավոր չէ, որ մեկին փող տաս ու ասես` ինձ սիրի´ր: Այդ արժեքներից մեկն ընկերն է: Հնարավոր չէ մեկին գումար տալ և ասել` ինձ հետ ընկերությո´ւն արա: Ի վերջո, հնարավոր չէ փող տալ և ասել` հավատա´ ինձ: Այդ հավատը պետք է վաստակես, որ հավատա քեզ: Իսկ հավատն ավելին արժի, քան ցանկացած արժեք: Տան մեջ չես կարող փողով ձեռք բերել քո երեխաների հարգանքը:

margaryanլեգենդար կերպար

Ես ավելի շատ տեխնիկական գրքերի հանդեպ եմ սեր ունեցել: Մայն Ռիդից չեմ կարողացել կտրվել: Ինձ շատ հոգեհարազատ է եղել նաև Պարույր Սևակը: Ավելի շատ գեղարվեստական գրքեր եմ կարդացել, օրինակ` Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին»: «Մուսա լեռան 40 օրը» 3 անգամ եմ ընթերցել և ավելի շատ եմ հպարտացել, որ հայ եմ:

դու և Դուք

Դու-ն ավելի անմիջական է, Դուք-ն ավելի օտար է: Ավելի սրտամոտ է դու-ն, ավելի անմիջական: Ես չեմ պատկերացնում, որ մարդն իր ընկերոջը կամ իր երեխաներին դիմի Դուք-ով:

փոխենք

Շատ բան կա փոխելու Հայաստանում, բայց նախ պետք է փոխենք սերը միմյանց նկատմամբ: Պետք է փոխվի այն մթնոլորտը, որում մենք ապրում ենք: Իսկ դա փոխելու համար, կարծում եմ, շատ քիչ բան պետք չէ: Պետք է հասնենք նրան, որ օրենքի դեմ բոլորս հավասար լինենք` անկախ մեր գրպանից, անկախ մեր զբաղեցրած աթոռից: Սիրելով միմյանց` հավատանք մեր ապագային, կորած հավատը վերականգնենք:

Գրել կարծիք