Վստահորեն խորհուրդ կտամ հնարավորինս շտապ ձեռք բերել գիրքը

Ավարտեցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Զլատան Իբրահիմովիչի մասին պատմող հուշագրությունը։ Գրքի վերնագիրն ամբողջությամբ նկարագրում է Զլատանի էությունը, մարդ, ով դառնալով ֆուտբոլային աշխարհի ամենավառ աստղերից մեկը և իր նվաճած տիտղոսներով պատմություն կերտելով, չդավաճանեց իր էությանն ու սկզբունքներին։

Զլատանը, հասնելով աներևակայելի բարձունքների, երբեք չմոռացավ, թե որտեղից է սերում և չդավաճանեց իր արմատներին։ Գրքում դուք կհանդիպեք Զլատանի անկեղծ խոստովանություններին, անկեղծ վերաբերմունքին իր թիմակիցների և մարզիչների նկատմամբ, որ երբեմն հնարավոր է նաև տարօրինակ զգացումներ առաջացնի, սակայն, ի վերջո, վստահ եմ՝ հենց այդ անկեղծության շնորհիվ էլ ավելի բարձր կգնահատեք նրան։

Շվեդ ֆուտբոլիստն իր մեջ ունի հաղթողի հոգեբանություն․ իր հայտնված բոլոր ակումբներում նա գրանցել է բացառիկ հաջողություններ և թիմին բերել կարևորագույն հաղթանակներ։ Նա միակ ֆուտբոլիստն է, որը 11 անգամ հռչակվել է չեմպիոն 4 առաջնություններում՝ Հոլանդիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում։ Միակ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը 7 տարբեր թիմերի կազմում՝ «Այաքս», «Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա», «Միլան», ՊՍԺ և «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ձեռքբերված տիտղոսները ևս անհաշվելի են ու բացառիկ։ Այս ամենով հանդերձ, նա ամբողջ կյանքում նվիրված է իր ընտանիքին, ընկերներին և իհարկե, իր սիրելի Հելենային, ով պարգևել է նրան երկու որդի և մշտապես կանգնած է իր կողքին թե՛ փառքի, թե դժվարության պահերին։ Դե ինչ, ով ունի մոտիվացիայի պակաս, ով հետաքրքրված է հաղթողների և բացառիկ մարդկանց կյանքով, վստահորեն խորհուրդ կտամ հնարավորինս շտապ ձեռք բերել գիրքը, այն Ձեզ վստահորեն դուր կգա։ Շնորհակալություն Նյումեգին հրաշալի աշխատանքի համար։