Գլխավոր Հոդվածներ

[Կարծիք] Ինչո՞ւ Թրամփը ոչ ոքի չի վստահում

[Կարծիք] Ինչո՞ւ Թրամփը ոչ ոքի չի վստահում

Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահ, կարծում է The Atlantic հոդվածի հեղինակ Ջուլիան Զելիցերը, Սպիտակ տան Օվալաձև կաբինետ է բերում այն ժամանակի ոգին, որում նա արել է իր քաղաքական կամ դեռևս ոչ քաղաքական կարիերայի առաջին քայլերը:
Այսպես, Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշ-Ավագը շատ բան են քաղել 50-ականներից, երբ սկսվեց Սառը պատերազմն ու Ամերիկան զգաց հայրենասիրական ոգու զարթոնք: Իսկ Բարաք Օբաման իր հերթին հիմնվում էր 90-ականների փորձի վրա, երբ Սառը պատերազմի ավարտից հետո թվում էր, թե ցանկացած խնդիր կարող է լուծվել, եթե դրան խելամտորեն վերաբերվել:
Դոնալդ Թրամփը 28 տարեկան էր, երբ ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց ուոթերգեյթյան սկանդալի պատճառով: Կես տարի անց ԱՄՆ-ն դադարեցրեց պատերազմը Վիետնամում: Անկասկած, այս երկու իրադարձություններն, ինչպես նաև 70-ականների մթնոլորտն ընդհանուր առմամբ զգալիորեն ազդել են Թրամփի աշխարհընկալման վրա:
Հենց այն ժամանակ էր ԱՄՆ ապագա 45-րդ նախագահը սկսում իր կարիերան հոր ընկերությունում: Այդ ընկերությունը զբաղվում էր անշարժ գույքի շինարարությամբ, և Թրամփն արագ բարձրացավ կարիերային աստիճաններով:
Դա մի ժամանակ էր, երբ ամերիկյան ժողովուրդը կորցրեց վստահությունը պետական ինստիտուտների մեծ մասի հանդեպ:
1972թ-ի հունիսին՝ նախագահի ընտրություններից մի քանի ամիս առաջ, 5 հոգի ներխուժել էին «Ուոթերգեյթ» համալիր, որտեղ տեղակայված էր Դեմոկրատական կուսակցության թեկնածուի շտաբը: Նրանք փորձել էին այնտեղ գաղտնալսող սարքեր տեղադրել:
Այդ պատմությունն ավարտվեց նրանով, որ նախագահական երկրորդ ժամկետի համար ընտրված Ռիչարդ Նիքսոնը ստիպված էր հրաժարական տալ 1974թ-ի օգոստոսին, չնայած որ դեմոկրատների շտաբում գաղտնալսող սարքերի տեղադրման հետ նրա վարչակազմի ուղիղ կապն ապացուցված չէր: Հրաժարականի պատճառն այն բանի բացահայտումը դարձավ, որ Նիքսոնը կեղծ ցուցմունք էր տվել երդման տակ:
Ութերգեյթյան սկանդալը երկար տարիներով վարկաբեկեց ցանկացած ամերիկյան կառավարություն ամերիկացիներից շատերի աչքերում: Նիքսոնին փոխարինման եկած Ջերալդ Ֆորդը ներում շնորհեց նախկին նախագահին իր պաշտոնին անցնելուց արդեն մեկ ամիս անց: Դա էլ ավելի զայրացրեց ամերիկացի ընտրողներին, որոնք պահանջում էին, որ Նիքսոնը համապատասխան պատիժ կրի:
Գլոբալ անվստահությունը 70-ականներին զգացին նաև ամերիկյան հատուկ ծառայությունները: Ջոն Էդգար Գուվերը, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում գրեթե 50 տարի, չարաշահում էր իր լիազորությունները պատերազմին դեմ արտահայտվող ակտիվիստների դեմ պայքարում: 1971թ-ի գարնանն ակտիվիստները ներխուժեցին բյուրոյի գրասենյակներից մեկը: Այնտեղից գողացված փաստաթղթերը հաստատեցին, որ ՀԴԲ-ն գաղտնալսման համակարգ է ներդրել երկրով մեկ:



Կարդացեք նաև.



Ամերիկյան տնտեսությունը նույնպես լավագույն վիճակում չէր: Բարձր գործազրկության և արժեզրկման համադրությունն ամերիկացիներին լավատեսության առիթ չէր տալիս: Շատերը կորցրել էին հավատն առ այն, որ ազատ շուկան կարող է իրականացնել իրենց ամերիկյան երազանքը: 1973թ-ի էներգետիկ ճգնաժամը ստիպեց ամերիկյան հասարակությանը լրջորեն մտածել նավթաարդյունահանող երկրներից ԱՄՆ կախվածության մասին:
Համատարած անվստահությունը կարմիր թելի պես անցնում է Թրամփի նախագահության գրեթե ողջ մեկուկես տարվա միջով: Նա մշտապես ինչ-որ մեկին մեղադրում է ստի համար: Կամ ամերիկյան լրատվամիջոցներն են, ըստ նրա, «ֆեյք նորություններ» պատրաստում, կամ հատուկ ծառայությունները, որոնք իբր գործում են՝ այս կամ այն քաղաքական ուժերի շահերից ելնելով:
Այսօրվա Ամերիկայում գլխավոր հարցը, գրում է Ջուլիան Զելիցերը, հետևյալն է. արդյո՞ք կկարողանան Դոնալդ Թրամփի ամենամոլի երկրպագուները տեսնել այն, որ նա է հենց այն մարդն, ում չի կարելի վստահել: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Միացյալ Նահանգներն այդպես էլ ապրելու են 70-ականներում:



Հետևեք newmag-ին Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել