ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Արտակ Ալեքսանյան. Գոմի դուռը խնամքո՛վ փակիր

Արտակ Ալեքսանյան. Գոմի դուռը խնամքո՛վ փակիր

Ոչ ոք չգիտի, թե հատկապես ինչու էր Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի առաջին փողոցը կոչվում Ծխախոտագործների: Գյուղը երբեք էլ ծխախոտագործությամբ չէր զբաղվել: Կարտոֆիլն է հիմնական ապրուստը` չհաշված խորհրդային տարիների գործարանը, որը կոնդենսատոր էր արտադրում կամ այդպիսի մի բան, բայց ծխախոտ` հաստատ ոչ: Փողոցի անունը մինչև այսօր էլ մնացել է ցուցանակի վրա, որի կապտավուն թիթեղը վաղուց ժանգոտել է, վրայի խամրած գրությունը սերունդներ առաջ հավանաբար փայլուն սև է եղել: Չնայած ցուցանակին՝ փողոցը հիմա կոչում են Զորավար Անդրանիկի: Թեև ո´չ Անդրանիկն է այնտեղ ապրել, ո´չ էլ նրա զինվորներն են այդ փողոցով երբևէ անցել: Որքան անհեթեթ է «Ծխախոտագործներ»-ը, նույնքան արտառոց է «Զորավար Անդրանիկ»-ը:
Այս տարօրինակ անվանափոխության պատմությամբ փողոցն ունի 50 մետր երկարություն: Սկսվում է միջհամայնքային ճանապարհից. ձախից իրար հարևանությամբ կառուցված երեք տներ են, աջից` այդ տների օժանդակ կառույցները` գոմեր, գարաժներ, ամբարներ: Փողոցն ավարտվում է վերջին` չորրորդ տան դարպասով. տունը ոչ թե փողոցի երկայնքով է, այլ լայնությամբ: Տները կառուցված են այնպես, որ սարից իջնող նախիրը տոպոգրաֆիական կրետինիզմի դեպքում էլ «իզը բռնած» վերադառնա տուն. փողոցի սկզբից տավարը բաց են թողնում` ուղիղ մտնում է իր գոմ. շփոթելն անհնար է:
Ծխախոտագործների փողոցի երրորդ տուն չհասած` գոմն է` մեկհարկանի փոքրիկ շինություն` կանաչ պատուհաններով ու դռնով:

Գոմի դուռը սովորական դուռ է` փայտից, ամուր, մեխանիկական կողպեքով, որը երկար ծառայել է ու կծառայի: Լանջաղբյուրից Ալեքսանենց ցեղի Արամայիսի դուռն է` իսկական, ամուր, ծանր փայտից:

Արամայիս Նիկողոսյանը ծնվել է 1911 թվականին, Հայրենական պատերազմի մասնակից էր, Փարիզի տակ գերի էր ընկել: Պատերազմից հետո վերադարձավ գյուղ` կնոջ ու դստեր մոտ: Ու մինչև Գոհար տատս կծներ երկրորդ որդուն` Ավետիքին` հորս, Արամայիսն աքսորվեց Միջին Ասիա: Բոլոր գերիներին պատժում էին գերի ընկնելու համար և ուղարկում հեռավոր ֆիզիկական ծանր աշխատանքի կամ թունավոր արտադրությամբ վայրեր:
Արամայիսը Միջին Ասիա մեկնեց ամբողջ ընտանիքով: Հետո մահացավ Ստալինը, Արամայիսին ներեցին ու թույլ տվեցին վերադառնալ հայրենիք: Գնացել էին չորսով, վերադարձան 5-ով: Միջին Ասիայում ծնվել էր ընտանիքի կրտսերը` Վոլոդյան: Սակայն պապս չգնաց Լանջաղբյուր, ընտանիքով տեղափոխվեց Երևան` Սարի թաղ: Փոքրիկ, երկու սենյակով տուն էր, որն ուներ ընդարձակ կտուր, որտեղ պահում էին ամեն ինչ` Արամայիսի մեդալներից մինչև չժանգոտվող ձողեր: Հետո բնակարան ստացան, դուստրն ամուսնացավ: Պարզվեց` փեսան Լանջաղբյուրից է: Ու հորաքույրս գնաց պապենական գյուղ հարս:
Սարի թաղի տան կտուրի իրերը որդիները բնակարան չտարան: Ամեն ինչի համար ասում էին` պա՛պ, թո´ղ, ինչի՜դ է պետք: Մինչդեռ Արամայիսը սով էր տեսել, ցեղասպանություն, աշխարհամարտ. նա կուտակում էր ամեն ինչ:

Մի մասը, այնուամենայնիվ, Արամայիսն իր հետ տարավ բնակարան: Փառք Աստծո, առաջին հարկ էր, հենց բնակարանից էլ մուտք կար նկուղ, որտեղ պահում էր այն ամենը, ինչ մի օր կարող էր պետք գալ: Բայց շատ բան չտեղավորվեց: Դրանք ուղարկեց փեսային Լանջաղբյուր: Արամայիս պապից փեսա Մեխակին բաժին հասան ամուր փայտեր, ու դրանք որպես գոմի դուռ ծառայում են մինչև օրս: Երբ հորաքույրս պատմում էր գոմի դռան պատմությունը, հանկարծ գլխի ընկա. Լանջաղբյուրի հորաքրոջս տունն ամբարում է պապիս, հայրիկիս ու մեր ցեղի, մեր բոլորի հավաքական հիշողությունը:
Ահա ուրեմն այս հորաքրոջս թոռները քշում են այն հեծանիվը, որը ժամանակին գնել էին իրենց հայրիկի` եղբորս համար, որը հետո ես էի քշում, հետո էլ` մեր մյուս զարմիկները: Հորաքույրս ամպամած եղանակին դեռ բռնում է իր այն անձրևանոցը, որը ձեռք էր բերել երեսուն տարի առաջ:
Հորաքրոջս տան գրադարանում դեռ կան «Խորհրդային մեծ հանրագիտարանն» ու հռոմեական թվերով խորհրդային ժամացույցը, որը չես նկատում ցերեկը, բայց չես կարող չլսել գիշերը: Այն այնքան կանոնավոր ու բարձր է աշխատում, որ խաթարում է ուղեղի բնականոն աշխատանքը և մեդիտացիան վերածում է ֆաշիստական տանջանքի:
Հորաքրոջս տանը, իհարկե, ավելացել են մեծ հեռուստացույցը, համակարգիչն ու նեթբուքը, բջջայիններն ու թաբլետները: Թող ոչ ոք չմտածի, թե հին իրերի թանգարան է: Ամենևին:
Ուղղակի չեն նետել այն, ինչ կիրառելի է, պրակտիկ նշանակություն ունի և պիտանի է: Խնամքով պահված են փայտե օրորոցը, որը մի քանի սերունդ է քնեցրել, 1978 թվականի նարդին, երկաթե ձողերով մահճակալները:

Նույն կոկիկությունն այգում է. ոչ մի անխնամ հատված: Բակում ծաղիկներ են, պատերի տակ` հատապտուղներ, այգին սկսվում է տան պատից մեկ մետր հեռու, կարտոֆիլի կանոնավոր շարքերում նույնքան կանոնիկ հեռավորության վրա տնկված են խնձորենիներ: Ամեն ինչ չափած- ձևած է այստեղ:
Գյուղական և քաղաքային կյանքի ամենամեծ տարբերությունը հավանաբար կանոնավոր հիշողությունն է. քաղաքը ջնջում է հիշողությունը: Նոր բնակարան ես ստացել` հին իրերը նետում ես տեղափոխվելիս կամ ժամանակի ընթացքում: Եթե սոցիալական վիճակդ բարելավել ես, պետք է բնակարանդ փոխես քաղաքում: Իսկ գյուղում կարող ես երկրորդ հարկ գցել կամ մի ննջարան էլ ավելացնել:
Իրերի ու հողի խնամքը և հոգատար վերաբերմունքը ցույց են տալիս մարդկային որակների տարբերությունը: Գյուղում բոլորը իրենց տներում են, իրենց հողում, հետևաբար այն չեն «սպառում», չեն սպառում նաև հարևանի հետ հարաբերությունները. չեն թշնամանում: Չէ՞ որ այդ հարևանը չի գնալու, իր հարևանն է մնալու սերնդեսերունդ: Հետևաբար չի կարող մի օր մի անհեթեթ պատճառով վատնել մի ամբողջ գանձ` հարևանությունը:
Քաղաքում սիրահարվում են ու բաժանվում են մինչև կեսօր, ընկերանում ու թշնամանում են մինչև ընթրիք: Որովհետև հարևանն էլ, սիրուհին էլ, ծանոթն էլ այսօր կան, վաղը կարող են չլինել: Կգտնվեն նորերը: Իսկ գյուղում սիրահարվեցիր՝ պիտի ամուսնանաս, ընկերացար` ձեր շիրմաքարերն էլ պիտի կողք կողքի լինեն:

Ու ինչպես վերաբերվում են իրերին, հողին, միմյանց, այդպես էլ` պետությանը: Չեն քամում մինչև վերջին կաթիլը: Այդ պատճառով գյուղից ավելի խաղաղ են մեկնում զինծառայության, ճիշտ այնպես, ինչպես եթե գնային սար: Երկուսն էլ պետք է անել, անհրաժեշտ է: Քաղաքում բանակ գնալը մի ամբողջ ծիսակարգ է` ուղեկցվող լացով, բանակային քեֆերով ու գիտակցումով, որ գնում է ոչ թե երկիր պահելու, այլ երկու տարի կորցնելու:
Գյուղում էլ են խոսում քաղաքականության մասին, դժգոհում գյուղապետից, նյարդայնանում թղթավարությունից և զայրանում կաշառակերությունից: Բայց դա չեն համարում պետության վերջը, չեն համարում անկախության կորուստը: Այդ երևույթների մասին խոսում են նույնքան հանգիստ, որքան կխոսեին կովի հիվանդության մասին: Կովն էլ, իշխանությունն էլ իրենցն են, թեկուզ մի քիչ էլ հիվանդ:
Գյուղում էլ կան արտագաղթողներ ու խոպանչիներ: Բայց դրանից ոչ ոք ողբերգություն չի սարքում: Որովհետև գնացողը տունը չի վաճառում, ավելին, հարազատները տունը պահում են, հողը մշակում: Հեռանում են փող վաստակելու, նոր կյանք փորձելու համար: Չեն հեռանում անիծելով, չեն մեկնում հայհոյելով, ոչ էլ մնացողներն էլ հերոսանում չգնալու համար:
Գյուղում ժամանակ չկա սոցիալական էքսհիբիցիոնիզմի համար: Ցուցամոլությունը քաղաքային արատ է, թեկուզ և վիրտուալ: Սոցցանցերում և բակում մարդիկ ամեն ինչ դարձնում են հանրության սեփականությունը` սեփական հանգստի լուսանկարներից մինչև իրենց դիրքորոշումները սիրո ու կուսակցությունների մասին: Գյուղում դա չկա, որովհետև ժամանակ չկա: Հետո` ո՞ւմ է հետաքրքիր: Եվ հետո` մարդուն չեն գնահատում վաղուց մոռացված ամերիկյան ռոք խմբի եզակի կատարման յութուբյան լինքը գտնելու ունակության համար:
Հայաստանի գյուղը դարձել է մարդկային որակների այն օազիսը, ուր արժի ժամանակ առ ժամանակ այցելել` տեսնելու քաղաքային կյանքը՝ առանց իր արատների, մարդկանց` առանց դիմակի ու ֆեսյբուքյան ստատուսի:

Ես չգիտեմ այն բանաձևը, թե ինչպե՞ս պետք է այս օազիսը արտահանել քաղաք, արժեքները` դարձնել բոլորինը, բայց մի բան հստակ է. համաքաղաքային ու համացանցային այն արժեքները, որ այսօր կան, տանում են փակուղի, դեպի սպառողական, անհոգի, անասնական հարաբերություններ: Դրանք ոչ էլ երկարատև են, անընդհատ կարող են փոխվել, մինչդեռ երկրին պետք են հենման կետեր: Այսօր գյուղն է պահում քաղաքն ու սահմանը, բայց գյուղը միայնակ երկար չի ձգի: Այն ամենաանպաշտպանն է` կքված հոգսերի ու գործերի մեջ, աստիճանաբար նոսրացող համայնքով ու ավելացող խնդիրներով:
…Ալեքսանենց ցեղից Արամայիսի աղջիկ Թամարի ու Սհոյի Մեխակի գոմի դուռը ամեն առավոտ հինգին բացում են, երեկոյան իննին կողպում: Բացում են լուսաբացին, փակում` արևամուտին: Այդ դուռը բացել են Թամարը, նրա դուստրը, նրա որդին ու հարսը: Հիմա բացում են թոռները: Բացում ու փակում են արագ, բայց խնամքով. Չէ՞ որ ամուր, պինդ դուռ է, պապի դուռն է, որ կարող է մի քանի սերնդի ծառայել:

Տարածել