[exclusive] Իտալացի մարզիչ Ջանլուկա Ֆեստայի հարցազրույցը Չեմպիոնների Լիգայի (ի՞նչ կլինի) և Հենրիխի (ինչպիսի՞նն է) մասին
- Նապոլի – Ռեալ. թվում է՝ «Նապոլին» խաղում է զգացմունքներով, որոնք օգնում են միջակների դեմ, բայց խանգարում՝ ուժեղների դեմ պայքարում: «Ռեալի» հետ առաջին խաղում «Նապոլին» կազմակերպված տեսք չուներ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: «Ռեալը» հաղթեց կարգի հաշվին: Գնահատեք, խնդրեմ, հնարավորությունները և ներկայացրեք կողմերի խաղաքարտերը:
- Մադրիդում «Նապոլին» այն թիմը չէր, որին սովոր ենք տեսնել առաջնությունում՝ կազմակերպված, արագ, անկանխատեսելի: Գուցե, այս մրցաշարում փորձի պակասն ու չհաստատված անհատականությունը կարևոր դերակատարում ունեցան: Տիպիկ Սարիի ոճով և Ինսինյեի գոլով ուղեկցված լավ սկզբից հետո, Մադրիդը ստիպեց իր հյուրերին սեղմվել պաշտպանական դիրքերում: Բայց հարկ եղած դեպքերում էլ, ֆուտբոլիստների տեխնիկական խնդիրների պատճառով՝ «Նապոլին» չկարողացավ պաշտպանությունից արագորեն անցնել հակահարձակման: Սա էլ ձևավորեց նրանց խաղի հիմնական գնահատականը: Զիդանն իր սաներին շատ լավ էր նախապատրաստել, թիմը խաղում էր խաղադաշտի ամբողջ լայնությամբ: Գրոհների ուղղությունն ակնթարթորեն փոխում էին և նպաստում եզրային պաշտպանների առաջխաղացմանը. Մարսելոն համարյա թե փոխակերպվել էր լրացուցիչ հարձակվողի: Նեապոլցիներն ուշանում էին պաշտպանությունից դուրս գալիս, ուստի մրցակցին դիմավորելու համար անհրաժեշտ փոխապահովում չկար: «Սան Պաոլոյում» բոլորովին այլ խաղ կլինի: «Նապոլիի» ջերմեռանդ աջակցությունն ապահովված է, բայց հարկավոր է շտկել մադրիդյան սխալները: Սարին ու նրա թիմն ունեն հաղթանակի նժարը թեքելու բոլոր հնարավորությունները: «Նապոլին» պետք է իրացնի իր հարձակվողների ներուժը, որոնք, իրենց հերթին, պարտավորեն անընդհատ առաջարկել սեփական ծառայությունները՝ ներթափանցելով «Ռեալի» եզրային պաշտպանների թողած ազատ գոտիները:
- «Բարսելոնա»-ՊՍԺ դիմակայության սցենարը բոլորն են քննարկում, գերակշիռ մասը չի հավատում հեքիաթին, մինչդեռ «Բարսայի» համակիրները վստահ են՝ պատմական խաղային վերադարձ է սպասվում: Պրոֆեսիոնալ տեսանկյունից ո՞ր հանգամանքներում Մեսին ու ընկերները կկարողանան վերադարձնել ինտրիգը: Էմերիի գլխավորած թիմը մեքենայի տպավորություն թողեց, բարձր ճնշում էր գործադրում՝ առանց թիկունքում ազատ գոտիներ թողնելու: Մրցաշրջանի այս ծանրագույն փուլում «Բարսելոնայի» հարձակվողներն ու կիսապաշտպանները կարո՞ղ են արդյոք լրացուցիչ տեմպ հաղորդել և մանր ու միջին փոխանցումներով ազատ գոտիներ ստեղծել, թե՞ պետք է որոշակիորեն փոխեն խաղային ծրագիրը հատուկ այս մրցակցի դեմ:
- Թիմերը խաղացին հայելային համակարգերով, բայց միանգամայն տարբեր կիրառմամբ: Պաշտպանությանն ու հարձակմանը մասնակցում էին ՊՍԺ-ի բոլոր խաղացողները: Դի Մարիայի և Դրաքսլերի գործադրած ճնշումը մեծ էր, փակում էին մրցակցի փոխանցումների ճանապարհը և լավագույնս փոխապահովում միմյանց: Մրցակցին շատ մոտ խաղալով՝ զրկեցին «Բարսելոնային» ազատ գործելու հնարավորությունից: Պաշտպանությունում գնդակը խլելու ժամանակ Փարիզի 4-3-3-ը վերածվում էր 4-5-1-ի, հակագրոհելու համար անմիջապես փոխակերպվում էր 2-5-3-ի: Ըստ իս, պատասխան խաղում «Բարսելոնան» պարտավոր է լինել ավելի պրոդուկտիվ՝ խաղալով ավելի ուղղահայաց, առանց շատ փոխանցումների: Պետք է օգտվի 1-ը 1-ի դեմ իրավիճակներում իր խաղացողների ունեցած առավելություններից, այդպիսով մրցակցին թույլ չտալով արագորեն վերադասավորվել պաշտպանությունում: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե Փարիզը կկորցնի հաջորդ փուլում հայտնվելու հնարավորությունը:
- «Յուվենտուսը» խաղային լավ հավասարակշռության է հասել: Ապագան խոստումնալից է: «Յուվեն» կարո՞ղ է արդեն հիմա դասվել «Ռեալի», «Բավարիայի», ՊՍԺ-ի շարքին:
- «Յուվենտուսի»՝ այս տարվա մարտավարական էվոլյուցիան շատ ուշագրավ է: Ալեգրին կարողացավ պահպանել հավասարակշռությունը այն դեպքում, երբ փոխվեցին թե՛ խաղացողները, թե՛ խաղային համակարգը: Ալեգրին գտել է այն եղանակը, որով կարող է խաղալու հնարավորություն տալ կազմի ուժեղագույններին: 4-2-3-1 համակարգում բիանկոներին գերազանց է տեղաբաշխվում. հենակետում՝ Խեդիրան ու Պյանիչը, եզրերում՝ Մանջուկիչն ու Կուադրադոն: «Յուվենտուսը» կարող է համալրել Եվրոպայի լավագույնների պատվանդանը:
- «Մոնակո» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության ելքը չի վճռվել: Ֆալկաոն տառապում է աճուկային վնասվածքից: Ինչպիսի՞ հանդիպման սպասենք մարտի 15-ին:
- Առաջինի նման խաղի եմ սպասում: Գվարդիոլան երբեք չի հրաժարվի իր փիլիսոփայությունից: «Մոնակոյի» դեմ ընտրեց 4-1-4-1-ը, Ֆերնանդինյոյին գործուղեց ձախ պաշտպանի դիրք, Տուրեին՝ կենտրոն: Գվարդիոլայի գլխավորած թիմերը նախընտրում են գնդակը ներքևում պահել՝ հնարավորինս զերծ մնալով երկար, ուղղահայաց փոխանցումներից: Գնդակը պարբերաբար փոխադրում են մի եզրից մյուսը: Բայց մեծ ռիսկի են դիմում, երբ այնպիսի կազմակերպված թիմի հետ են խաղում, ինչպիսին «Մոնակոն» է: Ժարդիմի սաները պրեսինգը սկսում են ամենաբարձր կետում, որտեղ գնդակը խլելուն պես կարող են անմիջապես գրավել դարպասը:
- «Արսենալն» ամենահակասական ֆենոմեններից է արդի ֆուտբոլում: Երբ զինագործների նկատմամբ ճնշումը շատ մեծ չէ, գլուխ հանում են: Գուցե, խնդիրը դիմացկունությանն ու արագաուժային տվյալների՞ն է վերաբերում:
- «Արսենալին» պետք է արժանին մատուցել այն բանի համար, որ բազմիցս ապավինել է երիտասարդներին: Նրանք ֆիզիկական թարմություն և էնտուզիազմ են բերում: Բայց Չեմպիոնների լիգայում փորձը շատ կարևոր է: Պետք է կարողանալ գնդակին տիրապետել նաև դժվար իրավիճակներում: Փորձը խաղացողներին տալիս է խաղը կարդալու հնարավորություն: «Արսենալը» պետք է շարունակի իր քաղաքականությունը, ինչու ոչ՝ ներգրավելով նաև մի քանի բազմափորձ ֆուտբոլիստի, որոնք կնպաստեն երիտասարդների աճին:
- Չեմպիոնների լիգայում Ձեր ֆավորիտները.
- ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Յուվենտուսը»: Չնայած փարիզցիների ելույթն ինչ-որ տեղ անակնկալ էր:
- Նոր թիմ ընդունելիս մարզիչներն առաջնահերթ խնդիր ունեն. հարմարվել ֆուտբոլիստների հնարավորություններին կամ նրանց հարմարեցնել սեփական հայեցակարգին: Ե՞րբ և ո՞ր գործոններով եք կողմնորոշվում:
- Կախված է այն ժամանակահատվածից, որում ընդունում եմ թիմին: Եթե իրավանախորդիս փոխարինում եմ մրցակցային փուլում, հարմարվում եմ ինքս, քանի որ եղած ֆուտբոլիստներն ընտրվել են նախքան իմ գալն առաջադրված պահանջների համաձայն: Եթե նախապատրաստական փուլից սկսելու հնարավորություն ունեմ, կատարում եմ սեփական փնտրտուքներս և ընտրությունս: Ամեն դեպքում, թիմերիս մարզում եմ այնպես, որ պատրաստ լինեն խաղալու տարբեր մոդելներով: Դա վերաբերում է խաղային սկզբունքներին, պաշտպանական մեխանիզմին, հարձակողական հավակնություններին:
- Իբրև «Ինտերի» ու «Միդլսբրոյի» նախկին ֆուտբոլիստ՝ զարգացման ինչպիսի՞ միտումներ եք տեսնում այսօրվա Իտալիայում և Անգլիայում: Պրեմիեր-լիգայի թիմերն իրար հետ խաղում են բարձր ինտենսիվությամբ և արագությամբ, բայց Եվրոպայում նույն դինամիկայով խաղալ հիմնականում չի հաջողվում. Ձեր պարզաբանումը.
- Անգլիական ֆուտբոլը հիմնականում բնութագրում են ռիթմն ու արագությունը: Գերակումբները կարողացել են հրավիրել միջազգային հարուստ փորձ ունեցող մարզիչների և մեծապես զարգանալ նաև մարտավարական առումով: Շուտով անգլիական մի քանի ակումբի կտեսնենք Եվրոպայի բարձունքում: Իտալիայի առաջնությունը դեռևս վարընթաց է շարժվում, եթե հատկապես հաշվի առնենք ֆուտբոլիստների տեխնիկական հնարավորությունները: Պետք է բարձրացնել մանկապատանեկան ֆուտբոլում տարվող աշխատանքի որակը և չսահմանափակվել միայն տակտիկական հմտությունները խրասուսելով: Նաև անհրաժեշտ է համարձակություն դրսևորել և ավելի մեծ տեղ տալ երիտասարդներին, ինչպես Եվրոպայի մյուս երկրներում է ընդունված:
- Ինչպե՞ս արձագանքեցիք Ռանիերիի պաշտոնանկությանը:
- Մեծ ակնածանքով եմ վերաբերվում Կլաուդիո Ռանիերիին: Նա ինձ մարզել է «Կալյարիում» այն ժամանակ, երբ «C» սերիայից մագլցեցինք մինչև սերիա «A»: «Լեսթերից» դուրս գալուց հետո հեռախոսազրույցում հայտնեցի ափսոսանքս: Ակումբը դժվար որոշում կայացրեց, որին համաձայնել չեմ կարող: Պատմական հաղթանակից հետո ֆուտբոլիստները բավարարվեցին, մնացին առանց շարժառիթի: Աշխատունակության վրա ազդեց նաև այն հանգամանքը, որ «Լեսթերի» և ֆուտբոլիստների միջև կնքված պայմանաքրերը երկարաժամկետ էին: Իհարկե, չէինք ակնկալում, թե «Լեսթերը» կպաշտպաներ տիտղոսը, բայց Ռանիերին կկարողանար կարգավորել ընթացիկ խնդիրները:
- Հենրիկ Մխիթարյանի խաղի մասին շատերն են խոսել: Ձեր նկարագրությունը ևս հետաքրքիր է:
- Նա այն խաղացողն է, որին իրենց թիմերում կցանկանային տեսնել բոլոր մարզիչները: Ժամանակակից կիսապաշտպան է՝ տեխնիկական հսկայական զինանոցով, ունակ է վճռելու մենապայքարների ելքը, ճիշտ և ժամանակին կատարած տեղաշարժերի շնորհիվ կարողանում է ազատ տարածություն ստեղծել թիմակիցների համար, գրոհները արդյունավետորեն եզրափակելու կարևորագույն ընդունակություն ունի: Հայաստանից սպասում ենք նոր Հենրիկների: