ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 12] Բոնդոն և նրա արկածները առաջն

[Զինվորի օրագիր - 12] Բոնդոն և նրա արկածները առաջնագծում

Քնի դեմն առնել գուցե դժվար է, անհաղթահարելի: Լարված ծառայության պայմաններում հոգնելու և քնելու հավանականությունը մեծ է, մանավանդ երբ հերթապահությունը շուրջօրյա է: Լավագույն լուծումը ընկերներին տեղեկացնելն է, խնդրելը, որ արագ փոխարինեն: Հետո միայն կարելի է հավաքել ուժերը, պատրաստվել փոխհատուցել փոխարինողին՝ դիտակետ բարձրանալ, նրա ժամերը լրացնել: Ամենաթեժ կետերում այդպիսի դեպքեր չեն գրանցվել, ավելի ստույգ մեկ, երկու անգամ: Այս պատմությունը հիմա ցանկացած պոստում գիտեն: Լսել են, թե ինչպես է զինծառայողն արթնացել՝ տեսել ձեռքում դրած իրը, զրահաբաճկոնի նշանը, սաղավարտին թողած՝ գրությունը՝ [ BO… ]:
Հակառակորդի հետախույզներն ավելի հաճախ ադրբեջանցիներ չեն, վարձու զինվորականներ են: Ընդ որում ամենևին մարդասպաններ չեն, ճիշտ՝ օձի պես, իրենց չնկատեցիր, անվնաս են, տեսար, կխայթեն ու կանհետանան: Գալիս են ամենակարևոր ուղղությունները ստուգում, զինվորներին հաշվում, քարտեզ կազմում: Սուրհանդակներ են, պարզապես գաղտագողի: Երբեմն նրանք էլ նախընտրում են զվարճանալ, գործից հաճույք ստանալ, հետք թողնել: Թողել էին:
Տարեթիվը տղաները դժվարացան մտաբերել: Պատմում են առանց կատակի, հիշողությունը կադրի վերածելով: Հետախույզը մոտեցել էր դիրքին, զննել տարածքը, նկատել, որ դիտորդը քնած է: Որոշել էր մակագրել, ընդ որում հենց ճակատին՝ կասկին:  [ BO ] – այս արտահայտությունը՝ հայհոյանք չէ, ոչ էլ գաղտնաբառ է և սպառնալիք, ընդամենը վախեցնող մեսիջ է: Ես էլ, դուք էլ մանկության տարիներին այսպես էինք հանկարծակիի բերում՝ մթից ու միայնությունից վախեցողներին, ընդամենը ԲՈ ասելով:  Դիրքապահի համար սա նվազագույն հարվածն է՝ ֆիզիկապես, հոգեպես մահացու է: Կրկնությունից հետո ամենահավասարակշիռ դիրքապահին աստղերն էլ կարող են թշնամիներ երևալ:
Դիրքը, որտեղ զրուցեցինք, քնեցինք, արթնացանք, վերջին ամիսներին է նորոգվել: Վնասվել էր շինությունը, փակվել խրամատը, զինվորական ճարտարապետությունը մնացել հողի տակ: Հրանոթների անկումից հետո մնացել էին քարեր, սպասքի կտորներ, կրակված փամփուշտներ, հակառակ կողմում նույնպես տուժել էին, ավերակների պատասխան ալիքը Ադրբեջանն էր զգացել: Ինքս չեմ տեսել, պատմել են դիտորդները:
Արյան հետքերը սառել են, կարմիրը բացվել, բայց չի անհետացել: Տղերքը խուսափում են ընկերների վերջին հետքերը խրամուղիներից մաքրել: Կռվի օրերին զոհերի ծանրությունը չզգացին, հաջորդ օրերն էին շոկային, անդառնալի, երբ զինակցի սառը մարմինը պիտի դնեին մեքենան, դուռը փակեին, մտածեին, իրենց ինչ է սպասում, ով է հաջորդը, ում են ճանապարհելու:
Ապրիլյան օրերի մասին այս պատմությունը մի հենակետի ու մի մարդու մասին է, Բոնդոյի` պարգևների հաշիվը կորցրած տղերքից է՝ 57 տարեկան: Արագած Մկրտչյան: Անուն ազգանունով նույնիսկ ընկերները չեն ճանաչում: Բոնդո են ասում, որովհետև կռվարար է, Սասունցի: Բարբառով Բոնդո նշանակում է անհաշտ:



Զինվորի օրագրի նախորդ հատվածներն այստեղ





Բոնդոյի բեղերն իր տարիքին են: Շատ նման է ֆիլմի հերոսին, Օբելիքսին: Գեր է, բեղով, թավ ձայնով, ծանր քայլով ու շատ ուժեղ: Ծիծաղում է ճիշտ կինոկերպարի պես, անդադար ու կարճ ընդհատումներով:  Սա նրա քաղաքացիական կերպարն է, զինվորական Բոնդոյի լեգենդները Աֆղանստանից են սկսվել, Արցախյան պատերազմում շարունակվել, հասել 2016 թվական: Զինվորներին բարևեց ժպիտով, ձեռքները սեղմելով, ցավեցնելով, հետո առանձնացավ, խրամատ բարձրացավ:
Մթին ոչինչ չէր երևում, չէր տեսնի, բայց նայում էր, քթի տակ երգելով, խոշոր մատներով հողը շոյելով, աչքերը փոքրացնելով, կարծես տեսնում է հակառակորդին էլ, նրանց հայացքն էլ: Այսպես մի քանի ժամ: Ձեռքը դնում է ուսիս, բերանս ջուր առած լսում եմ, նույնիսկ ցույց չեմ տալիս, որ ձեռքի ծանրությունից ծնկներս ցավում են: Ոտքերիս դիրքը փոխում եմ, ուժ տալիս, սպասում հաջորդ քայլափոխին:
Դրանց մերը…
Հայհոյանքն ազատամարտիկների շուրթերին է՝ օրվա կարգացուցակի պես, արթուն, քնելիս, ցանկացած դեպք հիշելիս: Մարտական ընկերներին կորցրել են այնտեղ, ուր կանգնած ենք, այն ժամերին, երբ լսում եմ խռպոտ ձայնը: Եկել են ժամկետայիններին օգնելու, շատերը նաև վրեժխնդրության: Հատուցումը գուցե այս գիշեր, վաղն առավոտյան, օրվա երկրորդ կեսին լինի: Ամեն քայլին մի անուն է տալիս, վերև նայում, առաջ անցնում: Սրտի վիրահատությունն արել էին օրեր առաջ, պալատ էին տեղափոխել, լուրը լսել էր, դուրս էր վազել: Շրջում է ձեռքի մեկ փամփուշտը գրտնակելով: Թվում է, ուր որ է պարկուճն ափի մեջ կպայթի:  Չպայթեց: Չպայթեցրեց: Պատմությունն ընդհատվեց կեսգիշերին:
Զորքը քնած է, կամավորներն արթուն: Քնել չգիտեն, սովոր չեն, ծխում են առանց հերթի, ծիծաղում` առանց քնածներին խանգարելու` զոհված ընկերներին, հրամանատարներին հիշելով: Նույնիսկ լրագրողական ձիրք ունեն, տեղեկություններ են ստանում, փոխանցում, ողջ ու մեռածից պատմում: Շատերն իրար ճանաչում էին 92-ից, բայց 25 տարի չէին հանդիպել, պատմում են ինչպես ընտանիք կազմեցին, որդիներն արդեն ուսանող են, աղջիկներին ամուսնացրել են, ոչխարի պանիր այդպես էլ չեն սիրում, փամփուշտի սովորությունը չեն մոռացել (պատերազմի տարիներին յուրաքանչյուրն իր համազգեստի կարերի մեջ մի փամփուշտ էր պահում. Եթե գերի ընկնեն, պիտի հասցնեն ինքնասպան լինեն, որ թշնամու ձեռքով չգնան):
Դիրքերում մնացին մոտ մեկ ամիս: Քնեցին րոպեներով, ոչ ժամերով: Գործողությունների մասին չիմացանք, արթնանում էին, սրճում, անհետանում, վերադառնում ժամեր անց, մի քիչ արյունոտ ձեռքերով, հետո էինք իմանում, որ հակառակորդի հենակետ են պայթեցրել, թե ինչպես, գիտեն իրենք, թշնամին և Աստված: Կռված տղերքին շատերն ասում են կանտուժընի` ուղեղի ցնցում տարած, մի քիչ տարօրինակ: Այդպես էլ կա, նրանք պաշտպանության ու հակահարձակման մասին խոսում են այնպես, կարծես, խանութ են գնում, մի քանի իր գնում ու վերադառնում:
Կապիտանը կամավորականների հետ է, երիտասարդ ու բանիմաց տղա է, բայց լսում է առանց միջամտելու, դիրքի պատասխանատուն է, բայց վստահում է ազատամարտիկներին, անհրաժեշտության դեպքում հաստատում նրանց ծրագիրը կամ առաջարկում մարտավարական այլ լուծումներ: Ի վերջո կամավորականները հայրենասեր ու համարձակ են, փորձված ու անվախ են, սակայն կանոնավոր բանակի հիմնական հենման կետը՝ կրթված ու բանիմաց սպաներն են, որ պրոֆեսիոնալ մարտ վարեն:
Ինձ համար միշտ անհասկանալի է, ինչպես են նրանք ապրում քաղաքացիական կյանքում: Այս մարդկանց հարցնելն ավելորդ է, նրանք մեկին չեն սպանել, ժամանակին ադրբեջանական ստորաբաժանումներ են վերացրել: Բոնդոն, գրական ու իդեալականացված հերոս չէ, իրական մարդ է, ուղղակի լավագույններից: Մինչդեռ բոլորը նրա պես չեն: Բոլորը տարբեր են: Կան նաև հակառակ ծայրահեղությունները:

Տարածել