Առաջին գրողն Արևմտյան Աֆրիկայից, որը արժանացել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական Գոնկուր մրցանակին (տեսանյութ)
12/19/2024
Սենեգալցի հեղինակ Մոհամեդ Մբուգար Սառը Սահարյան Աֆրիկայի առաջին գրողն է, որը 2021-ին ստացել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը. նրան «Գոնկուր» է շնորհվել «Հիշողության թաքստոցում» գրքի համար։
Մոհամեդ Մբուգար Սառը ծնվել է 1990 թվականին բժիշկի ընտանիքում, Դաքարում։ Ազգությամբ սերեր է: Ավարտել է Սեն Լուի զինվորական դպրոցը, 2009-ին տեղափոխվել է Ֆրանսիա, սովորել Փարիզի Հասարակականգիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցում։ Ըստ նրա, գրականությունն առաջին բանն էր, որ փոքրուց հասկացել է իրենն է.
«Իհարկե, այդ ժամանակ չէի հասկանում բուն գրականությունն ինչ է: Ինձ համար հեքիաթն էր գրական առաջին ժանրը, որին առնչվել եմ տատիկիս շնորհիվ: Հետո, երբ սկսեցի կարդալ, բացահայտեցի մեծագույն հեղինակների, հայտնաբերեցի հրաշալի գրքեր: Իմ անհատականությունը, պատկերացումներն ու ընկալումները ձևավորվում են գրքերով ու գրականությամբ: Գրքերն ինձ օգնել են գտնել քաղաքական, սոցիալական, մշակութային, էկզիստենցիալ հարցերի պատասխաններ»։
Սառն իր գրքերում հաճախ է փնտրում էկզիստենցիալ հարցերի պատասխաններ՝ ինքնաճանաչման, մենության։ Սենեգալից ուղևորվելով Փարիզ և ընթերցողից գրող դառնալու ճանապարհին նրա ընկերներն ու խորհրդատուները եղել են գրքերը։ Գրողն ասում է, որ Միայնությունը գոյաբանական պայքար է, և եթե Ներգաղթյալ ես, ավելի մենակ ես։
«Միայնակ լինելը մարդկային վիճակ է, բոլորին է հատուկ: Դա այդքան էլ տխուր փաստ չէ, ինչ-որ մեկին փնտրելը կարող է ուրախություն պարգևել, մենությունը երբեմն նաև երջանկացնում է: Դա եմ ուզում ցույց տալ իմ գրքերում: Այն, ինչը թողել եմ Սենեգալում՝ իմ ընտանիքը, իմ մանկություննը, հիմա կորսված է: Նրանք էլ, ովքեր մնացել են, ինձ են կորցրել, ինձ հետ էլ՝ ինչ-որ կարևոր բան: Նրանք էլ են կարոտում, ես էլ: Սա է թերևս նշանակում գաղթական լինել, լքելու դրաման կրել:
Իհարկե, մայրդ զանգում է, պատմում՝ տանը ինչ կա չկա, ու դու գիտակցում ես, որ այլևս չես մասնակցում այդ ամենին: Դա ընդունել է պետք, ու դրա մասին է, որ գրում եմ․ իմ կորցրած ընկալումների, ապրումնեի, հուշերի մասին: Բայց կորցնելը նաև նորը ստեղծելու հնարավորություն է»:
Գրողն իր ստեղծագործություններում հաճախ է անդրադառնում սոցիալական խնդիրներին՝ միգրացիային, մշակութային ինքնությանն ու տարբերություններին։ Սառն առաջին գրողն է Արևմտյան Աֆրիկայից, որը ստացել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ Գոնկուրը։ Այն շնորհվել է «Հիշողությունների թաքստոցում» գրքի համար։
«Իհարկե, շատ ուրախ եմ Գոնկուրի արժանանալու համար: Ես տեսնում եմ՝ ինչպես է իմ գիրքը ճանապարհորդում երկներով՝ թարգմանվելով տարբեր լեզուներով: Ես շատ հպարտ եմ։ Ու միշտ հիշում եմ, ով եմ և որտեղից եմ սերում»:
Ամենահեղինակավոր գրական մրցանակի դափնեկիրն ասում է, որ մինչև գրող լինելը նախ և առաջ ընթերցող է։ Ու երբ տուն վերադառնա, հետը կտանի իր գրքերն ու ու հաճույքով կկարդա։
Կարդացեք նաև
- Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» վեպը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Գիրք-ճանապարհորդություն տարածության և ժամանակի միջով՝ Փարիզից մինչև սենեգալյան հեռավոր մի գյուղ (տեսանյութ)
Մոհամեդ Մբուգար Սառ
7800 ֏
Նկարագրություն
Փարիզում 1938-ին լույս է տեսնում «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը, որը փարիզյան գրական կյանքում մեծ իրարանցում է առաջացնում: Ոմանց համոզմամբ՝ նոր Արթյուր Ռեմբո էր հայտնվել, մյուսների համար պարզ գրագողություն էր: Հրատարակումից հետո գրքի հեղինակն անհետանում է:
Մեր օրերում գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի ձեռքին: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է այս ստեղծագործությամբ ու որոշում է բացահայտել գրքի հեղինակի առեղծվածային անհետացումը: Գնալով առեղծվածային հեղինակի հետքերով՝ Դիեգանը հայտնվում է գաղութատիրական ժամանակաշրջանի դրամատիկ իրադարձությունների, Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի պատմության մութ անկյուններում: