Դավիթ Սահակյանց. Այսօր քաղքենիները շատ են

Դավիթ Սահակյանց. Այսօր քաղքենիները շատ են

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը սեփական ուսուցչի, բանտ նետվելու, քաղքենիության և կեղծիքի մասին…

նույն երազը

Հիմնականում չի լինում այնպես, որ նույն երազը տեսնեմ: Այն զգացողություններն ու հույզերը, որոնք ես ապրում եմ ինչ-որ երազ տեսնելուց հետո, պարզապես կրկնվում են:

եթե ինձ նետեն բանտ

Չգիտեմ՝ ինչ կլինի: Երբևէ չի եղել առիթ, չեմ մտածել, թե ինչ կլինի, եթե ես բանտ նստեմ: Կարծում եմ՝ շատ վատ ու ահավոր փորձություն կլինի ինձ համար: Աստված թող այդ փորձությունից հեռու պահի բոլորին:

ինչպես պետք է հեռանալ

Միանգամից մտածեցի կյանքից հեռանալու մասին: Ոչ մի դեպքում կյանքից չհեռանալ անախորժության պատճառով կամ մտերիմների հետ կռված լինելով: Պետք է հեռանալ՝ բարին կամենալով:

սրիկայության բանաձևը

Դավաճանություն` նախ և առաջ ինքդ քեզ: Եթե ազնիվ ես քո անձի հետ, ուրեմն դավաճան չես: Կարևորում եմ ես-ը, քանի որ ուրիշին դավաճանելը շատ սուբյեկտիվ է:

կարողացել եմ հրաժարվել

Եղել են դեպքեր, որ հրաժարվել եմ աշխատանքի նոր առաջարկներից` համարելով, որ այս պահին իմ արած աշխատանքն ավելի կարևոր է:

ժողովրդի անունից խոսողները

Միշտ չէ, որ քո խոսքը համընկնում է ժողովրդի կարծիքի հետ: Եթե կշիռ ունեցող մարդ ես, քո արտաբերած յուրաքանյուր միտք կարող է որոշ մարդկանց  համար որոշիչ լինել: Բոլոր ժամանակներում ժողովուրդը շատ ավելի խելացի է, քան անհատը:

իմ տարիքը

Իմ տարիքն ինձ հիշեցնում է կորցրած ժամանակի մասին, որովհետև ապրելով սկսում եմ ավելի ու ավելի կարևորել այն բոլոր պահերը, օրերը, որոնք բաց եմ թողել: Այնուամենայնիվ, չեմ ափսոսում այդ ամենի համար, որովհետև կարծում եմ, որ այսօրվա իմ կարգավիճակը դրա արդյունքն է:

իմ ուսուցիչը

Ինձ կրթել են հայրս, մայրս ու առհասարակ այն մարդիկ, որոնք կարողացել են բացել ու փոխել իմ աշխարհայացքը, մտահորիզոնը: Կյանքի ուսուցիչ կարող են լինել ոչ միայն ծնողները, այլ նաև հասարակ  մարդիկ՝ նրանք, որոնք ինչ-որ բան տվել են քեզ ու ինչ-որ բան են փոխել քո մեջ:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


քաղաքավարություն

Քաղաքավարությունը սկսվում է առավոտյան, երբ դուրս ես գալիս տնից: Ինչպես ես բարևում մարդկանց,  փակում դուռը քո ետևից: Սա է քաղաքավարությունը:

քաղքենի

Ցավոք սրտի, այսօր քաղքենիները շատ են: Քաղքենի դառնում են այն ժամանակ, երբ իրենց վեր են դասում մյուսներից: Քաղքենի կարող է լինել յուրաքանչյուր ոք:

sahakyancմտքի ազատությունը

Պետք է ճիշտ ժամանակին կանգ առնել ու մտքերը ճիշտ արտահայտել: Ինձ համար սա է մտքի ազատությունը:  Ազատության ու անարխիայի սահմանը շատ նուրբ է, որը կարող ես աննկատ ու հանգիստ անցնել, դրա համար շատ կարևոր է ժամանակին կանգ առնելը, որպեսզի քո իսկ գծած սահմանը չանցնես:


իմ սեղանը

Իմ ամենասիրելի վայրն է: Իմ սեղանին պետք է լինի ինձ անհրաժեշտ ամեն ինչ` իմ գրիչները, թղթերը, սուրճի բաժակն ու երեխաներիս արած նկարները:

նոր սերունդ

Նոր սերունդը լավն է, բայց ինչ-որ վտանգ եմ տեսնում: Նոր սերունդը կարևոր արժեքների կորուստ է ապրում, բայց միաժամանակ շատ հետաքրքիր ու տաղանդավոր է:

արևածագ

Ես սիրում եմ արևածագը: Այն մի նոր բանի սկիզբ է. սկսվում է օրը` իր հետ բերելով նոր հույսեր, նոր գործեր: Ես  ավարտ չեմ սիրում:

Գրել կարծիք