Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տի

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

04/03/2025

newmag-y-n

Ապրիլի 5-ին տեղի կունենա Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության վերջին գրքի շնորհանդեսը։ «Վերջին աշունը» հատորում տեղ են գտել նրա խմբագրականները, անավարտ հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։

Տիգրան Հայրապետյանը հաճախ խոստովանում էր, որ  DDT-ի «Վերջին աշունը» երգն իր սիրելի ստեղծագործություններից է։ Ճակատագրի հեգնանքով հենց այդ երգի վերնագիրը դարձավ նրա կյանքի վերջին գրքի վերնագիրն ու խորագիրը։

Newmag-ի հրատարակած «Վերջին աշունը» գիրքը հեղինակի հրապարակախոսական, վերլուծական գործերի 5-րդ հատորն է։ Գործերում ամփոփված են Տիգրան Հայրապետյանի մտքերը, և այդ վերլուծություններն ու կանխատեսումները ոչ միայն անցյալի արժեքավոր վկայություններ են, այլև՝ ապագայի հստակ կանխորոշումներ։

Այդ հատորում բացի Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգությունից, տեղ են գտել նաև նրա գեղարվեստական գործերը. առաջին անգամ հրատարակվել է քաղաքագետի, հրապարակախոսի և գրողի անտիպ ստեղծագործությունները։ 

Յուրաքանչյուր էջը ներկայացնում է Հայրապետյանի՝ ժամանակից առաջ անցած քաղաքական մտածողությունը և կանխատեսումները, որոնք, ցավոք, հետագայում իրականություն դարձան։


Ապրիլի 5-ին, 15:00-ին ՀԲԸՄ տեղի կունենա Հայրապետյանի կյանքին և ժառանգությանը նվիրված հիշատակի ցերեկույթ։ Միջոցառման ընթացքում գիրքը կներկայացնեն Տիգրան Հայրապետյանի մտավոր սեփականության իրավատեր Նազենի Ղարիբյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, դերասան ու ռեժիսոր, Հայրապետյանի մտերիմ ընկեր Զոհրապ Բեկ-Գասպարենցը և նրա ձեռագրերը թվայնացնող Միքայել Բադալյանը։

Գրքի շնորհանդեսից հետո կհայտարարվեն նաև «Տիգրան Հայրապետյան» 2025 թվականի մրցանակակրի անունը, որը շնորհվելու է լավագույն քաղաքական-վերլուծական հրապարակումների համար։ Միաժամանակ հայտնի կդառնան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակակիրների անունները։

Քչերին է հայտնի, որ քաղաքագետն ու հրապարակախոսը նաև նկարիչ էր։ Միջոցառման ընթացքում սրահում կցուցադրվեն նրա կտավներն ու անձնական իրերը։


ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ, ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ


Շնորհանդեսի մուտքն ազատ է, իսկ գրքերը կվաճառվեն հատուկ զեղչով։

«Վերջին աշունը» գիրքը հրատարակվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ֆինանսական աջակցությամբ։ 

Տարածել

Վերջին աշունը [Հատոր 5]
Վերջին աշունը [Հատոր 5]

Տիգրան Հայրապետյան

6800 ֏

Նկարագրություն

«Վերջին աշունը» Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ և վերջին հատորն է։ Այն ներառում է նրա խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։ Վերնագիրը հղում է ДДT խմբի համանուն երգին, որը Տիգրան Հայրապետյանը շատ էր սիրում ու հաճախ էր հիշատակում իր հոդվածներում։ Նրա վերջին աշունը նշանավորվեց քաղաքական ակտիվությամբ, ընդդիմադիր ուժերի հետ աշխատանքով՝ հանուն ազատ ընտրությունների, սակայն նրա կյանքը ...
Անապատի հազար տարի [Հատոր 4]
Անապատի հազար տարի [Հատոր 4]

Տիգրան Հայրապետյան

6800 ֏

Նկարագրություն

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Այս հատորում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն: 

Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ 

Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու խաղաղության, ժողովրդավարության ու բռնապետության հակադրությունների համատեքստում: Գրքում հավաքված հոդվածներն ու վերլուծությունները խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում: 

Փրկե՞նք հայրենիքը [Հատոր 3]
Փրկե՞նք հայրենիքը [Հատոր 3]

Տիգրան Հայրապետյան

6800 ֏

Նկարագրություն

Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների երրորդ հատորում առաջին երկու հատորներում հնչեցրած նրա հարցերի պատասխաններն են։ Առաջին երկու հատորներում հեղինակը ճշգրտորեն, գրեթե մարգարեական կանխատեսմամբ ախտորոշում է Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ այսօր ծառացած խնդիրները։ Նա քննարկում է Արեւմուտքի ու Արևելքի հավակնությունները և նրանց ծրագրերում Հայաստանի դերը։ Այս հատորում հավաքված են հեղինակի այն հոդվածները, որոնցում նա պատասխաններ է փնտրում ու տալիս է «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։

Տիգրան Հայրապետյանն այս հատորում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման 5 տարբերակ, վերլուծել բոլոր դետալները, իրար կողքի դրել փաստերը, համաշխարհային պատմության օրինակներն ու պատմական փորձը և դուրս բերել Հայաստանի համար լավագույն լուծումը։ Գրքում հեղինակը 44-օրյա պատերազմից ավելի քան 25 տարի առաջ կանխատեսել է, թե որ ուղղությամբ է թշնամին հարձակվելու Հայաստանի վրա, և ինչ պետք է անել դիմակայելու համար։

Երրորդ աշխարհամարտի մատույցներում [Հատոր 2]
Երրորդ աշխարհամարտի մատույցներում [Հատոր 2]

Տիգրան Հայրապետյան

6800 ֏

Նկարագրություն

Տիգրան Հայրապետյանի երկերի 2-րդ հատորի գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարևորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։

«Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» խորագրով 1-ին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները՝ նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը։

2-րդ՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, Եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության և նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկումպատերազմի և խաղաղության սահմանագիծը։

Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]
Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]

Տիգրան Հայրապետյան

6800 ֏

Նկարագրություն

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։