Հեղինակը ապացուցում է, որ կնոջ էներգիան ու ուժն ահռելի է, մայրական բնազդը՝ անսպառ, տոկունությունը՝ անխոնջ

Գուզել Յախինայի՝ «Զուլեյխան բացում է աչքերը» վեպն իր մեջ ընդգրկած մի շարք իրադարձություններով արտացոլում է կնոջ էությունը։ Վեպի սկզբում ներկայացվում է թույլ, անկամ, իր ցանկություններն ու նպատակները չունեցող կնոջ, ում դեռ մանկուց սովորեցրել են, որ կանայք ծնվում են միայն ծառայելու, իրենց ամուսինների,ամուսնու ընտանիքի անդամների կարիքները հոգալու համար։

Դեպքերի և իրադարձությունների ընթացքը վեպի հերոսուհուն՝ Զուլեյխային, լիովին վերափոխում է, անցնելով մի շարք դժվարությունների միջով, պայքարելով իր և իր որդու ապրելու իրավունքի համար, Զուլեյխան ժամանակի ընթացքում դառնում է ինքնավստահ, ինքնուրույն ու ինքնաբավ էակ, նա կարծես վերածնվում է։

Հեղինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրականում կնոջ էներգիան ու ուժն ահռելի է, մայրական բնազդը՝ անսպառ, տոկունությունը՝ անխոնջ։ Վեպում մանրամասն նկարագրվում է 1930-1940-ական թթ․ սիբիրյան կյանքի սոսկալի պայմանները, աքսորյալների ամենօրյա պայքարը խստաշունչ բնության դեմ։

Հ․Գ․ Ընթերցանության ամբողջ ընթացքում կարծես ֆիլմ էի դիտում, կարծում եմ, որ այս վեպը հետագայում կդառնա շատ ազդեցիկ ֆիլմի սյուժե, որին այս պահից սկսած անհամբեր սպասում եմ։