Ինչպե՞ս հայկական հյուրընկալությունը դարձավ բիզնես
Հյուրանոց, հյուրատուն, իջևանատուն, քարվանսարա: Սրանք գրեթե նույն նշանակությամբ (մի փոքր տարբեր կիրառությամբ) պատմական ետհաշվարկի լեզվական միավորներն են, որոնց միջոցով հնարավոր է բացահայտել մի ամբողջ կուլտուրոլոգիական շերտ ու մշակույթ, որ դեռ ուշ միջանադարից ձևավորվել և հասել է մեր օրեր կոչվելով՝ սպասարկման ոլորտ: Սրա մեջ ներառված են նաև հանրային սննդի, այժմ ավելի հայտնի ռեստորանային մշակույթի տարրերը:
Քարվանսարաները հայկական մշակույթում առաջացել են ավելի վաղ միջանադրում՝ տասներկուերորդ դար:
Դրանք նախատեսված են եղել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց հանգստի համար: Դրանք կառուցվել են մեծ ճանապարհների եզրերին ու առևտրական կենտրոններում: Ծառայել են որպես ճամփորդների ու նրանց կենդանիների գիշերակացի վայր: Դրանք հիմնականում եղել են անվճար: Դրան հաջորդել են իջևանատները, որոնք արդեն ունեցել են տնտեսական բաղադրիչ: Այսինքն՝ ճամփորդը կամ անցորդը վճարել է գիշերակացի համար, ինչպես նաև մատուցվող սննդի:
Ըստ մասնագետների եղել են իջևանատներ, որտեղ սնունդ չի մատուցվել, սակայն թույլատրվել է հյուրին իր հետ բերած սնունդը պատրաստել ու համտեսել: Ի դեպ հետաքրքրական է, որ հայկական կուլտուրոլոգիական շերտում իջևանատուն հասկացության հոմանիշներից մեկն էլ եղել է հոգետուն, և իջևանատան սեփականատերերի համար չգրված օրենք է եղել, որ եթե անցորդը կամ ճամփորդը աղքատ է, ապա նրանից գումար չեն գանձել գիշերակացի ու սննդի համար:
Այս կառույցների ձևավորման և վերակառուցման վրա մեծ ազդեցություն ունեցան կրոնական ավանդույթները:
Այդ ժամանակաշրջանում շատացավ ուխտագնացների հոսքը դեպի կրոնական վայրեր: Նրանք հիմնականում հանգրվան էին գտնում եկեղեցիներում, մենաստաններում: Եվ քանի որ եկեղեցիներում բոլոր ծառայություններն անվճար էին, ապա դա ազդեց մասնավոր հանգրվանատների զարգացման վրա: Այդ պատճառով, օրինակ Անգլիայում 1530-ական թվականներին թագավոր Հենրիխ IV-ը եկեղեցու սեփականությունը դարձրեց հասարակական սեփականություն, որից հետո ճամփորդները չէին կարող անվճար սնվել ու գիշերել և ստիպված օթևանում էին մասնավոր հանգրվանատներում: Ահա այսպես քարվանսարան դարձավ իջևանատուն՝ իջևանատունն էլ բիզնես: Սրան գրեթե զուգահեռ զարգացավ նաև հանրային սննդի մշակույթը:
Հայկական մշակույթում դրանք հիմնականում եղել են սրճելու վայրերը՝ մասնավորապես պարսկական ու թուրքական տիրապետության շրջանում: Այնուհետև մշակույթը տեղափոխվել է, ժամանակակից լեզվով ասած, նաև հյուրանոցային բիզնես: Բիզնես-տարրը հետզհետե դարձել է հյուրատներ ու սննդի կետեր հիմնելու հիմնական մոտիվացիան: Ահա այսպես էլ առաջացել են մեզ այժմ հայտնի ռեստորաններն ու սննդի կետերը:
Իրականում, հանրային սննդի կետեր ունենալը հատուկ չի եղել հայկական մշակույթին մի շարք պատճառներով: Նախ ընդունված չի եղել ‹‹դրսում ուտելու›› մշակույթը: Համարվել է, որ ընթրիքը պետք է լինի ‹‹օջախում››՝ընտանիքի անդամների հետ: Բացի այդ՝ հանրային սննդի կետերի սպառողները եղել են տղամարդիկ, կանանց հարիր չի եղել սրճարան այցելելը:
Հանրային սնունդը դարձել է նաև ‹‹հայերինը›› ԽՍՀՄ շրջանում:
Հանրային սննդի կետեր հիմնելու հեղինակը Անաստաս Միկոյանն է եղել, մշակել է ճաշարաններ ունենալու նախագիծը ու սկսել է իրագործել ծրագիրը: Այդպես առաջացել են առաջին ճաշարանները, այնուհետև՝ ռեստորանները: Սակայն, նույնիսկ սա է ունեցել կուսակցական գաղափարական հենք: Դրանց նպատակն էր բարձրացնել մարդկանց աշխատանքի ՕԳԳ-ն: Համարվել է, որ միջավայրի փոփոխությունն ու յուրատեսակ ժամանցի այդ ձևը կնպաստի ավելի բեղուն աշխատանքին: Հենց այսպես էլ գաստրոնոմիկ վերափոխմանը սկսում են մասնակցել նաև հայ կանայք:
Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ տնտեսական տարրը հանրային սննդի ձևավորման գործում մեծ նշանակություն է ունեցել: Որքան էլ որ տարօրինակ հնչի՝ տնտեսական բաղադրիչը նաև մեծ ազդեցություն է ունենում գաստրոնոմիայի ու խոհանոցի ձևավորման վրա: Ցանկացած երկրի խոհանոց ու գաստրոնոմիկ սովորույթները փոփոխությունների են ենթարկվում հենց տնտեսական գործոնների ազդեցության տակ: Այս մասին հաջորդ անգամ:
Կարդա նաև

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)
