Գրքի հմայքը կատարելագործում է դետեկտիվը՝ դարձնելով ավելի հյութալի

Ասում են` խաղողը նման է մարդուն, այն պետք է տառապի ու գոյության պայքար մղի բնավորություն կերտելու համար։ Հակառակ դեպքում կստանանք ջրալի, անհամ խաղող, և գինին էլ կլինի նույնը։ Մենք՝բոլորս, մահկանացու ենք մինչև առաջին համբույրը կամ գինու երկրորդ բաժակը։ Էդուարդո Գալեանո ուրուգվայցի լրագրող և վիպասան Վահան Զանոյեանը(ծնվ. 1951) Լիբանանում ծնված ամերիկահայ գործարար, գրող և բանաստեղծ է։ Ստեղծագործել սկսել է դեռ վաղ տարիքից, հեղինակ է երկու բանաստեղծական հատորների և չորս վեպերի։ Չորրոդ վեպը՝ «Անապակ առեղծվածը» անգլերենից հայերեն թարգմանվել և հրատարակվել է 2022-ին։

Հայկ Քոլեյանը փորձառու գինեգործ է, ով երկար տարիներ Իտալիայում գինեգործության և վաճառքի բնագավառում հարուստ փորձ կուտակելուց հետո վերադառնում է Հայաստան, դառնում Հայաստանում գինու արտադրության վերածննդի առաջամարտիկներից մեկը։ Արամ Ալմայանը մեծահարուստ գործարար է։ Հաստատված լինելով Մոսկվայում՝ վաճառում է իր խաղատների ցանցը և իր աղջկա՝ գեղցկուհի Կառլայի օգնությամբ և գլխավորությամբ Հայաստանում հիմնում է «Ալմա» գինեգործարանը։ Վան Դորյան․ գինեգործ – փիլիսոփա, Հայաստանում առաջին գինու բար-ռեստորանի սեփականատեր։ Վանի մշակած տեսության համաձայն մարդկային յուրաքանչյուր հուզական վիճակին կա համապատասխան գինի, որը կարող է և՛ սաստկացնել, և՛ թեթևացնել մարդու հուզական վիճակը։ Այս մարդկանց միավորում է կիրքը գինեգործության և անսահման սերը հայրենիքի նկատմամբ, ձգտումը վերականգնելու 8000 տարվա պատմություն ունեցող հայկական գինեգործական ավանդույթները։ Նրանց արտադրած գինիները, մասնավորապես Հայկի հռչակավոր «Կորահը» հայտնվում են խարդախ կեղծարարությունների կիզակետում, սպանվում է Մոսկվայում խմիչքի առևտրով զբաղվող ամենամեծ ընկերության աշխատակիցը։ Խարդախությունը և աշխատակցի սպանությունը բացահայտելու համար Արամ Ալմայանը գործի է դնում իր ուժը, խելքը և իհարկե մոսկովյան երբեմնի ծանոթությունները։ Գրքի շնորհանդեսի առաջին րոպեից ես հասկացա, որ այս գիրքը միանշանակ կարդալու եմ ու չսխալվեցի։ Նախ և առաջ ուզում եմ ընդգծել գրքի ինֆորմատիվ բնույթը։ Յուրաքանչյուր գլուխ սկսվում է հայկական խաղողի տարբեր սորտերի նկարագրությամբ՝ ծագման տեղանք, շիվի գույն, տերևի և ողկույզի չափ ու գույն, պտղի հյութալիություն և թե ինչ գինի է ստացվում տվյալ տեսակից։ Բոլորս էլ տեսել ենք, թե ինչպես են հայտնի սոմելիեներ և գինու գիտակներ հատուկ ձևով համտեսում գինին , բայց երբեք ոչ մեկ չի մանրամասնում գինու համտեսման մշակույթի գաղտնիքները։ Այս գրքում բացահայտվում են այդ գաղտնիքները՝ ինչպես բռնել բաժակը, ինչպես հոտ քաշել, ինչպես համտեսել, որպեսզի անվարժ քիմքը զգա համերի ամբողջ փունջը։

Գիրքը ստիպում է ընթերցողին այլ աչքով նայել Հայաստանին, ինչպես Մուրադը կնայեր Արուսին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում, հպարտությամբ, առանձնահատուկ ջերմությամբ ու քնքշությամբ։ Բացահայտվում է Հայաստանի, մասնավորապես Վայոց Ձորի գինեգործական հսկա պոտենցիալը, Արենի խաղողի տեսակի որակը, անփոխարինելի համը։ Եվ վերջապես գրքի հմայքը կատարելագործում է դետեկտիվ մասնիկը, այն դարձնում է ավելի հյութալի, այնպես, որ մինչև վերջին էջը չկարդաս չես հագենա։

Այլ կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել