Հանուն խաղաղ կյանքի ու խաղաղ մահվան

Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք»-ը բասկերի ազատագրական պայքարի մասին ցավոտ պատում է, որ սուր գործիքով աննկատ ծակում ու ցավեցնում է քեզ` առանց կոպիտ բառերի, դուրս ցցված հույզերի ու ոգեշունչ նկարագրությունների։ Ամեն ինչ կատարվում է լռությամբ ստվերված։ Պատմությունը պտտվում է միամտորեն իրար թշնամի համարող ու նախկինում` մտերիմ ընտանիքների շուրջ, ովքեր մի պահից սկսած էլ չեն կարողացել նայել նույն ուղղությամբ ու լուռ մեջքով են կանգնել իրար։ Բասկերի ազատության ու ինքնության համար պայքարը վերածվել է աններելի հանցագործության. ETA ահաբեկչական խումբն արդեն քանի տարի է, ինչ հալածում է մարդկանց. բազում սպանություններ ու ահաբեկչություններ` Բասկերի երկրում։ Բիչորին այցելում է իր ամուսնու գերեզմանն ու զրուցում Չատոյի հետ. կենցաղային թեմաներոց։ Ասես ոչինչ չի եղել, ժամանակը երբեք առաջ չի գնացել, իսկ մահն այդ ավանով չի էլ անցել։ Պատմում է իրենց աղջկա մասին, թե ինչպես է գլուխը կորցրած փորձում փրկել իր ամուսնությունը, իր տաղտկալի առօրյայի մասին, որտեղ այդքան պակասում է նա։ Բիչորին իր աղջկան՝ Ներեային էլ չի կարողանում ներել, որ նա այդպես էլ չեկավ հոր թաղմանը։ Բիչորիի ընտանիքը զոհն է անգութ մի հրեշի՝ անտարբերության ու մարդկային անկարողության, այն ոչինչը, որ մարդկանց ընտրությամբ է «կատարվում». ու երբ տեղի է ունենում աններելին` դա մարդկանց բերանում բառերի չի վերածվում, այլ կուլ է գնում ձկան ու աղցանի հերթական կտորի հետ միասին, գնում է ստամոքս՝ բնազդի ու լռության բնակավայրը, իսկ այն ինչ դուրս է գալիս կոկորդից՝ անհասկանալի բառակույտ է, որն արձագանք չունի, և չի պարունակում ոչ մի նշան ու խորհուրդ։ Բիչորին և իր ընտանիքը սարսափելի հանցագործության զոհն են դարձել, սակայն արի ու տես, որ իրենց հայրենիքում մարդիկ զոհի կոկորդից բռնած են շարունակում ապրելը՝ խղճալով ու կարոտելով մեղավորներին։ «Հայրենիք» վեպում լռությունը պատմության շաղախն է. այն լցնում է բոլոր ճաքերն ու փոսերը, լիացնում է պատումը դատարկության հնչյուններով։ Կանայք են այս վեպի հերոսները, նրանք են ապրում կարծրացած կյանքը, իրենց մեջքին կրում ծանրությունը եղածի, գոռում են ու լաց լինում, կանանց հույզերն ու մեկնաբանություններն են, որ ժամանակի սլաքն առաջ են տանում։ Կանայք չեն կարողանում լռել ու դա միակ փրկությունն է իրենց։ Իսկ տղամարդիկ՝ անլեզու էակներ, խոսում են այլաբանության (այս դեպքում՝ անմիտ) լեզվով, անզոր նստած իրար ու իրենց կանանց կողքին՝ կարծես լռությամբ ահաբեկում են՝ մարդու սկզբնական վախը սրտում։ Երբ տարիներ անց Բիչորին վերադառնում է ավան՝ հաղթահարելով վախը, չներելու հրեշին, երբեք իրեն չպատկանող ամոթի զգացումն ու այն լռությունը, որին երբեք չի արժանացել, ավանում կյանքը կարծես թե ձևականորեն խառնվում է իրար (զոհից երես թեքողների կյանքում ոչինչ մնացյալ չէ)։ **մեջբերում** - Ինձ այդպես ասաց։ Որ ավան չգամ՝ խաղաղության գործընթացը չխաթարելու համար։ Դե՛, հասկանում ես, զոհերը խանգարում են։ Ուզում են մեզ ավլել, գորգի տակ թաքցնել։ Որ չերևանք ու անհետանանք հասարակական կյանքից, որ նրանք հաջողեցնեն իրենց դատապարտվածներին բանտերից հանել։** Միրենը՝ Բիչորիի ընկերուհին նախկին անհոգ կյանքից (մինչև հիմա հիշում է, թե ոնց են երկուսով ցանկացել միանձնուհիներ դառնալ ու շատ օրեր են քննարկել դա), չոր ու փշոտ բնավորությամբ, նյութական կյանքի բարիքները երբեք չվայելած, բայց նյութն իր հոգուց բարձր դասող մի կին, երբ իմանում է Բիչորիի՝ ավան հետ գալու մասին բոթը, խառնվում է իրար (իր բանտարկյալ որդին հենց ETA-ից է). նրա մեջ կասկածի վախն է արթնանում՝ իսկ ի՞նչ, եթե Բիչորին եկել է վրեժ լուծելու, ախր հազիվ վերականգնվել էինք ցավից, ինչու է ուզում աղ լցնել մեր վերքի վրա. զարմանալի է, որ Միռենը երբեք էլ վերքի ու աղի ճշմարիտ աղբյուրներն ի վիճակի չեղավ ընկալել։ Նրա փոքրիկ ուղեղիկը լցված է ահաբեկչության հույսով՝ նա հավատում է իր որդուն, հավատում է, որ նա ամեն ինչ տեղին է արել, ամեն ինչ ճիշտ է արել, երբեք չի վրիպել ու հաստատ գիտի, թե ինչ է անում։ Նույնիսկ իր կրստեր որդու՝ Գորկայի մասին այդքան հիացմունքով չի արտահայտվում (չնայած, որ վերջինս կրթված, խելացի երիտասարդ է, ում համար մտավոր ուժը վեր է ամեն ինչից): Ֆերնանդո Արամբուրու **մեջբերում** Մի՛ նեղվիր, եղբա՛յր։ Կյանքի օրենք է։ Վերջում միշտ մոռացումն է հաղթում։ ** Մահվան ամոթը. սրա մասին հարցրեք Ներեայից, ով հոր սպանության ժամանակ Մադրիդում էր ու բարում եղած ժամանակ հեռուստացույցից է իմանում մահվան մասին։ Ներեան ցավի ու ամոթի խառնածին զգացողություններ է ունենում, նա մինչև վերջ էլ չի կարողանում հաղթահարել մահվան ամոթը, բայց ձգտում է. ուզում է գնալ բանտ ու անձամբ խոսել Միռենի որդու՝ Խոշե Մարիի հետ, ով իր հոր սպանության մեղավորներից մեկն է։ Իսկ Բիչորին շատ բան չի ուզում՝ ընդամենը մի բառ Խոշե Մարիից. ուզում է, որ նա ներողություն խնդրի։ Որ հանգիստ խղճով ննջի ու երբ Չատոյի մոտ գնա՝ գոնե մի լավ նորություն տանի էնտեղ՝ էդ գազանը ներողություն է խնդրել, կարող ենք հանգիստ մնալ գերեզմանոցում՝ մինչև ժամանակների ավարտը։ Արանչոն` Միռենի դուստրը, ով հետո պիտի պատասխան տա երբեք չարածի համար ու իր մարմնի բանտում հայտնվի, ասես սուրբ լինի։ Արանչոն իսկական նվեր է բոլորի կյանքում, հոգատարության, մեղմության ու հանդուրժողականության մարմնավորում։ Ոչ մի վնաս իրենից. միայն սեր անսահման ու բարկություն` ըստ արժանվույն։ Գրքում երրորդ դեմքն ընդհատվում է հերոսների՝ առաջին դեմքով գրված նախադասություններով. սա հրաշալի հնարք է հենց ա՛յս գրքի համար. կարծես հերոսներն այնքան շատ բան ունեն ասելու, որ չեն համբերում ու ընդհատում են հեղինակին՝ ինտիմ մեկնաբանություն թողնելով, պարզաբանելով այն, ինչը գուցե, ըստ իրենց, հեղինակը չկարողանա լիարժեք դուրս բերել գրական դաշտից ընկալումների տարածություն՝ տարվելով պատմելու մեխանիկակական գործողությամբ։ Գրքում չկա ոչ մի կերպար, որի հանդեպ սիրո ու կարեկցանքի խառնածին զգացմունք չունենաս` գոնե մեկ անգամ։ Այստեղ բոլորն աբսուրդի հասնող աստիճան ունեն իրենց արդարացնող սիմվոլիզմը։ Հեղինակը դա անձամբ կերպարների ձեռքն է տվել, որպես անպարտելիության դրոշակ։ 2016 թվականին գրված «Հայրենիք» վեպն անչափ մարդկային է՝ գազանն այստեղ մարդանման է, մարդու մղումներով ու ցանկություններով։ Իսկ մոռացումը հաղթում է վերջում. և սա ամենամարդկայինն է կյանքում կատարվող բոլոր միջադեպերից։ Մոռացումն է, որ կործանում է եղածներին ու թույլ տալիս մյուսներին շարունակել ապրելը. դա ցավոտ ու կենսական անհրաժեշտության մի տարր է։ Զգացմունքների, կրքերի, հիշողությունների, վրեժի ծարավի ու խեղճության մեղմացում, հարթեցում ու հավասարեցում կյանքի անդառնալի հոսքին։ Մոռացումն է այն գինը, որը վճարում են «Հայրենիք»-ում ապրող հերոսները՝ ևս մեկ անգամ զոհաբերելով իրենց ցասումը՝ հանուն խաղաղ կյանքի ու խաղաղ մահվան, որ մանկան քնի է նման։