Newmag-ը ներկայացնում է բրիտանացի հայտնի հոգեթերապևտ Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը (թրեյլեր)
11/20/2024

THE SUNDAY TIMES-ի բեսթսելլերը ոչ միայն մասնագիտական ուղեցույց է, այլև խորապես անձնական պատմություն՝ հիմնված հեղինակի սեփական փորձառության և նրա պացիենտների կյանքի վրա։
Ջուլյա Սամուելի կյանքը սերտորեն կապված է բրիտանական թագավորական ընտանիքի հետ։ 1987 թվականին, ապրելով Քենսինգթոնում՝ արքայադուստր Դիանայի հարևանությամբ, նա ծանոթացավ արքայադստեր հետ։ Նրանց ընկերությունն այնքան մտերմիկ էր, որ Դիանան դարձավ Ջուլյայի որդու կնքամայրը։ Նրանք միասին մարզվում էին, գնում կինո, դարձան մտերիմ ընկերուհիներ։
Տարիներ անց, Դիանայի ողբերգական մահից հետո, Սամուելն օգնեց արքայազներ Հարիին և Ուիլյամին հաղթահարել մոր կորստի ծանր հետևանքները։ Նրա մասնագիտական օգնությանը հետագայում դիմեց նաև Մեգանը՝ արքայազն Հարիի կինը։ Իսկ արքայազն Ուիլյամը Սամուելին առաջարկեց դառնալ իր որդու՝ արքայազն Ջորջի յոթ կնքամայրերից մեկը։
Խորհրդատվության և հոգեթերապիայի բրիտանական ասոցիացիայի փոխնախագահը Միդլսեքս համալսարանի պատվավոր դոկտոր է։ «Սուրբ Մերի» հիվանդանոցի մանկաբուժության բաժանմունքի նախկին խորհրդատուն հեղինակել է Grief Works բջջային հավելվածը։
2022 թվականին նա գրեց «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը, որը THE SUNDAY TIMES-ը որակեց բեսթսելլեր։ Գիրքը կատարյալ ընտանիք ստեղծելու ուղեցույց չէ, քանի որ, ինչպես հեղինակն է նշում, կատարյալ ընտանիքներ չկան։ Սա ավելի շուտ օգնություն է՝ հասկանալու և ընդունելու մեր ընտանիքների անցյալն ու ներկան, գիտակցելու դրանց ազդեցությունը մեր կյանքի վրա և գտնելու ապաքինման ուղիներ։
Հեղինակը խորությամբ անդրադառնում է տրավմային, վշտին, ընտանեկան կապերի բարդ դինամիկային, սերնդեսերունդ փոխանցվող խնդիրներին։
«Վիշտը փոխում է մեզ»,-գրում է Սամուելը,-«երբ նայում ենք հայելու մեջ՝ տեսնում ենք նույն մարդուն, բայց երբ նայում ենք ներքուստ, տեսնում ենք ամբողջովին փոխված, անգամ քարուքանդ եղած մարդու»։
Գրքում հեղինակն անդրադառնում է նաև թվային դարաշրջանի ազդեցությանը ընտանեկան հարաբերությունների վրա։ Նա քննարկում է՝
- ընտանիքների մեկուսացման միտումները,
- ընտանեկան արարողությունների նվազումը,
- ներընտանեկան բանավեճերի ավելացումը,
- ընտանիքի ավանդական մոդելի փոփոխությունները։
The Guardian֊ն անդրադառնալով Ջուլյա Սամուելի գրքին, ընդգծում է՝ հեղինակը հիշեցնում է, որ ընտանիքը միակ հարաբերությունն է, որը մենք չենք կարող խզել, որքան էլ ցանկանանք:
Գիրքը հայերեն է թարգմանել Սամվել Խաչատրյանը, գլխավոր գործընկեր՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն։

Ջուլյա Սամուել
6800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)

«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)

«Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովին ընդառաջ (տեսանյութ)
