BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Հենց այդ օրը սկսվեց Ազնավուրի ու հայ ժողովրդի սիրո

Հենց այդ օրը սկսվեց Ազնավուրի ու հայ ժողովրդի սիրո պատմությունը․․. Ազնավուրն ու Սպիտակի երկրաշարժը

newmag-y-n

Հենց այդ օրը սկսվեց Ազնավուրի ու հայ ժողովրդի սիրո պատմությունը․․. Ազնավուրն ու Սպիտակի երկրաշարժը

Իր նախնիների երկիր՝ Հայաստան, Ազնավուրն առաջին անգամ այցելել է 1964 թվականի փետրվարին։ «Ընդամենը երեք համերգ՝ որքան քիչ և միևնույն ժամանակ որքան շատ։ Շատ, որովհետև դրանք անջնջելի հետք թողեցին իմ սրտում»,- կհիշեր նա տարիներ անց:

Էմիգրանտների որդին հայրենիքում ընդամենը մեկ անգամ էր եղել՝ մենահամերգով: Հետո լինում է Սպիտակի աղետալի երկրաշարժը... Շառլ Ազնավուրը շտապում է օգնության, թվարկում է աղետի գոտում առաջնային իրերի ցանկն ու մարդկանց փոխանցում իր նորաբաց ասոցիացիայի հասցեն, որ ով ինչ կարողանա՝ ուղարկի Հայաստան: Երկրաշարժի հետևանքով 25 հազար մարդ էր զոհվել, հարյուրավոր փոքրիկներ անօթևան էին․․․

Առաջին անհրաժեշտության պարագաներով լի մի ամբողջ օդանավ հասավ Հայաստան: Շտապեց Գյումրի, կանգնեց Սուրբ ամենափրկիչ եկեղեցու ավերակների մոտ ու ինքն իրեն խոստացավ՝ ավելին պիտի անի հայրենիքի համար:

«Այն, ինչ ես տեսա Հայաստանում,- ավելի ուշ կասեր Ազնավուրը,- խորապես ցնցեց ինձ։ Մեր բարի, հեզ ու աշխատասեր ժողովուրդը միշտ ապրել է հավատով ու հույսով։ Այսօր մենք պետք է հուսանք, հավատանք մեր վաղվա օրվան, մեր հավերժությանը»։ Խոսքեր, որոնք հատկապես արդիական են այսօր։

1989 թվականին հայազգի ռեժիսոր Անրի Վեռնոյի հետ Ազնավուրը կոչ է անում ֆրանսիացի արտիստներին միասին տեսահոլովակ նկարահանել: Իննսուն երգիչ ու դերասան ձայնագրում են «Քեզ համար, Հայաստան» երգը, որը վաճառվում է միլիոնավոր օրինակներով:

«Մարդ կա՝ հիշողություն ունի, մարդ էլ կա՝ հուշերով է ապրում: Այդ պատկերները կարծես սկիզբ են առնում հիշողության անցքերից դուրս հորդացող մաքրամաքուր ակունքից, հասնում են մինչև մեր ձեռքերը և փոխանցվելով մատներին՝ դառնում են թղթի ճերմակ թերթի վրա գրված խորիմաստ բառեր: Ցավոք, այդ հուշերը չեն ներկայանում ժամանակագրական կարգով և մեզ պաշարում են խառնիխուռն ձևով՝ ներկայից հասնելով մինչև ծնունդ և ծննդյան պահից մեզ բերելով ներկա: Աստվա՜ծ իմ, որքան մոռացված դեպքեր են կրկին հառնում մեր մտքում այն բանից հետո, երբ սկսում ենք մտովի քայլել «հիշում եմ»-ի բավիղներով»... այսպիսի մտորումներով է սկսվում Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը (Հրատարակիչ՝ Newmag):

2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է. ահա փոքրիկ Շառլը Լատինական թաղամասի իրենց նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ, Կարդինալ Լեմուան փողոցի Թատերական դպրոցում առաջին դերը, թատերական հյուրախաղերը։ Հետո՝ առաջին քայլերը շանսոնում, որը համարում էին «արվեստի երկրորդական տեսակ», և առաջին հոդվածներն «անդուր» արտաքին ու «զարհուրելի» ձայն ունեցող «ոչ ժողովրդական» երգերի «ձախողակ» կատարողի մասին, որը ելույթներ էր ունենում կաբարեներում և գիշերային ակումբներում: Հետո եկան հաջողությունը, փառքը, և իրար հաջորդեցին անհամար համերգները: Ամենասիրելին 1963 թվականին ԽՍՀՄ-ում տված առաջին համերգն էր։ Ազնավուրը գրքում բացատրում է, թե ինչու։ Նա պատմում է իր ստացած կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի և, իհարկե, սիրո մասին։

Գրքում Ազնավուրը հաճախ է անդրադառնում երկրաշարժի ցավալի թեմային, հայ լինելուն, հայկական արմատներին...

Քանի որ ուրիշ ազգանուն չունեմ, հոգուս մի փոքրիկ հատված հայ է մնացել. դրանում համոզվեցի, երբ սրանից քսան տարի առաջ մի աղետալի դեպք պատահեց: 1988-ին, երբ տեսա երկրաշարժից ավերված Գյումրիի ավերակները, հիշում եմ, դժվարությամբ էի քայլում ու խոսում: Ես ինձ վատ էի զգում: Ներսումս ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում. ես ցավ էի ապրում, ցավ էի ապրում իմ ժողովրդի համար: Մինչեւ այդ՝ երբեք նման բան չէի զգացել, մինչեւ այդ՝ ես եղել էի պարզապես «ծագումով» հայ: Բայց իրականում ի՞նչ էր նշանակում «լինել հայ»:

Տեղի ունեցավ մի դեպք, որից հետո ես հայ դարձա նաև ամբողջ աշխարհի ու զանգվածային լրատվամիջոցների համար: Երկրաշարժից անմիջապես հետո, իմանալով, որ 13 մտավորականներից բաղկացած «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին ձերբակալել եւ ուղարկել են խորհրդային բանտերից մեկը՝ Հայաստանի անկախության համար պայքարելու մեղադրանքով (որն այն ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում), որոշեցի մեկնել Մոսկվա, որպեսզի այդ հարցը քննարկեմ ԽՍՀՄ այն ժամանակվա վարչապետի հետ:

Երկրաշարժի մասին մտորումներին կարող ենք հանդիպել Ազնավուրի նաև մյուս՝ «Քանի սիրտս բաբախում է» գրքում (Հրատարակիչ՝ Newmag):

1988 թվականին Հայաստանին պատուհասած զարհուրելի երկրաշարժն իմ կյանքը հիմնովին տակնուվրա արեց այն պարզ պատճառով, որ միշտ եղել եմ ընտանիքիս կողքին, ծնողներիս մեծարել եմ ավելի, քան հնարավոր է պատկերացնել, ու չնայած ես ֆրանսիացի եմ ամենից առաջ, սակայն հայ եմ հոգով, իմ երակներում հոսում է հայի արյուն: Ահա թե ինչու անհնար է պատկերացնել անգամ, որ կարող էի ձեռքերս ծալած նստել եւ ոչինչ չանել այդ ահավոր ողբերգության եւ աղետի պայմաններում: Լեւոն Սայանի եւ մի քանի այլ հավատարիմ ընկերներիս հետ օգտագործեցինք մեր բոլոր հնարավորությունները՝ ամենակարեւոր հարցերում օգնության ձեռք մեկնելու համար: Այսպես ստեղծեցինք «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը՝ մեր առջեւ դնելով մեն-մի նպատակ՝ նեցուկ լինել մեր նախնիների երկրին: Հիմնադրամի ֆինանսավորումը հնարավոր եղավ ապահովել միանգամից հիթ-շքերթների առաջին տեղում հայտնված «Քեզ համար, Հայաստան» երգի շնորհիվ, որն իր շուրջը հավաքեց ավելի քան 80 արտիստի, իսկ երաժշտությունը գրեց իմ փեսա Ժորժ Կառվարենցը՝ անկասկած լավագույն կոմպոզիտորը, որին հանդիպել եմ կարիերայիս ընթացքում: Ցանկանում եմ նաեւ շեշտել, որ ես հօգուտ հիմնադրամի հրաժարվեցի իմ բոլոր հեղինակային եւ հրատարակչական իրավունքներից, իսկ նման բան, վստահ եմ, ոչ ոք չի անի մարդասիրական կամ համերաշխության այսօրինակ նախաձեռնության դեպքում: Եվ եթե դեռ համառորեն շարունակում եմ խոսել այդ մասին, ապա դրա միակ պատճառն այն է, որ որոշ հասարակական գործիչների մեղադրանքները, թե իբր դրամական միջոցներ եմ շորթել, մինչեւ հոգուս խորքը վիրավորել են ինձ: Այդ հարձակումները ճղճիմ էին ու խիստ վիրավորական. ախր, բոլորին է հայտնի, որ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի ֆինանսական միջոցները հիմնականում կուտակվել են մեր սեփական միջոցների՝ իմ համերգներից, երաժշտական ալբոմների ու DVD-ների վաճառքից գոյացած եկամուտների հաշվին: Չենք օգտվել եւ ոչ մի տեսակի վարկից, չենք անցկացրել ոչ մի հեռուստամարաթոն, սակայն այդ ամբողջ ընթացքում կառուցել ենք դպրոցներ, վիրահատարաններ ու ծերանոցներ:

Սպիտակի ահեղ երկրաշարժն ուղիղ 34 տարի առաջ խախտեց Հայաստան աշխարհի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Լենինականի երկրաշարժից քանդված եկեղեցու մոտ:

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Լենինականի թիվ 2 մանկական հիվանդանոցում:

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Լենինականի մանկապարտեզներից մեկում:

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը 3-րդ մանկական հիվանդանոցում:

Տարածել