[Շարունակությունը՝ գրքում] Սոնյա Շրայբեր Վայց. «Խոստացա, ես կպատմեմ»
ԼՈՒՅՍԻ ԲԵԿՈՐՆԵՐ
1928–1939
Երբ ես երեխա էի, աշխարհն ինձ համար ապահով տեղ էր: Հենց այդպես էլ պետք է լինի մատղաշ տղայի կամ աղջկա համար: Բայց 1939–ին, երբ ես ընդամենը տասնմեկ տարեկան էի, իմացա սարսափելի ճշմարտությունը:
Աշխարհն ապահով տեղ չէր, ո՛չ, եթե դու հրեա էիր և ապրում էիր Եվրոպայում: Իրականում, աշխարհը բնավ անվտանգ չէր: Այն վտանգավոր ու դաժան տեղ էր՝ բնակեցված ինձ, իմ ընտանիքին և իմ ազգին ուղղված կտտանքների ենթարկող ու ոչնչացնող մարդկանցով:
Իմ տունը Լեհաստանում էր՝ Եվրոպայի կենտրոնական մասում գտնվող երկրում: Ես ծնվել եմ այնտեղ 1928–ի օգոստոսին հին, գեղեցիկ Կրակով քաղաքում: Ծնողներս, քույրս և ես ապրում էինք մի պարզ, բայց հարմարավետ բնակարանում Կազիմիերցի վրա՝ հրեական հատվածում: Մորս անունն էր Ադելա Ֆինդեր Շրայբեր: Ինչպես այդ ժամանակ մայրերի մեծամասնությունը, նա տնային տնտեսուհի էր՝ նվիրված իր ամուսնու ու երեխաների խնամքին և բարեկեցությանը:
Հայրս՝ Յանեկ Շրայբերը, միջին դասակարգի գործարար էր: Նա Կրակովում ուներ փոքր խանութ, ուր վաճառվում էին կաշվի և կոշիկի պարագաներ: Մինչև այսօր կարող եմ հիշել. ես և իմ զարմիկները պահմտոցի էինք խաղում դարսված դաբաղած կաշվի կտորների վրա: Շատ տարիներ անց, երբ ես տեղափոխվեցի Փիիբադի քաղաքը, որը Մասաչուսեթսի կաշվեգործական քաղաքն է, կաշվի հոտն ասես ինձ հետապնդեր:
Քույրս՝ Բլանկան, ութ տարով ինձնից մեծ էր, և ես դեռ մանկության ժամանակ պաշտում էի նրան: Ես թմբլիկ փոքրիկ աղջիկ էի՝ ուղիղ մազերով, կճատ քթով, որը ես ատում էի: Երբ Բլանկան մոտ 14 տարեկան էր, սկսեց ժամադրվել Նորբերտի՝ մի գեղեցիկ երիտասարդի հետ, որն ապրում էր մեր փողոցի վրա՝ Կրակովի Վիսլա գետի մոտ:
Ամեն օր Նորբերտը Բլանկայի գրքերը հրեական միջնակարգ դպրոցից քարշ էր տալիս տուն: Հենց սկզբից ես սիրում էի Նորբերտին, թեև նա ծաղրում էր ինձ՝ որպես գլուխս ամպերի մեջ երազողի և կոչում էր Փայրեկ կամ կճատ քիթ: Ես հաճախ ուղեկցում էի Նորբերտին ու Բլանկային, երբ նրանք ձեռք ձեռքի զբոսնում էին Կրակովի գեղեցիկ հանրային զբոսայգում: Որքա՜ն համբերատար էին նրանք լսում իմ մանկական շաղակրատանքը և սրընթաց երևակայությունը:
Հայրս և նրա ընտանիքը քաղաքի մարդիկ էին՝ գեղեցիկ, զարգացած և նրբաճաշակ: Մորս ընտանիքը Կրակովը շրջապատող գեղեցիկ, լայնատարած գյուղաշխարհից էր: Ամեն ամառ մայրս գնացքով երկար ճանապարհ կտրելով՝ տանում էր քրոջս ու ինձ իր ընտանիքի ագարակը՝ Ռայսկոում: «Ռայ» լեհերեն նշանակում է «Դրախտ», և իրականում ագարակը դրախտային էր:
Այն լիքն էր ծաղկի պարտեզներով, պտղատու այգիներով և փարթամ մարգագետիններով: Այնտեղ կային նաև ձիեր, կովեր, հավեր և սագեր: Պապիկս վախճանվել էր, երբ տատիկս դեռ բավականին երիտասարդ էր եղել, այնպես որ տատիկս էր վարում ագարակի գործերը: Մենք բոլորս շատ հպարտ էինք մեր տատիկ Ռաքելով:
Ամառներն ագարակը լցված էր ծիծաղով և ուրախությամբ: Շատ զարմիկներ ունենալով՝ ես միշտ շատ երեխաների հետ կարող էի խաղալ: Իմ քեռի Յուլեկը, որն ապրում էր հարևան գյուղում, այցելության էր գալիս պոնի նստած: Թե՞ իշուկի վրա: Ինչևէ, ես հիշում եմ իմ հռհռոցը, որովհետև նրա ոտքերը քարշ էին գալիս հողոտ ճանապարհին:
Ամեն շաբաթվա վերջին հայրս գալիս էր, ու մենք գնում էինք զբոսախնջույքի: Մի անգամ ես ընկել էի կովի գոմաղբի մեջ, նույնիսկ մանրակրկիտ լողանալուց հետո ոչ ոք, հորիցս բացի, ինձ չէր մոտենում: Ամենից շատ հիշում եմ թարմ թխված հացի հոտը՝ վրան քսված տանը սարքած սալորի մուրաբայի և յուղալի կաթի հաճույքը, որ խմում էինք տատիկիս պատրաստած համեղ ձվածեղն ուտելուց հետո:
Տատիկս ուներ փոքր մի շուն՝ Օրի անունով: Նա բոլորովին ճերմակ էր, միայն աչքի շուրջն էր սև: Որքա՜ն էի սիրում նրան: Մի անգամ, երբ մեր արձակուրդի ավարտից հետո վերադառնում էինք տուն, Օրին ընկավ Կրակովի գնացքի հետևից՝ ինձ հետ լինելու համար: Բայց նրա ոտքերը շատ կարճ էին, և նա շուտով հոգնեց ու հրաժարվեց: Հայրս բնավ խնդիր չուներ սրա հետ և ասաց. «Քաղաքում շներ չկան: Չափազանց վտանգավոր է»:
Վտանգավո՞ր էր ինձ համար շուն ունենալը, ես մտածեցի, կամ թե քաղաքը վտանգավոր վա՞յր էր շան համար: Իհարկե, քաղաքը կարող էր վտանգավոր տեղ լինել: Նույնիսկ որպես շատ փոքր երեխա ես դա գիտեի: 1930–ականներին Կրակովն ուներ մեծաքանակ հրեա բնակչություն: Քաղաքում ապրող 250 000 բնակիչներից մոտ 60 000–ը կամ մեկ քառորդը հրեաներ էին: Փաստորեն ողջ Լեհաստանում կային շատ հրեաներ. նրանք այնտեղ էին ապրել տասներորդ դարից: Թեև այդ ժամանակ Լեհաստանում ապրում էին ավելի քան երեք միլիոն հրեաներ, նրանց հազվադեպ էին հավասարի պես վերաբերվում իրենց լեհ հարևանները: Սա հատկապես ճշմարիտ էր դառնում, երբ Լեհաստանում դժվարություններ էին: Երբ լեհ մարդիկ տառապում էին, հրեաներն արյունաքամ էին լինում:
Իմ վաղ տարիներից ես հիշում եմ Կրակովի փողոցներում հրեաների ջարդեր, դաժան հարձակումներ: Հենց որ ես սովորեցի կարդալ, աչքիս առաջ էին գալիս հրեշավոր խոսքեր. «Մահ հրեաներին»՝ նկարված պատերին ու փողոցների նշաններին: Կարծում եմ՝ ես ընդամենը հինգ տարեկան էի, երբ առաջին անգամ սրտումս զգացի տարօրինակ ցավ և այրող արցունքներ աչքերումս, երբ լսեցի ծնողներիս փսփսոցը. «Նրանք նորից ծեծում են հրեաներին»:
Մի միջադեպ հատկապես վառ է: Հորս սափրում էին վարսավիրանոցում, երբ լսեց, թե ինչ–որ ուսանողներ իմ դպրոցի թաղամասում հարձակվում էին հրեաների վրա: Հայրս դուրս վազեց վարսավիրանոցից և շտապ եկավ իմ դպրոց՝ ուղիղ իմ դասարան: Նա դեռ աչքիս առաջ է: Նրա դեմքի կեսը սափրված էր, իսկ մյուս կեսը փրփուրով էր ծածկված: Նա այնքան զվարճալի տեսք ուներ, որ ես սկսեցի ծիծաղել ու ծիծաղել, և նա էլ միացավ իմ ծիծաղին: Չնայած նմանատիպ միջադեպերի՝ ես ինձ ապահով ու պաշտպանված էի զգում: Ես չէի հավատում, թե իրականում երբևէ որևէ չարիք կարող է պատահել ինձ կամ իմ ընտանիքին:
Բայց վատ բաներ կարող էին մեզ պատահել, և ծնողներս դա գիտեին: 1930–ականների սկզբին նրանք վախով տեսել էին, թե ինչպես Ադոլֆ Հիտլերը և նրա նացիստ հետևորդները սանձազերծել են իրենց սարսափելի իշխանությունը Գերմանիայում՝ զրկելով Գերմանիայի հրեաներին իրենց իրավունքներից, ստորացնելով նրանց որպես մարդկային էակներ: Հետո՝ 1936–ին, ծնողներիս երկյուղը վերածվեց չհավատալու, երբ Հիտլերն անցավ Գերմանիայի սահմաններից այն կողմ և սկսեց մաս առ մաս նվաճել Եվրոպան: Ի՞նչ կպատահեր, երբ ագահ նացիստները աչք դնեին Լեհաստանի վրա:
Ես երևի յոթ կամ ութ տարեկան էի, երբ առաջին անգամ պատահաբար ուշ գիշերներին լսեցի ծնողներիս ահաբեկված խոսակցությունները: Հաճախ հորեղբայր Լեոնն ու մորաքույր Բերտան միանում էին նրանց: Կրկին ու կրկին չորս մեծահասակները քննարկում էին այն հարցը, թե ինչ է պետք անել: Պետք է մնա՞լ Լեհաստանում և աղոթել, որ աշխարհը կարողանա կանգնեցնել Հիտլերին: Թե՞ պետք է հեռանալ երկրից: Հարցը հարց էր բերում: Եթե նրանք հեռանային Լեհաստանից, ո՞ւր պիտի գնային:
Ոչ մի տեղ Եվրոպայում ապահով չէր: Ամենահավանական վայրերը Եվրոպայից դուրս էին: Դրանցից մեկը Պաղեստինն էր՝ հրեաների հինավուրց հայրենիքը: Բայց հազարավոր տարիներ Պաղեստինը ղեկավարվել էր այլ ազգերի կողմից: Հիմա այն Բրիտանիայի ձեռքում էր:
Հայրս, որը սիոնիստ էր և հետևաբար գտնում էր, թե հրեաները պետք է վերադառնան իրենց նախնիների երկիր, պնդում էր հօգուտ Պաղեստինի: Բայց ինչպե՞ս կարող էր նա լքել իր հորը, որը շատ հիվանդ էր: Ինչպե՞ս կարող էր այդպես վերցնել կնոջն ու երեխաներին ու նրանց հանել Լեհաստանից: Հիշում եմ, որ մայրս ասում էր, թե կյանքը Պաղեստինում շատ դժվար է: Բացի այդ, սարսափելի ճշմարտությունն այն էր, որ մենք չէինք կարող գնալ Պաղեստին, եթե նույնիսկ ընտրեինք այդ ճանապարհը: Ամեն անգամ հայրս նշում էր այնտեղ գնալը. հորեղբայրս նրան մեղմորեն սաստում էր. «Մի՛ գժվիր, Յանեկ»,— ասում էր նա: Չնայած Բալֆուրի դեկլարացիային, բրիտանացիներն այլևս չէին աջակցում Պաղեստինում հրեաների պետականության հաստատմանը, իսկ արաբները չէին կամենում, որ նոր հրեաներ մտնեն իրենց երկիր:
Մյուս վայրը, որ մեր ընտանիքը կարող էր ընտրել, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին: Բայց այստեղ էլ լուրջ խնդիր կար: Միացյալ Նահանգներն ունեին քանակային խիստ սահմանափակումներ: Այդ քանակային սահմանափակումները որոշում էին՝ ինչ քանակով մարդ որոշակի երկրներից ամեն տարի կարող էր մտնել Միացյալ Նահանգներ: 1930–ականներին ողջ թվային սահմանափակումը թույլատրում էր, որ տարեկան 154 000 մարդ մտնի երկիր: Այս թվաքանակից 84 000 պետք է լինեին բրիտանացիներ և իռլանդացիներ, ժողովուրդներ, որոնք վտանգի մեջ չէին: Թվային սահմանափակումը բոլորի համար Լեհաստանից՝ քրիստոնյա և հրեա, միայն մոտ 5 000 էր, որ նշանակում էր քրիստոնյա լեհեր կարող էին լրացնել ամեն տարվա չափաքանակը: Մինչ ծնողներս անհանգստանում էին ու սպասում, սարսափելի ճշմարտությունն ակնհայտ էր դառնում: Մենք համարվում էինք ավելորդ բնակչություն: Ոչ ոք աշխարհում մեզ չէր ուզում:
1939–ի ապրիլի 28–ին ծնողներիս վատթարագույն երկյուղն իրականացավ: Այդ օրը Հիտլերը կանգնեց Ռայխստագի (Գերմանիայի պառլամենտ) առաջ և հայտարարեց իր նորագույն ծրագիրը: Գրավելով Հռենոս գետի տարածքները, Ավստրիան և Չեխոսլովակիան՝ հիմա հայտարարեց, թե լեհական միջանցքը՝ նեղ հողակտոր, որ ընկած է Գերմանիայի և Լեհաստանի միջև, իրավացիորեն պատկանում է Գերմանիային: Բոլորս գիտեինք, թե լեհական միջանցքի հավակնությունը միայն սկիզբն էր: Դա միայն ժամանակի հարց էր, մինչև նա կներխուժեր Լեհաստան:
Քանզի լեհերը պատրաստվում էին կռվի, Նորբերտը հազարավոր ուրիշ երիտասարդ տղամարդկանց հետ զորակոչվեց բանակ: Այդ ամռան վերջին ընտանիքս և Նորբերտի ծնողները գնացին այցելելու նրան՝ Կրակովից դուրս գտնվող զինվորական ճամբարում: Ես հիշում եմ՝ շատ ձիեր կային: Հիմա ես հասկանում եմ, թե որքան զավեշտալի էր, որ լեհական բանակը հույս ուներ Հիտլերի ռազմական մեքենան կանգնեցնել ձի հեծած: Այդ ժամանակ, սակայն, ես միայն հիշում եմ, որ մտածում էի, թե պատերազմը կսկսվի: Այս խառը պահին մեկտեղ Բլանկան և Նորբերտը նշանվեցին, որ ամուսնանան:
Գերմանիայի ներխուժումը Լեհաստան սկսվեց 1939–ի սեպտեմբերի 1–ին: Ես ու հայրս խմորեղենի խանութ էինք մտնում, երբ հանկարծ լսեցինք տագնապի ձայնը. շչակների ձայնը բոլորին զգուշացնում էր թաքնվել: Մենք գնացինք ամենամոտ ապաստանը՝ մտածելով, թե դա ևս մեկ ուսուցողական վարժություն է: Բայց, իհարկե, դա այդպես չէր: Երբ ճանապարհ ընկանք դեպի տուն, հասկացանք, որ Լեհաստանն ու Գերմանիան պատերազմի մեջ են: Գերմանացիներն անվանում էին իրենց ներխուժումը Blitzkrieg, որը նշանակում է կայծակնային պատերազմ: Պատմության մեջ նման հարձակում չէր եղել: Ալիք առ ալիք գերմանական ինքնաթիռները թռչում էին մեր գլխավերևում, մինչ հազարավոր տանկեր և բեռնատարներ անցնում էին լեհական սահմանը: Ամեն ոք Լեհաստանում աղոթում էր դրսի աշխարհից օգնություն ստանալու համար, բայց օգնություն չեկավ: Վեց օրում գերմանական տանկերը մտան Կրակով:
Բլանկան խիստ անհանգստանում էր Նորբերտի համար: Երբ ռումբերը թափվում էին պատերազմի առաջին օրերին, նա հրաժարվեց մեզ հետ գալ հակաօդային ապաստարան: Ի՞նչ կլիներ, եթե Նորբերտը լուր ուղարկեր, և ինքը տանը չլիներ այն ստանալու համար:
Նորբերտը հրաշքով տուն վերադարձավ: Մինչ պարտված լեհական բանակը նահանջում էր, Նորբերտը կարողացավ փախչել և թաքնվել ագարակում, ուր թաղեց զինվորական համազգեստն ու փաստաթղթերը: Նա նաև երախտագիտությամբ ագարակատիրոջ կնոջից ստացավ կանացի զգեստի տարբեր տեսակներ: Հետո նա ճանապարհվեց դեպի Կրակով՝ սողալով ստորգետնյա կոյուղու համակարգով: Նա վերջապես տուն հասավ այնքան գարշահոտ ու սարսափելի տեսքով, որ սեփական մայրը չճանաչեց նրան: Մենք բոլորս կիսեցինք Բլանկայի ցնծությունը, երբ Նորբերտի եղբայր Մարսելը բերեց հոյակապ լուրը, թե Նորբերտն ապահով էր:
Նորբերտի տունդարձի լուրը միակ պայծառ կետն էր մռայլ, սև բնապատկերում: Ամեն օրը բերում էր նոր սարսափներ, հրեաներին իրենց իրավունքներից զրկող նոր հրամանագրեր: Ճշմարիտ է, որ լեհերը տառապել են գերմանական օկուպացիայից: Նրանք նույնպես դաժանորեն հալածվել են իրենց գերմանացի գերողներից: Բայց որպես հրեաներ մենք կրկնակի զոհ էինք, նախ նացիստներից, հետո բազում լեհ հարևաններից: Մենք դարձանք զոհերի զոհը:
Կարդացեք նաև.
Այնուամենայնիվ, կյանքը շարունակվում էր: Եվ չնայած մոլեգնած խելագարությանը՝ Բլանկան և Նորբերտը որոշեցին ամուսնանալ: Քանի որ երեք հրեաներից ավելի չէր թույլատրվում հավաքվել միասին, իմ սիրելի քրոջ թաքուն հարսանիքը տեղի ունեցավ նկուղում: Ամսաթիվն էր 1939–ի նոյեմբերի 12–ը, գերմանացիների՝ Կրակով մտնելուց ինը շաբաթ անց: Ես հիշում եմ, թե ինչպես էի բռնել հյուսված մոմ՝ ծիսակատարությունը լուսավորելու համար: Լսելով փողոցից եկող ձայները՝ ձեռքս դողում էր:
Բոլոր իմ ազգականներից և սիրելիներից միայն Բլանկան և Նորբերտն ինձ հետ փրկվեցին Ողջակիզումից (Holocaust): Այսպիսով, նրանց հարսանիքի հուշը դառնաքաղցր է՝ հույսի քաղցրությունը հուսահատության և դառնության այն իմացության մեջ, որ հույսի հիմք չկա:
1964–ին, ի նշանավորումն Նորբերտի և Բլանկայի ամուսնության քսանհինգամյակի, ես իմ զգացմունքները նրանց գաղտնի հարսանիքի մասին արտահայտեցի այս բառերով:
ԳԱՂՏՆԻ ՀԱՐՍԱՆԻՔ
…Եվ այսպես նրանք պսակվեցին գաղտնի վայրում,
Մի բուռ մարդիկ… խոնավ նկուղային սենյակ,
Ո՛չ նվագ, ո՛չ ծաղիկներ և ո՛չ գեղեցիկ ժանյակ՝
Հարսի ու փեսայի համար,
Ցանկալ մի փոքր ժամանակ, որ նրանք
կարող են վերցնել
Կրակված ու խավարի մեջ սուզված մի երկրում՝
Գիտակցելով, թե դաժան վաղը
Կգա շատ շուտով:
Այս անգամ նրանց հրաժեշտը
անդիմանալի մղձավանջ է,
Այնպիսի մղձավանջ, որն արթնանալուց
հետո չի ցրվում:
Յուրաքանչյուրը նրանցից դատապարտված է
անօգ հուսահատության
Մասնավոր դժոխքում:
Որպես լեհական բանակի սպա և հրեա՝ Նորբերտը կրկնակի թիրախ էր նացիստների համար: Այսպիսով, Նորբերտն ու Բլանկան սկսեցին իրենց ամուսնական կյանքը գաղտնի, որ նշանակում էր՝ նրանք գնում էին մի ազգականի մոտից մյուսը, մի «ապահով» տնից՝ մյուսը: Սկզբում ծնողներս խրախուսում էին նրանց հեռանալ Լեհաստանից և ուղևորվել արևելք՝ դեպի Խորհրդային Միության ուղղությամբ, ուրիշ երիտասարդ հրեաների հետ: Ես սարսափով եմ հիշում, որ մայրս ու հայրս պատրաստվում էին ինձ՝ իրենց փոքրիկ Սոնեչկային (Soneczka) ուղարկել նրանց հետ, որովհետև «երեխաներին պետք է փրկել»: Բայց ի վերջո, Նորբերտն ու Բլանկան որոշեցին մնալ: Եվ այսպիսով, ես կարողացա մնալ ծնողներիս հետ: Իմ մեծագույն ցանկությունն էր միշտ լինել մորս և հորս, Բլանկայի և Նորբերտի հետ:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։