Այս գիրքը նորովի է բացահայտում հեղինակին

Կարծում եմ՝ այս գիրքն արդեն ընթերցած մարդիկ կհամաձայնեն,որ այն նորովի է բացահայտում հեղինակին, բոլորիս կողմից ճանաչված Արման Սաղաթելյանին։ Այստեղ ներկայացվում է մեր պատմության ամենադժվար, մութ, բայց ըստ էության նաև ամենալուսավոր տարիների՝ 1991-1993թ․․ի մասին, ժամանակ, երբ կյանքն այլ էր, արժեքներն ու բարքերը ևս տարբեր էին։ Այս վեպում պատմվում է 17-ամյա երկու երիտասարդների մասին, ովքեր, ծնողներից թաքուն, դժվարություններ հաղթահարելով, հասնում են Արցախ և մասնակցում ռազմական գործողություններին։ Այն իրական ընկերության, հոգատարության, մարդկային վախերի և հաղթանակի մասին է։ Ինձ հատկապես գրավեց այն հանգամանքը, որ հեղինակը չի փորձում հերոսացնել, հաղթական լույսի ներքո ներկայացնել իրեն և շրջապատը, այլ անկեղծ ներկայացնում է այն երիտասարդի զգացումներն ու հույզերը, ով հայտնվել է ռազմաճակատում և պարզապես պայքարում է ողջ մնալու համար, կարծում եմ՝ հենց այս պարզ մարդկային, ոչ պաթետիկ նկարագրումն է գիրքը դարձնում էլ ավելի հետաքրքիր ու ազդեցիկ։ Իսկ այժմ մեկ անձնական դրվագ ներկայացնեմ՝ երբ սկսեցի ընթերցանությունը, անգամ չէի պատկերացնի, որ կհանդիպեմ ինձ համար այդքան հարազատ ու թանկ հուշագրությունների, գրքում մի քանի անգամ ներկայացվում է իմ հարազատ Առաջաձոր գյուղը, որտեղ հեղինակն իր զինակից ընկերներով մի քանի անգամ հանգրվանել է՝ նախքան մարտական դիրքեր գնալը։ Այս պատահականությունն էլ ավելի հետաքրքիր դարձրեց գրքի ընթերցանությունը, չի բացառվում, որ նաև իմ հարազատներն են ակամա դարձել այս վեպի հերոսները։ Շնորհակալ եմ պարոն Սաղաթելյանին, որ վերադարձրեց ինձ իմ մանկություն, իմ հարազատ վայրեր։ Շնորհակալ եմ Նյումեգ հրատարակչությանը , որ հենց այս գիրքն ընտրեցին ինձ համար։

Այլ կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել