BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գաբրիել Սարգսյան. Շախմատիստների նախանձը շատ ուժեղ

Գաբրիել Սարգսյան. Շախմատիստների նախանձը շատ ուժեղ է

ոչ մի հատուկ բան
Ես չեմ մտածում այնպիսի բաների մասին, որոնք պատասխան չունեն, որոնք չեմ կարող փոխել: Անիմաստ է: Փորձում եմ ավելի թեթև ապրել, ավելի հասարակ բաներով միտքս ծանրաբեռնել, փիլիսոփայական մտքերով շատ չտարվել, որ չծանրացնեմ ո՛չ իմ, ո՛չ մտերիմներիս կյանքը:
Ես երազկոտ չեմ, ընդհանրապես չեմ սիրում երագել, բայց սիրում եմ պլանավորել, դրանք տարբեր բաներ են: Ես միշտ գիտեմ, թե ինչ պիտի անեմ մի տարի հետո: Չեմ երազում այնպիսի բաների մասին, որոնք անիրագործելի են: Անիմաստ է: Մարդիկ մի մեքենա կտեսնեն ու անիմաստ կերազեն դրա մասին: Պիտի պլանավորես այնպիսի բան, որ կարող ես իրագործել: Հիմա, օրինակ, ես չեմ համարում, որ մոտ ապագայում կդառնամ աշխարհի չեմպիոն, բնականաբար դա իմ պլանների մեջ ընդհանրապես չի մտնում: Ես մտածում եմ, որ Եվրոպայի չեմպիոն կարող եմ դառնալ: Կարիք չկա բարձրաձայն խոսել մեծ-մեծ բաների մասին: Շախմատի հարցում ճակատագրի բաժին կա, մանավանդ որ ինձ չեն սովորեցրել, նայելով եմ սովորել: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ ոչ թե ճակատագիրը, այլ աշխատանքն է կարևորը:
գրապահարանը
Գրականությամբ եմ շատ հետաքրքրվում: Դպրոցում վատ էի սովորում, դասերը դժվարությամբ էի հասցնում շախմատի հետ, ավելի շատ շախմատին էի ուշադրություն դարձնում: Եթե շախմատիստ չլինեի, կգնայի, երևի, պատմության գծով: Հայոց պատմությունն ինձ շատ է հետաքրքրում: Մի անգամ սենյակումս մեծ գրապահարան սարքեցի ու որոշեցի անընդհատ գրքեր գնել, որ այն լցվի: Հեքիաթային գրքեր, մելոդրամաներ, դետեկտիվներ չեմ սիրում, դրանք ժամանակ անցկացնելու համար են, ինձ երբեք չեն հետաքրքրել: Ես սիրում եմ հոգեբանական պահեր, որ ինչ-որ բան կարողանամ սովորել:
չափն անցնում են
Այստեղ երիտասարդները հաճախ իրենց այնպես են պահում, որ նույնիսկ Եվրոպայում մարդիկ իրենց էդպես չեն պահում: Ես շատ եմ լինում Եվրոպայում, տեսնում եմ, գիտեմ, իսկ էստեղ շատերին թվում է, թե իրենք եվրոպական կյանքով են ապրում: Շատերը չափն անցնում են ազատության առումով: Չափն անցնել ամեն դեպքում պետք չէ: Օրինակ` կա ռաբիս զանգված, որին դուր է գալիս էդպես ապրելը: Նորմալ է, կարևորը սահմանը չանցնեն: Կամ էլ տեսնում ես, օրինակ, ինտելիգենտ մարդ է, բայց սահմանն անցնում է, բարձրից է նայում բոլորին, մարդ չի կարողանում հետը շփվել:
Եվրոպայում ամեն մարդ իր գործն է անում: Երբեմն իրենք էլ են չափն անցնում կարգուկանոնի առումով, հատկապես Գերմանիայում: Իսկ ասենք` Սկանդինավյան երկրներում շատ լավ են ապրում, աշխատում են, հանգստանում: Հարգանք կա մարդկանց հանդեպ: Երևանում սիրում եմ իմ մտերիմներին: Քաղաքը՝ չէի ասի: Ինձ ոչ մի քաղաք էլ շատ չի գրավում, չեմ էլ պատկերացնում, թե քաղաքն ինչով կարող է գրավել: Երևանում վայրեր կան, որ միշտ էնտեղ եմ գնում: Օրինակ` Շախմատի տան մոտ սրճարան կա: Շախմատիստներն առհասարակ շատ են կապված Շախմատի տան հետ, շատերի համար դա իսկապես տուն է, ու բոլորը նախընտրում են այդ փոքր սրճարանում նստել, ոչ թե մեծ կաֆեներում: Շախմատի տունը հարազատ վայր է, 7-8 տարեկանից միշտ այնտեղ եմ գնացել:
շրջապատը
Շուտ եմ նեղանում, հեշտ չեմ ներում, շատ երկար եմ մտածում: Եթե մեկին չեմ սիրում, ցույց եմ տալիս, չեմ կարծում, որ պետք է թաքցնել, իմ մեջ կեղծավորություն չկա: Իմ կյանքում դավաճանություն չի եղել, ընկերներիս հարցում բախտս բերել է: Ընկերներս ինձ համար շատ կարևոր են: Բոլորը շատ տարբեր են, թեև բոլորն էլ շախմատի հետ են կապված, ոմանք նախկինում են խաղացել, ոմանք հիմա են խաղում... Ես կապված եմ ընկերներիս հետ, վստահում եմ նրանց, իրենց թերությունների մասին էլ եմ բարձրաձայն ասում: Ընկերներին չեն ընտրում, զգում են, հավատում են: Խաղից հետո դուրս ենք գալիս, բիլիարդ ենք խաղում, ժամանակն էսպես անցնում է, ուրիշ ոչ մի հատուկ բան: Սրճարան եմ գնում կամ խաղում եմ խաղեր, որոնք հեշտ են, հաճելի, չեն հոգնեցնում, ֆիզիկական աշխատանք չեն պահանջում, ուղղակի հանգստացնում են:
պարտության սպասում
Շախմատիստները շատ նյարդային են, անգամ ամենազուսպ մարդիկ էմոցիոնալ են դառնում, քանի որ փոքր տարիքից սովոր են անընդհատ պայքարի մեջ լինել: Դժվար է: Ես չեմ կարողանում ցույց չտալ նյարդային վիճակս: Խաղալիս անընդհատ լարվում ես, մտածում ես, ու շատ քիչ է լինում էնպես, ինչպես ուզում ես: Շատ բարդ պրոցես է: Ու երբ խաղը քո ուզածով չի ստացվում, ավելի ես լարվում: Ես հիմնականում դժգոհ եմ լինում, հասկանում եմ, որ էդպես չէի ուզում: Շախմատիստները նաև էգոիստ են: Քանի որ իրենք միշտ իրենց համար են խաղում, էգոիզմը բարձր է բոլորի ներսում, ինչպես բոլոր անհատական սպորտաձևերում կամ ինչպես, ասենք, նկարիչների, երգիչների մեջ: Շախմատիստների նախանձը շատ ուժեղ է, դա էլ է նորմալ: Նախանձն իմ ամենաչսիրած բաներից մեկն է. շախմատիստի կյանքում այն ուժեղ է արտահայտվում, երբ, օրինակ, նայում է մյուսի խաղը և ուզում է, որ նա պարտվի: Դու խաղալիս զգում ես, որ ինչ-որ մեկը նայում է քո խաղը, գուցե անգամ նա քո թիմից է, բայց ուզում է, որ պարտվես:
միայնակ
Ընդհանրապես մտերիմների հետ շատ դժվար եմ խաղում, այդպես մանկուց է եղել: Անպայման մեջս պիտի դիմացինիս նկատմամբ ինչ-որ հակասություն մտնի, որ կարողանամ խաղալ: Պիտի ուզեմ հաղթել, պիտի դիմացինիս դիտեմ որպես հակառակորդի: Եթե այդպես չլինի, խաղի որակն է տուժելու: Կյանքում էլ է էդպես, եթե ուզում ես առաջ գնալ, պիտի մրցակցության մեջ մտնես: Քանի որ շախմատն անհատական սպորտաձև է, այդ պայքարն ավելի բաց ու ճակատային է: Այդ պահին միայն քեզ վրա ես հույս դնում:
newmag #09

Տարածել