BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Ահմեդ Համդի Տանպինար.

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Ահմեդ Համդի Տանպինար. Խաղաղություն

[1]: Գոտկատեղից վերև տղամարդու բաճկոն էր հագել: Նորեկները սենյակները թեյ բերող տանտիրոջ աշակերտի սինուց ջուր խմեցին, տանտիրոջ տված հացը վերցրին, պարկերը գարի լցրին: Ամեն ինչ արագ տևեց, ասես նախապես պատրաստվել էին: Տան դիմաց նստած տղամարդիկ անընդհատ լուրեր էին ուզում իմանալ.
– Ս…– ի շուրջ պատերազմ է: Վաղը մինչև երեկո ժամանակ ունեք: Բայց շատ չուշանաք, մեծ բազմություն է սպասվում:
Հետո անմիջապես, առանց ցտեսություն ասելու ձիերին մտրակեցին: Ո՞ւր էին գնում: Ի՞նչ գործ ունեին:
Մյումթազը վերև` մոր մոտ բարձրանալիս տեսավ, որ քիչ առաջ եկած կինը տասնութ-քսան տարեկան աղջիկ էր, մոր կողքին կանգնել, աչքերը բաց, դիմագծերը` սուր, արտասվում էր: Մայրը մի քիչ ետ քաշվելով` նրան տեղ տվեց: Մյումթազն այդ ջահել աղջկան միայն մի քանի ժամ տեսավ: Բայց այդ գիշերվանից հետո բոլոր երազներում զգաց նրա մարմնի մտերմությունը: Երկար ժամանակ, ինչպես և այդ գիշեր, արթնացավ` նրա թևերի մեջ, նրա գրկում, նրա մազերը` իր դեմքը ծածկած կամ նրա շնչից քրտնած ճակատով: Երիտասարդ աղջկան հաճախ հիշելով էր արթնանում: Այդ ժամանակ ընդհատվող, անմարդկային լացով տնքում էր: Դա գուցե մոր մտախոհ լռության չափ ցավալի էր: Սակայն քնելուն պես ոտքերով ու ձեռքերով փաթաթվում էր Մյումթազին, կարծես մի կերպ դուրս բերում մոր գրկից, դեմքը հպում էր նրա դեմքին կամ կրծքի մեջտեղը: Երբ Մյումթազն արթնանում էր գրկախառնությունից կամ տնքոցներից, զարմանում էր, թե այս օտար ու անծանոթ զգացումներով լի մարմինն ինչքան մոտ է իրեն: Ընդամենը երեկ, մահվան առաջին փորձից հետո այլ կերպ մահանալու պատրաստ այդ մարմինը իր շնչով փափկացնում էր մոտեցող ամեն բան: Այդ տարօրինակ ու լարված դեմքը վախեցնում էր նրան, դեռևս այրվող լամպի լույսի տակ աչքերի տարօրինակ փայլը չտեսնելու համար փակում էր աչքերը:
Կարծես աներևակայելի կախարդանք կար այդ միայնակ մարմնի, այդ տաք հպման և նրանց դատարկությանը լրիվ հակառակ զգացումներով լցնող տնքոցների մեջ: Դրա համար էլ չէր կարողանում ազատվել այդ գրկախառնումից` գոլ ու հոտավետ ջրի մեջ քնած, հոգնած մարդու պես և խեղդվելուց վախենալով` քնի թմրեցումից ազատվելու տարօրինակ ու երկակի զգացումներին էր տրվում: Դա մինչ այդ երբևէ չունեցած զգացողություն էր: Մինչ այդ կոնկրետ զգացմունքների սահմաններում մնացած մարմինը կարծես նոր աշխարհ էր մտել. կարծես հարբած մարմինը չիմացած և չճանաչած կետերով, միայն հաճույքի պահերով էր ապրում: Քնի վերջին պահը հիշեցնող անուշ մարման զգացողություն կար, անգամ այդ տաք գրկախառնությունների մեջ մարելու ցանկություն կար: Եվ ցանկության ամենավերջին կետում, բանականության կորստին հասնելու կետին, մարդկանց և շրջապատի միախառնման կետին հասնելու պահին այդ ամբողջ հոգնածությունից ու ցավերից տանջված մարմինը քնում էր: Տարօրինակ է, որ հենց սկսում էր քնել, նախորդ գիշեր գիտակցությունը կորցրած ժամանակ տեսած երազն էր տեսնում, հորը` մեծ բյուրեղյա նավթալամպը ձեռքին, սակայն երազը ցավ պատճառելով նրան արթնացնում էր քնից: Այդ ժամանակ իր ներսի ցավը մարմնի բոլոր մասերով հաճույքով միանում էր իր գրկում պառկած երիտասարդ մարմնին, տարօրինակ, երկիմաստ և մարմնական մի բան էր ստեղծում:

Առավոտյան կողմ, երբ ամբողջովին արթնացավ, տեսավ, որ երիտասարդ աղջկա գրկում է, դունչը հպած փոքրիկ դնչիկին, ամբողջովին փաթաթված, աչքերը` դեմքին տարօրինակ համառությամբ բացված: Մյումթազն այդ աչքերը չտեսնելու համար աչքերը կրկին փակեց և վախեցած շրջվեց մոր կողմը:
Երկրորդ հուշն այսքան խառնաշփոթ չէր: Օրվա երկրորդ կեսից հետո էր: Սայլով անցան մարդկանց մի խմբից: Մայրը, երեք կին և իրենից շատ փոքր երկու երեխա կային սայլի մեջ: Նախորդ երեկոյի ջահել աղջիկն էլ էր այնտեղ, սայլի ամենահետևի մասում էր: Կառապանն ասում է, որ մոտենում են Բ…– ին, հաճախ նայում էր սայլի ներսը: Մյումթազը լավ գիտեր, որ խոսելու և պատմելու այդ ցանկությունն ուղղված էր ջահել աղջկան: Սակայն աղջիկը ոչ նրան, ոչ սայլից չհեռացող ձիավոր ոստիկանին, ոչ էլ որևէ մեկին ոչինչ չէր ասում: Նախորդ գիշերվա տնքոցները կտրվել էին: Մյումթազը նրան տեսնելու ցանկությունից խենթանում էր, սակայն քաջություն չունեցավ, գլուխը շրջելով` անգամ մորը չէր փնտրում: Գիշերը աղջկանից վախենում էր, և այդ վախը ուս ուսի հպվելիս շատ անխիղճ բանի էր վերածվում: Դա տարօրինակ, նախորդ երեկոյի ջերմությունից զերծ մնացած, բայց նրանց հիշողությամբ լեցուն հպում էր, և առանց գիտակցելու ուզում է, որ դրանք իր մոտ գան, այդ սպասման մեջ սովորության համաձայն ուսն էր դեմ տալիս: Ահա այս սպասումներից մեկի ժամանակ նայելով կառապանի կաշվե մտրակի ծայրի կապույտ ուլունքներին, առանց որևէ բան մտածելու, մինչ այդ զգացած ցավից ավելի վեր, շատ տարբեր, բոլոր մանրամասները պատմելուն պատրաստ, տարածությունը նվազեցնող ցավով հորը հիշեց: Նրան այլևս չէր տեսնելու: Նա ընդմիշտ հեռացել էր իր կյանքից: Մյումթազն այդ պահն ամբողջ կյանքում չէր մոռանալու: Ամեն ինչ աչքի առաջ էր: Կաշվե մտրակի ծայրին` կապույտ ուլունքներ, աշնան արևի մեջ սովորականից ավելի փայլուն, մի մասն օդում, մի մասը առջևի ձիու կոնքին էր փայլում: Ձիերը բաշերը թափահարելով վազում էին: Առջևի հեռագրատան սյան ծայրից մի լայնաթև թռչուն օդ բարձրացավ: Շուրջն ամեն ինչ դեղին էր, և սայլերի աղմուկից իրենց սայլի մեջ նստած արտասվող երեքամյա աղջկա ձայնից բացի ուրիշ ձայն չկար, ինքը կառապանի կողքին էր, ետևում` մինչ առավոտ իրեն գրկած, անհայտ ցանկություններն իր փակ մարմնում այրած ջահել աղջիկն էր, և նրա դիմաց մայրն էր, որը ոչ գիտեր, թե ինչ է եղել, ոչ էլ, առավել ևս, ինչ է լինելու:
Հանկարծակի հորն իր առջև տեսավ, և այս երազը մարդուն այլևս չտեսնելու, ձայնը չլսելու, նրա` իր կյանք այլևս չմտնելու սուր ու անհաղթահարելի ցավով հիշեցրեց, որ նրան այլևս չի տեսնելու, մինչև վերջ նրա գոյությունից հեռու է մնալու: Հենց այդ պահին գյուղացի աղջիկը, որ երևի հասկացել էր, թե ինչ է կատարվում, բռնեց նրա թևից: Այսպիսով, նախորդ գիշերվա տարօրինակ զգացողությունները հոր մահով կրկին անլուծելի կերպով միավորվեցին: Նա իրեն մեղավոր էր զգում, իր չիմացած բաների համար էր մեղավոր զգում: Գուցե եթե այդ պահին հարցնեին, կասեր` ես էի հորս մահվան պատճառը: Դա շատ սարսափելի զգացողություն էր: Իրեն ծայրաստիճան ստոր էր զգում: Մյումթազի այս տարօրինակ հոգեվիճակը տարիներ էր տևելու, ամեն քայլափոխին խոչընդոտ էր դառնալու: Երիտասարդության առաջին շրջանում անգամ Մյումթազն այս զգացմունքների մեջ է մնալու: Երազների մի կողմը ամբողջացնող երազանքները, այդ տարօրինակ կասկածները, վախերը, կյանքը հարստացնող և թունավորող հոգեվիճակները միշտ այս երկակի պատահականության հետ էին կապված:
Ջահել աղջիկը Բ…-ում բաժանվեց նրանցից: Քաղաքի ավերակ փողոցներից մեկում, արևի մեծ հետքի մեջ սայլը կանգ առավ: Առանց որևէ բան ասելու, առանց մեկին նայելու աղջիկն իջավ սայլից: Վազելով ձիերի առջևով` անցավ դիմացի փողոցը և այնտեղից վերջին անգամ նայեց Մյումթազին: Մյումթազն առաջին ու վերջին անգամ այդ արևի տակ տեսավ նրա դեմքը: Աջ քունքից մինչև կզակը դեռևս երևացող դանակի վերք կար: Այդ վերքը նրա դեմքին տարօրինակ կոպտություն էր հաղորդում: Սակայն Մյումթազին նայելիս աչքերը խնդացին, և դեմքը փափկեց: Դրանից երկու օր անց Մյումթազն ու մայրը գնացին Ա… և մնացին հեռու բարեկամի տանը:
Սա Միջերկրականն էր: Մյումթազը հետո գրքերից սովորեց, թե Միջերկրականն ինչ է, ինչպիսի հանգստությամբ են փարվում մարդուն արևի, թափանցիկ օդի, դեպի հորիզոնի գիծը ձգվող և ամեն ալիքը, ամեն շարժումը իր ափով զարդարող պարզությամբ մարդուն դաստիարակելը, հոգին լցնելը, խաղողն ու զեյթունը, միստիկ ներշնչանքով կարևոր միտքը, ամենուժեղ ցանկությամբ հանգստություն պարգևելու և ձեռք ձեռքի բնության հետ քայլելու իրականությունը: Բայց այդ տարիքում դա սովորելը չէր նշանակում, որ դրանից հաճույք չէր ստանալու: Այնտեղ անցկացրած ժամանակը, չնայած իր կյանքում հայտնված բոլոր վատ իրադարձություններին, նրա համար մի այլ էջ էր:
Ս…-ում իրենց կյանքի մի մասն այրած ժանտախտն այստեղ էլ կար: Ամեն օր քաղաքը նոր լուրերից ցնցվում էր, այսօր վերևներում մեծ ապստամբության վախով էին սնվում, վաղը երեկոյան մոտ մոռացվելիք հաղթանակի լուրն էր ցնծությամբ տարածվում փողոցներում: Գրեթե ամեն փողոցում վիճաբանություններ էին լինում, գիշերները գաղտնի զինվորներ, մթերք էին ուղարկում: Իրենց տան դիմացի հյուրանոցն ամեն գիշեր նորից դատարկվում ու լցվում էր: Սակայն այս ամենը ալմաստի պես փայլող արևի տակ, հազարավոր խափանումներով իրեն ընդունող, նրա հետ փոխվող, զայրույթի, հանգստության, երկար ուշագնացությունների, համերին միախառնված ծովի առջև, ընտիր նարնջի ծաղիկների, տնական բուրմունքների մեջ էր:
Ինչքան էլ տառապալից լիներ, արևն այս տանջանքի միջից շուտ թե ուշ մի ճաք էր գտնում, այնտեղից ոսկե վիշապի պես դուրս էր գալիս: Ներքին ապաստաններից հանում, մի շարք հնարավորություններ հեքիաթի պես պատմում էր: Կարծես ասում էր` «Հավատա ինձ, ես ամեն հրաշքի աղբյուրն եմ, ամեն ինչ կարող եմ անել. հողը ոսկի կդարձնեմ, մահացածներին, մազերից թափ տալով, կկենդանացնեմ, մտքերը մեղրի պես կհալեցնեմ, իմ դեմքին կնմանեցնեմ: Ես կյանքի տերն եմ: Այնտեղ, ուր ես եմ, հուսահատություն ու տխրություն չի կարող լինել: Ես գինու ուրախությունն եմ և մեղրի համը»:
Եվ այս խրատը լսող կյանքը յուրաքանչյուր տխրության վրա ուրախ-ուրախ ծլվլում էր: Ամեն օր մեկ-երկու շոգենավով և բեռնակիր ուղտերով եկած ճամփորդներն իջնում էին իրենց տան դիմացի հյուրանոցի մոտ, պարանները քանդում էին, կրկին բարձում, կրկին ամրացնում, փայտե սնդուկները կապում էին մետաղե շղթաներով, ճամփորդները նստում էին դռան տակի նստարաններին, զրուցում, պատուհանից, ֆուտուրիստի կտավի նման, համակ ուշադրություն դարձած կանանց գլուխներ էին ցցվում, անամոթ իտալացիները անգործությունից ժամերով դռանը խաղում էին երեխաների հետ, «Կարոմիո» ասելով` նրանց էին կանչում, տան տիկինների պատրաստած կարկանդակներով ու փախլավայով սինիներ էին տանում, երբ իրենց վատ պահելու դեպքում կշտամբում էին, ամաչելով կախում էին գլուխները ու ետնաբակերով ժպտալով գնում զբոսնելու: Պահեստի առաջ աշխարհի ամենախաղաղասեր կենդանիներին` մեծ ուղտերին ստիպում էին մրցել իրար հետ, բնության այդ անհամաչափ ու հանդարտ արարածներին մարդկային խելքով տեսնելը բոլորին ուրախացնում էր: Գիշերները աղջիկ-տղա երեխաները Շարամփոլ, այլ տեղեր էին գնում, լուսնի լույսի տակ և մթան մեջ իրենց տան այգիները ջրելու էին գնում: Կարճ ասած, կյանքը նեղ էր, սակայն բնությունը` ընդարձակ ու սիրելի: Մյումթազը գալու երկրորդ օրից ընկերներ գտավ: Տան երեխաների հետ դուրս էին գալիս զբոսնելու, գնում էին նարնջի այգիները, դեպի Քարաօղլան: Անգամ հասել էին քաղաքի ընկուզենիների այգուն: Մյումթազը հետո Քոզյաթաղը սիրեց, որովհետև նմանեցնում էր այս ընկուզենիների այգուն: Սակայն ընդհանրապես ցերեկները Մերմերլիում կամ նավամատույցում, ծովափին էր ժամանակ անցկացնում, երեկոյան մոտ գնում էին Հասթանեուսթու:
Մյումթազն այնտեղ երեկոյան ժամերին սիրում էր նստել ճանապարհից մինչև ծովն իջնող մեծ ժայռերին: Բեյ Դաղլարի վրա արևը կարծես իր սեփական հոգեհանգիստն էր կատարում և իր պսակից ու մուգ կապույտ ստվերներից իր գերեզմանն էր պատրաստում, սարերին ոսկե և արծաթե զրահ էր հագցնում, հետո իջնող ու շրջվող երկինքը արծաթե հովհարի պես բացվում էր, լույսի մեծ կտորները կրակե չղջիկների պես կախվում էին այստեղուայնտեղ: Դա տաք եղանակի պես բարեբեր էր, որովհետև ցերեկները մամռակալած, քամուց, անձրևից սպունգի պես ծակծկված ժայռերը միայն այդ ժամին միանգամից կենդանանում էին: Հանկարծ նրանց ուժն ու մարմինները իրենց` ճակատագրի պես լուռ և միայնակ գոյություններով, շրջապատեցին Մյումթազին: Եվ նա փորձում էր իրեն պահել նրանց մեջ, կյանքի ուժգնացող ընկալմամբ ամբողջ մարմնին փաթաթված այդ տարօրինակ, շատ խոր վախի քամու մեջ: Դա այն ժամն էր, երբ ամեն ինչ կենդանանում էր, ձայների բարձրանալու, խորանալու, ընկերոջ դեմքի, ջերմությունը կորցնող երկնքի տակ մարդու` դեպի հավերժություն ձգվելու, բնության` «Որ ինչ բաժանվեցիր, թափառական տառապանքների խաղալիքը դարձար: Վերադարձիր ինձ մոտ, միացիր քո խմբին, ամեն ինչ կմոռանաս, հանգիստ ու երջանիկ քնով կքնես» ասելու ժամն էր: Մյումթազն այդ ձայնը լսում էր մինչև ոսկորները և անհասկանալի հրավերին չվազելու համար նրա փոքրիկ էությունը կոպտանում էր, փակվում ինքն իր մեջ: Երբեմն ավելի հեռու` ծովին շատ վերևից նայող ժայռերի մոտ էր գնում, այնտեղ, մամռի տեսարանով անդունդի եզրին, կանգնած ջրերի կանաչ ու մարմարանման հայելու պես երեկոյի վերջին պայքարի պատրաստությանը, մոր արգանդի պես այդ լույսի պատառներն իր մեջ առնելուն և կամաց-կամաց ծածկելուն էր հետևում: Գետնի տակից, խայտող ու լարվող ալիքների խուլ աղմուկը, փոքրիկ դաշնամուրները, սիրո շշնջյունները, թևերի հարվածները, ջրի ճողփյունը, մի խոսքով` անհայտ գոյությունների, միայնակ օրվա այդ ժամի համար ապրող, երեկոյից գիշեր անցումը լցնելուց հետո ով գիտի` որ սադափի կեղևի մեջ, ձկան թեփուկների տակ, լուսնի և աստղի տակ քնած հարյուրավոր էակների ձայներով, փայլուն պոչերով, գունավոր արտացոլանքներով հրավերներն էին կանչում նրան: Ո՞ւր էին կանչում: Եթե Մյումթազն իմանար, գուցե վազեր այդ հրավերին: Որովհետև ջրի ձայնը, սիրո, ցանկության ձայնից ուժեղ է: Մթության մեջ ջրի ձայնը մարդու ներսի մահվան ձայնով է խոսում: Մյումթազն այդ մութ հայելու մեջ դեռ նոր սկսվող կյանքի ընկեր երազանքները, հոր գերեզմանի մոտի ծառը, ետևում թողած մանկության երջանիկ ժամերը, տան սենյակում իր մարմնին ամուր հպված գյուղի աղջկան, նրա մեծ, սև աչքերը` աղմկոտ հրավերին ամեն վայրկյան վազելու պատրաստ սարսուռով էր փնտրում, հետո, տեսնելով, որ դա միայն դատարկության հայելի է, վեր էր կենում, վատ երազ տեսածի պես, հսկայական ժայռերի միջով ամեն քայլափոխին օրորվելով, փորձում էր հեռանալ: Նրան այնպես էր թվում, որ բոլոր ժայռերը կկենդանան, հենց որ նրանց կողքով անցնի, մի ձեռք կերկարի, մի կողմից նրան կբռնի, կամ մեկը շապիկը գլխին կանցկացնի:

Որովհետև այնտեղի տեսարանն անգամ ցերեկվա լույսի տակ էր սարսափելի: Դրանք ավելի շատ նման էին դժբախտությունից քարացած էակների, քան բնության մասնիկների: Սակայն ամենասարսափելի տեսարանները սկսվում էին, երբ երևակայությունը դադարում էր գործել: Այդ ժամանակ նրանք կյանքից հեռացած, ընդմիշտ օտար և իրենց ժխտող տեսք էին ստանում: Կարծես ասում էին` «Մենք կյանքից դուրս ենք: Կյանքից դուրս… Ամեն ինչ սնող կյանքի ջուրը մեր մեջ ցամաքել է: Մահն անգամ մեր չափ անպտուղ չէ»: Իսկապես, փոքր ժամանակ և հետագայում էլ, ամբողջ կյանքում կյանքում սիրած կավի կտորն այս ժայռերի համեմատ շնչավոր էր: Նրա փափուկ և անձև գոյությունը ցանկացած կերպ, ցանկացած կամք, անգամ ցանկացած միտք կարող էր ընդունել: Բայց այս ժայռերի պինդ կտորները կյանքից ընդմիշտ հեռու էին. քամին փչում էր, անձրև էր գալիս, մաս-մաս թափվում էին, հսկայական մարմինների վրա խոր հետքեր, ճանապարհներ էին բացում, սակայն ոչ մեկը չէր կարող նրանց նախկին տեսքը վերադարձնել: Քանի որ նրանք կյանքի ճանապարհի հետ կապված ոչ մի հարց չունեին, ամեն հարց նրանց համար անծայր ժամանակից եկած դաժան, խիստ խորհրդանշան էր:
Երբեմն մի չղջիկ էր շարժվում, տեղից վեր էր թռչում, անհայտ սեռի մի թռչուն հեռվում կանչում էր ձագերին: Ժայռերի միջից դուրս գալիս հանդարտվում էր: Ուղիղ ճանապարհին քայլերը դանդաղեցնում էր, որոշում` «Այլևս չեմ գա»: Սակայն անհայտը գրավիչ է. հաջորդ երեկո կրկին այնտեղ էր կամ ծավափին, կամ միայն ճանապարհին մոտիկ մի ժայռի վրա: Այդ համը միայնակ վայելելու համար ցերեկվանից արդեն փորձում էր ազատվել ընկերներից:
Մի օր ընկերները նրան Գյուվերջինլիք են տանում: Հասթանեուսթուի ու Քոնյաալթիի արանքում, քաղաքից բավական հեռու մի տեղ էր, ծովային քարանձավ: Երկար ժամանակ ծովափին քայլեցին, հետո ժայռերի արանքը մտան, վերջապես մի անցումով կարողացան գետնի տակ իջնել: Մթության մեջ ձեռքերի ու ծնկների վրա սողալով շարժվելը Մյումթազին այնքան էլ դուր չեկավ: Սակայն ալիքի վերջում հանկարծակի արևից փայլող թարմ կանաչ գույն երևաց, և այդ լուսավորության մեջ նրանք ցատկեցին քարանձավի մեջ: Չնայած ձեռքերն ու ծնկները վերքոտ ու վնասված էին, այդ մուգ կանաչի և նավթագույնի միջև տատանվող լույսը խելքահան արեց Մյումթազին: Ծովի կոկած ժայռի մեջ, երբ ալիքները ետ էին քաշվում, կանգուն, ոչ խոր, թափանցիկ ջրով, որի մեջ կարելի էր տեսնել ձկներին և ժայռերի մոտի խեցգետիններին ու բզեզներին, բնական խեցիներից պատրաստված ավազանի նման մի փոքրիկ լիճ էր, մեջտեղում փոքրիկ քարի կտոր` կղզու նման: Դա քարանձավի այն մասն էր, որին կարելի էր մոտենալ ծովի կողմից: Ետևում, այն կողմը, որտեղից եկել էին, ավելի լայն ու մի քիչ բարձր էր, սակայն միշտ ժայռերով լեցուն մեծ սենյակ էր հիշեցնում: Երբ ալիքը խփում էր քարանձավին, ամեն ինչ կանաչով էր ծածկվում: Հետո տարօրինակ, կարծես գետնի տակից եկող ձայնով ջուրը ետ էր քաշվում, շուրջը լուսավորվում էր արևոտ ծովի ուղարկած արձագանքներով: Այդ օրը Մյումթազը` կարճ տաբատով, կզակը ձեռքերին հենած, մի քարի նստած` ժամերով լուռ հետևում էր լույս ու ստվերի խաղին:
Ի՞նչ էր մտածում, ինչի՞ էր սպասում: Կարծում էր` այդ ալիքները նրան ինչ-որ բա՞ն են բերելու, թե՞ տրվել էր քարանձավ լցվող ջրի տարօրինակ աղմուկին: Նրա համար այդ աղմուկների մեջ ինչի՞, ո՞ր գաղտնիքի հրավերն էր թաքնված:
Երեկոյան մոտ պատահական այդ կողմերը հասած մի նավ նրանց հեշտությամբ բերեց նավահանգիստ: Մյումթազն արագ-արագ հրաժեշտ տվեց ընկերներին ու տուն վազեց: Ուզում էր տեսածը մորը պատմել, բայց նա այնքան վատ վիճակում էր, որ ոչինչ չասաց, և մորն այլևս երբեք մենակ չթողեց: Օրերն այդտեղ` հիվանդի կողքին, նրան նայելով, մտածելով կամ կարդալով էր անցկացնում: Ամեն օր կեսօրին մոտ հեռագրատուն էր գնում, հարցնում էր` մոր ուղարկած հեռագրի պատասխանը եկե՞լ է, թե` ոչ: Հետո փակվում էր հիվանդի սենյակում, մշտապես մարդաշատ փողոցի` մինչև իրենց սենյակ հասնող աղմուկի տակ ընկերակցում նրան:
Հենց երեկոն իջնում էր, նստում էր պատուհանի գոգին: Քանի օր է` փողոցներում մի երեխա էր թափառում. դատարկ շիշը կամ ամանը ձեռքին, տների մոտով թյուրքու երգելով անցնում էր: Մյումթազը նրա ձայնը դեռ փողոցի մյուս ծայրից էր ճանաչում.
Երեկոն իջավ, լամպս չկարողացա վառել,
Մեծ Աստված այդպիսի ճակատագիր է սահմանել,
Ուզածիս չափ չկարողացա սիրել երեխայիս,
Եթե մահանամ, քեզ կծեծեն, բալի՛կս:
Մյումթազը մոր հայացքը տեսնելով` հասկացավ, որ երգի բառերի մեջ այլ իմաստ է գտնում, ու խղճաց նրան: Սակայն չդադարեց լսել երեխային: Երեխայի ձայնը թավ էր ու գեղեցիկ: Սակայն կրկներգում փոքրիկ, լացի նմանվող ընդհատումներ էին լինում:
Իրենց տնից մի քիչ հեռու` դեպի ներքև գնացող փողոցի սկզբում թյուրքուն փոխվում էր: Ձայնը միանգամից բարձրանում էր, լուսավորվում: Կարծես բախվում էր տների պատերին, ճանապարհին, անգամ օդին և փայլուն արձագանքների վերածվում:
Այդ Իզմիրի մինարեթը սադափից է, մայրի՛կ, սադափից,
Գավաթս լցրու, մայրի՛կ, խմեմ գավաթից…
Մյումթազն այս երկրորդ թյուրքուի միջով դուրս էր գալիս դեռևս չգիտակցված կյանքի վշտերից, հանկարծակի լուսավոր, նոր, սակայն դրա հետ մեկտեղ կարոտով ու տառապանքով լի այլ աշխարհ էր մտնում: Սա մի աշխարհ էր, որ սկսվում էր Իզմիրի Քորդոնբոյուից և ավարտվում հոր անհասկանալի մահով: Այնտեղ էլ երեխայի համար աներևակայելի բաներ, մահ, պանդխտություն, արյուն, մենակություն և դրա մեջ գալարվող յոթգլխանի տխրություն կար: Երբ երեխան, որին չէր ճանաչում, և վախենում էր, թե մայրը նրան կլսի, գնում էր, Մյումթազի համար օրն ավարտվում էր: Դրանից հետո մինչև հաջորդ երեկո նույն կերպ էր անցնում: Մայրն այդ շաբաթ մի գիշեր մահացավ: Մահից առաջ որդուց ջուր էր ուզել, հետո փորձել էր նրան ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողացել, հետո գունատվել էր, աչքերը փակվել էին, շրթունքները մի քանի անգամ դողալուց հետո սառել էին: Մյումթազի հիշողության մեջ այս վերջին պահը տպավորվեց:
 



 
 
[1] Շրջազգեստի տեսակ:
 

Տարածել