[Oscar-2017] Օսկարը` բիզնեսի, հանդուրժողականության, ռասիզմի և սեքսիզմի ծուռ հայելի
Տարվա լավագույն ֆիլմ՝ Լա-լա Լենդ
Տարվա ամենագունեղ և էսթետիկ ֆիլմ-երգը, ֆիլմ-պարը, ֆիլմ-էսքեյպիզմը, ֆիլմ-դեկորացիան, ֆիլմերի մասին ֆիլմ՝ Լա-Լա Լենդը, ստացել է 14 անվանակարգ, ինչպես և ժամանակին «Տիտանիկն» ու «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմերը, որոնք հաղթել են Լավագույն ֆիլմ անվանակարգում: Բնականաբար, քանակային մեծամասնության տեսանկյունից ֆիլմն ունի գլխավոր անվանակարգում հաղթանակի բոլոր շանսերը, իսկ վերջերս քաղաքական առումով դժգոհ, անբավարարված և բարկացած ամերիկացիները բաց չեն թողնում արվեստի միջոցով զվարճանալու և լիցքաթափվելու տարբերակը:
[embed]http://www.youtube.com/watch?v=0pdqf4P9MB8[/embed]
Տարվա լավագույն ֆիլմ՝ Լուսնի լույսը
Քանի որ Օսկարը կինոգիտության առումով տրամաբանական երևույթ չէ և միշտ էլ հանդիսացել է Միացյալ նահանգների տոլերանտության տիրույթ, ապա կարող է առանձնացնել գեյերի մասին ֆիլմը հենց միայն գեյերի մասին ֆիլմ լինելու պատճառով: Իսկ «Լուսնի լույսում» գեյը սևամորթ է, ինչը նաև վատ առիթ չէ Ակադեմիայի անդամների անունից նորընտիր նախագահին զայրացնելու համար: Իսկ կինեմատոգրաֆիկ տեսանկյունից, սա գետտոյում ապրող սևամորթ գեյի թեմատիկան շահարկող ֆիլմ չէ, սակայն, Օսկարի ժամանակ այդ փաստն արդեն անկարևոր է:
[embed]http://www.youtube.com/watch?v=9NJj12tJzqc[/embed]
Լավագույն դերասան՝ Քեյսի Աֆլեք, Վիգո Մորտենսոն
Լավագույն դերասան անվանակարգում ռեալ շանսեր ունի Քեյսի Աֆլեքը, բայց, ինչպես և շատ ու շատ սինեֆիլներ, կինոքննադատներից շատերը ցանկանում են Վիգո Մորտենսոնի հաղթանակը: Երկար տարիներ վառ դերերով հանդես չեկած Մորտենսոնը գերեց հանդիսատեսին իր էքսցենտրիկ հայր Կապիտան Ֆանտաստիկով, որը տարվա կինոհայր կոչման մեջ կարող է մրցել միայն Տոնի Էրդմանի հետ, որն իր հերթին արժանի է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի հաղթանակին:
Քեյսի Աֆլեք՝ Manchester by the sea
Տարվա լավագույն դերասանուհի՝ Նատալի Պորտման, Էմմա Սթոուն, Իզաբել Յուպեր
Իհարկե, Նատալի Պորտմանն առանձնացավ իր գերէմոցիոնալ «Ջեկի»-ով և տարավ ամբողջ ֆիլմն իր փխրուն ուսերի վրա, բայց այս տարվա կանանց ֆավորիտների ցուցակում են Էմմա Սթոունը և Իզաբել Յուպերը: Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթողի կարգավիճակում ցանկալի է տեսնել Յուպերին՝ իր սարկաստիկ, վառ, ուժեղ և ինքնատիպ հերոսուհու հետ միասին. Էմմայի լավագույն դերը դեռ առջևում է:
Նատալի Պորտման՝ Jackie
Լավագույն ռեժիսոր՝ Դեմիեն Շազել, Մել Գիբսոն, Դենի ՎԻլնյով
Լավագույն ռեժիսուրայի համար ոսկե արձանիկը, հավանաբար, Ակադեմիան կշնորհի Դեմիեն Շազելին: Սակայն այստեղ կա ֆիլմ-վերադարձ՝ «Խղճի թելադրանքով» , իսկ ռեժիսորական աթոռին՝ Մել Գիբսոն: Հոլիվուդը սիրում է հումանիզմի և պատերազմի թեման, փոքր մարդուն մարտի դաշտում, այնպես որ ֆիլմը կարող է որևէ կերպ առանձնացվել: Իսկ Դենի Վիլնյովն իր Ժամանում սայ-ֆայով մրցունակ է ավելի շուտ տեխնիկական անվանակարգերում, քան գլխավորներում, ինչպես և անցած տարվա գլխավոր սայ-ֆայ՝ Ռիդլի Սքոթի Մարսեցին:
Դամիեն Շազել
Եվ այսպես
Օսկարը միշտ եղել է, կա և, հավանաբար, կմնա ոչ թե արվեստի մրցանակաբաշխություն, այլ բիզնեսի, տոլերանտության, ռասիզմի և սեքսիզմի ծուռ հայելի: Որոշ անվանակարգեր լցվում են ոչ այդքան արժանի ֆիլմերով, միայն թե լինի գունային կամ սեռային հավասարություն, իսկ ընտրված ֆիլմերն ու դերակատարումներն այնքան խայտաբղետ են, որ օբյեկտիվության ֆակտորը լղոզվում է: Մնում է հուսալ, որ պարտված նոմինանտները դա հաշվի կառնեն:
http://www.youtube.com/watch?v=9RBRVwaTtVc