ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր-7] Ալիևի ծնունդի ծանոթն ու ամեն ին

[Զինվորի օրագիր-7] Ալիևի ծնունդի ծանոթն ու ամեն ինչ Ռազմական Ոստիկանության մասին

Իմ նախավերջին 6-ամսյակը, սպասված ու երազած ուրբաթը դիմավորեցինք ռազմական ոստիկանությունում: Վաղ առավոտյան, զորամասի դարպասների մոտ, բարձրահասակ մայորը, ցմփոր կապիտանն ու շարքայինը (ինձանից կոչումով ցածր, բայց վստահ պաթոսով) բոլորիս նստեցրին ավտոբուս:  Զինգրքույկները հավաքեցին, առանց բառ ասելու տարան ՌՈ կարգապահական վաշտ: Ամբողջ օրվա ընթացքում զինվորներից որևէ մեկը չդժգոհեց ու չհրաժարվեց անդադար շարայինից, ճռճռան արևի տակ վազելուց, ծխելու արգելքից, նույն հրամանն առնվազն 32 անգամ կատարելուց: Բոլորիս հարցական հայացքները` մեկ պատասխան էին փնտրում…Ինչո՞ւ:
Ռազմական ոստիկանությունը պատկերացրել եմ սարսափելի խցերով, դաժան դեմքերով, ծեծուջարդով` ճիշտ բանտի պես: Գուցե ծանր դեպքերում այդպես է: Ինքս չտեսա: Սևազգեստ ոստիկանները բարի չէին, բայց զգուշավոր էին: Որևէ մեկին չվնասեցին: Պատժեցին առանց դիպչելու: Զինվորները շատ էին, շատերն անծանոթ, շատ դեպքերում առանց շփվելու ցանկության: Ընկերացանք անկախ մեր կամքից:
Սաքոյին հիշում եմ` մի քիչ ատելությամբ, ավելի շատ խեղկատակ համարելով: Նա նորակոչիկ Սարգիսը չէր, որի մասին պատմել եմ, սա մեր գնդի, բայց մեզ անծանոթ զինվոր էր: Մի ամբողջ օր շարայինից քրտնելուց հետո իմացանք. նրա պատճառով են բոլորիս տանջում: Չէր ենթարկվել վերադասին, նկատողություն էին արել, երկրորդ ու երրորդ անգամ: Իրավիճակը սրվել էր, երբ գնդապետին պատվի չէր առել: Ավելին, եռաստղանի սպայի դիտողությունն ընդունել էր քմծիծաղով, պատասխանել հեգնանքով, հեռացել առանց վախի ու խղճի խայթի:



[Զինվորի օրագիր]



Նրա պատճառով բոլորիս էին բերման ենթարկել, որ Սաքոն հասկանա. խնդիր կունենա ոչ միայն ու գուցե ոչ այնքան իրավապահների հետ, որքան զինակիցների: Ապուշի նման ժպտում էր, անընդհատ, չտեսնելու տալիս եռացող հայացքները, աչքերով փոխանցվող անեծքները, քթի տակ լսվող հայհոյանքները:
Արդեն կարևոր էլ չէր պատճառը, անհանգստացնում էր հետևանքը: Զինվորները 3 րոպեանոց դադարներին իրար մեջ պլանավորում էին, ինչպես պատժել մեղավորին, ապտակել, թե ծեծել: Խոսակցության թեման ու բոլորի ցավոտ կողմը մեկն էր, ամեն շարայինից հետո Սաքոյին «ոտնատակ տալու» սթորիներն ավելի էին լրջանում, թեժանում: Կարճատև բրիֆինգների ժամանակ մեկն անընդհատ սթափեցնում էր.
- Տղերք, վերջը լավ չի լինելու, անցած լինի, կխոսենք, կհասկանա:
Երեկոն դիմավորեցինք շարահրապարակի սպիտակ գծերով անցուդարձ անելով: Վերջապես գնացինք ճաշարան: Տղերքից մի քանիսը վախեցած` հաջորդ օրն էին կանխատեսում.
- Երևի սա դեռ փորձն է, գլխավոր բեմադրությունը կսկսվի վաղը:

-Տեղին են ծանոթացնում, վաղը երևի կսկսի իսկական չարչարանքը:


Ճաշեցինք ոստիկանների ուղեկցությամբ, աջից մեկական: Սովորական ճաշերը կերանք քաղցած թշվառականի նման: Մի ամբողջ օրվա վազքից հետո բոլորիս լեզուն դուրս էր ընկել: Ճաշարանի կողքին բնակելի շենքեր կան: Երբ գլխիկոր վերադառնում էինք, մեզ հետևում էին բնակիչների երեխաները: Ձեռքով էին անում: Ժպիտներից զգացվում էր, որ ցանկանում են մեր կողքին կանգնել, քայլել, նկարվել, զինվորի համազգեստ հագնել: Ի՞նչ իմանային, որ մեր կյանքի ու ծառայության ամենաձախողված օրն է:
Ռազմականի տղերքն ամեն ինչն էին կարգավորում, շարքը, շարժը, նույնիսկ քնելն ու քնելու տեղը: Ցուցակով էլ պառկեցինք: Զորանոցն ուղղանկյուն սենյակ էր, մաշված, քրքրված ու փորագրված պատերով: Ով այստեղ ընկել էր, գնալուց առաջ հետք էր թողել. Վլե 2014/1, Ծոյիկ 13/2: Կոտորակից  առաջ գրում են զորակոչման տարեթիվը, հետո ավելի ստույգ` ամիսը: Բանակում զորակոչն անցկացվում է տարին երկու անգամ` հունվարին և հուլիսին, այդ պաճառով էլ գրում են …./1, այսինքն ձմեռային կամ …./2 ամառային призив:
Վերջին շարքերում էի, ընկերներով կողք կողքի պարկեցինք: Առաջին րոպեներով մտածում էի, տեսնես ինձնից առաջ ով է այս մահճակալին քնել` գող, ավազակ, հանցագործ, մարդասպան, դասալիք: Անտեսեցի այդ ամենը, երբ հիշեցի գլխիս եկած պատուհասը: Հետս Հայկն էր, մի օրվա տարբերությամբ ենք ծառայության եկել: Ծրագրավորող է, համեստ ու խեցալի տղա: Մեր վաշտից նաև նորակոչիկներն էին այս փորձանքի մեջ հայտնվել` Արմանը, Սաքոն ու հները` Ալիկն ու Եղիշը:

Ամբողջ գիշերն անցկացրինք փսփսալով: Դռների մոտ ոստիկան էր կանգնել, հետո նստեց, այնուհետև պառկեց, մեզ հետ հավասար արթուն մնաց, մեզնից հետո էլ քնեց: Աչք չփակեցինք, Հայկի հետ` մեզ համարում էինք դարի դժբախտը, տպավորություն էր, իբր անդունդում ենք հայտնվել ու ետդարձի ճանապարհ չկա:
Երկրորդ ярус (հարկում) նորակոչիկներն էին: Վախեցել էին բոլորից շատ, նեղվել հոգու խորքում,: Կեսգիշերին դաժան կատակներ էի անում.
- Տակներդ չանեք, ներքևում մարդ կա: Խելոք քնեք, երեխեք:
Երբ բերեցին կարգապահական, մեր տղաներին հավաքեցի ու մի քանի խորհուրդ տվեցի. չշփվել որևէ մեկի հետ, խուսափել նույնիսկ տարրական ու ավանդական բարևից: Բանակում սա նույնպես կարող է թանկ արժենալ: Այդ պահից ու դրանով են որոշում` լավ տղա ես, թե կարելի է շահագործել: Ընդ որում` յուրաքանչյուր դետալն էլ բախտորոշ է` հայացքդ, տոնդ, շարժուձևդ: Թաղային ժարգոնն ու տերմինները վաղուց գործում են նաև զորքերում: <<Прапускат>> արեցիր, կլինես մատուցող, ջուր բերող, խաբար հասցնող: Նրանց բանակում տաքսի են ասում: Ատում եմ տաքսիներին էլ, <<սերվիսի>> տերերին էլ: Միամիտները ծառայության ժամանակ են ծուղակն ընկնում ու այդպես էլ զորացրվում: Աչքաբացներն ավելի դժվար են հարմարվում, բայց բարոյապես մաքուր են տուն գնում: Տղաների ու այն էլ 18- երի միջավայրում փողոցային բարքերն ամենաընդունվածն են:
Կեսգիշերային թեման ավարտվեց լուսադեմին, Հայկը քնեց, ես` ոչ: Բարեկամներիս ոչինչ չէի ասել, հեռախոս չկար, կապի այլ միջոց նույնպես: Բոլորիս մեկուսացրել էին: Մի պահ կեսօրին բարձրագույն ավարտածներով մի քանի կատակ արեցինք, մխիթարվեցինք:
- Գոնե հեռախոս տվեք, զանգենք, ես պաշտպան եմ պահանջում:
Անօգուտ էր: Ինչ էլ լիներ, անցնելու էր, մոռացվեր, բայց մերոնք պետք է հանգիստ լինեին: Օրվա մեջ գոնե մեկ անգամ զանգում, բարևում էի: Մայրս կսկսեր որոնել, հայրս ընկերներիս զանգել, նշանածս անհետանալս ողբերգության կվերածեր: Կսկսվեին ենթադրություններն ու վարկածները, հետո` հիսթերիան: Կանայք կաղմկեին, պետք էր ելք գտնել: Ելք չկար:  


[ Զինվորի օրագիր ]



Հաջորդ առավոտ մեզ ողջունեց անծանոթ գնդապետ: Խոսքը սկսեց շատ խիստ տոնով, բարկացած ու պարտադրված ողջույնով: Կարծում եմ ավելի շատ դժգոհ էր վաղ առավոտյան արթնանալուց, քան հենց ուղղիչ դաստիարակչական աշխատանքից: Նա էլ հասցրեց ամենամեծ հարվածը:
- Այստեղ կմնաք 36 օր, մինչև խելքի գաք:
Սառը ցնցուղ էր: Արևը չբացված, ինձ համար օրը մթնեց, բոլորը ծանր տարան, ես բազմապատիկ: Սա նոկաուտ էր մեկ հարվածից: Որոշել էի մի քանի օրից արձակուրդս վայելել: Երկար էի սպասել, ծրագրել, հեռակա պայմանավորվածություններ ձեռք բերել: Հասանելիք տասը օրն ինձ համար ճակատագրական պետք է լիներ, թե ինչու, հետո կպատմեմ: Նույնիսկ զինակից ընկերներս, լուրը լսեցին, իրենց դարդուցավը թողած, ինձ նայեցին: Արձագանքեցի դառը ժպիտով, հուսահատված լավատեսությամբ ու մեծի կեղծ հանգստությամբ:
Հուլիսի 31-ն էր: Ես մեկ տարի մեկ օրվա զինվոր եմ, վազում ենք ավելի շատ, քան նորակոչի օրերին, 1000 մալադոյի չափ շարային արեցինք, մարզիկի տասնապատիկի չափ ֆիզիկական վարժություն, գիտնականից ավելի գիտական դասախոսություն: Հավաքարարները մեր ամեն դադարից հետո ծխարանը մաքրում էին, դույլերը դատարկում: Էլի լցվում էր: Ծխարաններում էլ սկսվեցին առաջին վեճերը: Էպիկենտրոնում Սաքոն էր:
Խնդիրն իր պատճառով մեր այստեղ հայտնվելը չէր: Անմեղսունակի հերթական արկածներն էին: Շփվող էր, կատակում էր ում հետ և ինչպես պատահեր` անծանոթի ժպիտն ընկալելով որպես հին ու բարի ընկերոջ արձագանք: Ռեպլիկից էլ սկսվեց հրմշտոցը: Խոսացկությունն ընդհատեցինք առաջին բղավոցից հետո: Առաջին շաբաթվա ընթացքում բոլորը վարժվեցին առօրյային, գրեթե բոլորը: Իմ հույսերը մարում էին: Այս օրերի միակ լավ լուրը` լուրը հասցնելն էր: Ծնողներիս ու Հռիփսիմեին կարողացա փոխանցել գլխավորը.
- Սահման եմ մեկնել, չանհանգստանաք:    

Թե ինչպես կարողացա տուն զանգել, սա առանձին օպերա է: Ռազմականի աշխատակիցներից մեկը` շարքայինը, մեզ տանջողներից մեկն էր, շարահրապարակի տիրակալը, ինչպես ասեր, այդպես էինք անում: Կեսօրին հրամայեցեց շարքից դուրս գալ 3 քայլ: Կատարեցի, ներկայացա: 30-անց տղա էր, ցածրահասակ, փոքրամարմին: Ի դեպ, ներքին զրույցներում նրան կոլոտ կամանդիր էինք անվանում: Մոտեցավ, ստուգեց համազգեստը կրելու կարգը, մի երկու հրաման տվեց` աջ դարձ, հետ դարձ, շարային քայլը մասերի բաժանելով կատարել 1-2: Հետո կիսամտերմիկ տոնով հարցրեց.
- Մենք իրար էլի ենք տեսել:
- Ոչ մի կերպ:
- Չեմ հարցնում, ասում եմ. էլի ենք իրար տեսել:
- Պարոն շարքային, չեմ հիշում Ձեզ: ՌՈ-ում առաջին անգամ եմ:
- Ալիևի ծնունդին ենք հանդիպել:
Առաջին րոպեներին շփոթվեցի, հետո ոտքից գլուխ չափեցի շարքային վերադասին, արհամարական վեր նայեցի: Ինքն էլ քմծիծաղ տվեց: Ավելի կարմրեցի: Զինվորները ետևում շարված նայում են, թե ինչ է լինելու, սպասում են զարգացումների: Չդիմացա, պատասխանեցի, որ մի Ալիևի եմ ճանաչում, այն էլ ծնունդին չեմ եղել, կմասնակցեի, բայց հուղարկավորությանը: Ինքն էլ անակնկալի եկավ: Պահը չկորցրեց, փրկեց իրավիճակը: Ուսիս ընկերաբար խփեց.
- Մենք հանդիպել ենք …. ռեստորանում, Ալիևի 80-ամյակին, լրագրող ես չէ՞:
Մի քանի վայրկյանում ամեն ինչ տեղն ընկավ: Հիշեցի: Երբ աշխատում էի Արմենիա հեռուստաընկերությունում, ուղարկեցին Էջմիածին նկարահանման` Ֆելիքս Ալիևի տարեդարձը լուսաբանելու:


[ Զինվորի օրագիր ]



Ալիևը ադրբեջանական ծագմամբ ու հայկական կենսակերպով մարդ էր` խոսում էր հայերեն: Վաստակաշատ մարզիչ է, հոգևոր մայրաքաղաքի ու շրջանի լավագույն ըմբիշներն իր ձեռքի տակով են անցել, շատերը զայրացնող ազգանունով պապիկին նույնիսկ պապա ասել:
- Հիշեցի, կապ ունե՞ք իր հետ:
- Ես Ալիևի սանն եմ, 8 տարի իր մոտ եմ մարզվել, էդ խնջույքն էլ ընկերներով էինք կազմակերպել, ինձ էլ խոսացրել ես:
Դժվար է հիշել բոլորին, երբ օրը երկու ռեպորտաժ ես անում, շաբաթական խոսում 30-ից ավելի մարդկանց հետ: Այն էլ մեկուկես տարի է անցել: Չմտաբերեցի, բայց ցույց տվի, որ երիտասարդին միանգամից տեղն եմ բերել, ժպտացի: Իրեն լավ զգաց, սիրտս հովացավ, հետո, երբ մենակ էի, մոտեցավ, ասաց ինչով կարող եմ օգնել, ասացի պիտի տուն զանգեմ: Օգնեց:
Մինչև չարաբաստիկ օգոստոսը, մազերս մի քիչ երկարացրել էի` երազած արձակուրդիս համար: Ռազմականում բոլորիս մազերը զրոյով զրոյին հավասարեցրին: Մեկ շաբաթում այնքան էինք սովորել օրակարգին, որ թվում էր մինչև վերջին օրն էլ այստեղ ենք ծառայելու:
Ամեն ինչ հունի մեջ էր ընկել, մինչև չեկավ երեքշաբթին` նոր պրոբլեմներով ու նոր մղձավանքով:   

Տարածել