Գիրքը շնչում էր ու ապրում, անհնար էր կտրվել պատմությունից

Գուզել Յախինա - Զուլեյխան բացում է աչքերը Վեպի գործունեությունները սկսվում են 1930 թվականին թաթարական մի գյուղում։ Հենց այս ժամանակ էր, որ իրականացվեց Ստալինի կուլակաթափության ծրագիրը ինչի զոհը դարձան Զուլեյխան և իր ընտանիքը։ Վեպի երկրորդ մասում ներկայացվում է աքսորի ճանապարհը, դրա ընթացքում մարդկանց կրած դժվարությունները, անտեղի դաժան վերաբերմունքը։ Իսկ արդեն երրորդ գլխում հեղինակը ներկայացնում է թե ինչպես են ողջ մնացածները փորձում նոր կյանք սկսել անմարդաբնակ տայգայում, դիմադրելով սովին, բնության աղետներին։ Մի կնոջ պատմությամբ հեղինակը փորձել է ներկայացնել կուլակաթափ եղած ժողովրդի ճակատագիրը։

«Զուլեյխան բացում է աչքերը» գիրքը պատմություն է փոքր ու նուրբ, բայց միևնույն ժամանակ ուժեղ ու լուսավոր կնոջ մասին, ում բաժին են հասնում այնպիսի դժվարություններ, որոնք ամեն մեկին չի հաջողվում հաղթահարել ու դրա հետ մեկտեղ չթուլանալ ու մնալ ուժեղ։ Զուլեյխան չգիտի ինչ է երջանկությունը։ Նա նույնիսկ չգիտի թե ինչ է նորմալ ու իրական կյանքը։ Նա միայն գիտի աշխատել առավոտից մինչև երեկո, ծառայել ամուսնուն ու սկեսրոջը, դիմանալ սկեսրոջ ու ամուսնու դաժան ու ստորացուցիչ վերաբերմունքին։ Չնայած այս ամենին նա չի պատկերացնում իր կյանքն առանց իր ամուսնու և մտածում է, որ իր բախտը բերել է ու իր ամուսինը ամենալավն է։

Զուլեյխան չի պատկերացնում իրեն առանց ամուսնու ` «Զրույցն ավարտված է: Զուլեյխան շրջվում է: Ինքը երբեք մենակ չի մնացել։ Ո՞վ իրեն կասի, թե ինչ պետք է անի և ինչը՝ ոչ, ո՞վ կնախատի վատ աշխատելու համար, ո՞վ կպաշտպանի կարմիրհորդայականներից: Վերջի վերջո ո՞վ կկերակրի իրեն», հենց այս տողերից կարելի է դա հասկանալ։ Գիրքը գրված է չափազանց գեղեցիկ լեզվով։ Ինձ համար գիրքը շնչում էր ու ապրում։ Անհնար էր կտրվել պատմությունից, այն ամբողջությամբ կլանում է դեպի իրեն։