Պետերբուրգցի տղաների հայաստանյան տեխնոլոգիական բացահայտումները. ներկայացվել է վիրտուալ ցուցահանդես ու գիրք
Պետերբուրգցի տղաների հայաստանյան տեխնոլոգիական բացահայտումները. ներկայացվել է վիրտուալ ցուցահանդես ու գիրք
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի համահեղինակներ Սանկտ Պետեբուրգից Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը ձեռնամուխ են եղել ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական զարգացումները՝ սկսած խորհրդային ժամանակներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ալեքսեյ Պոմիգալովը նշեց, այս ընթացքում զգալի նյութեր են հավաքվել սովետական ժամանակաշրջանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում Հայաստանի ունեցած մեծ հաջողությունների, ներդրած ավանդի մասին: Աշխատանքները սկսվել են 2019 թվականից:
«Մենք աշխատել ենք բազմաթիվ ինժեներների, ծրագրավորողների, այլ մասնագետների հետ, ուսումնասիրել ենք մաթեմատիկական մեքենաների հետ կապված պատմությունները: Պարզ դարձավ, որ խորհրդային ժամանակահատվածում տեխնոլոգիական ոլորտի մշակումների զգալի մասն արվել է Հայաստանում, մասնավորապես Երևանում: Անդրադարձել ենք Մերգելյան ինստիտուտի աշխատանքներին, ձեռքբերումներին: Հասկացանք, որ հսկայական ներուժ է եղել Հայաստանում և այն իրացվել է»,-ասաց Ալեքսեյ Պոմիգալովը:
Ալեքսանդր Անդրեևի խոսքով, այս նախագիծն իրենց համար մեծ բացահայտում էր: Այդ բացահայտումները ոչ միայն կապված էին տեխնոլոգիական զարգացումների, այլև այն միջավայրի, ձևավորված մթնոլորտի հետ, որոնց պայմաններում էլ զարգանում էր ոլորտը:
«Երբ առարկայական սկսեցինք ուսումնասիրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, շատ զարմանալի էր մեզ համար, որովհետև շատ բան չգիտեինք մաթեմատիկական մեքենաների, ինժեներների մասին: Մեզ զարմացրեց այն, թե ինչպիսի մշակութային միջավայր էր տիրում, ինչ մշակութային վերափոխումներ էին տեղի ունենում: Ահա այդ միջավայրում ազատամիտ մթնոլորտ էր ձևավորվել, ինչը նպաստում էր նաև այս ոլորտի զարգացմանը»,-ասաց Ալեքսանդր Անդրեևը: Տեխնոլոգիական այդ վերելքն ի վերջո հանգեցրեց նրան, որ Հայաստանում ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, որոնք կիրառվեցին և մեծ հանրաճանաչություն ձեռք բերեցին ոչ միայն ամբողջ Սովետական միությունում, այլև Արևելյան Եվրոպայում:
Միայն ցուցահանդեսը ներկայացնելով՝ նախագիծը չի ավարտվում: Զգալի աշխատանքներ են իրականացվում դրանց հանրահռչակման ուղղությամբ: Նախագծին հաջորդող աշխատանքը «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի լույս ընծայումն է, որն օրերս ներկայացվեց Երևանում: «DataArt Armenia»-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանը նշեց, որ գրքի հերոսները մարդիկ են, որոնք տեխնոլոգիական զարգացումների առանցքում են եղել:
«Այն միայն մաթեմատիկական մեքենաների մասին չէ, այլ ամբողջ մշակույթի, այդ ժամանակաշրջանի մասին է: Այն մարդկանց մասին է, որոնք մեծ գործ են արել տեխնոլոգիական ոլորտում: Այդ մարդիկ ներկայացվում են ոչ միայն որպես մասնագետ, այլև իրենց նախասիրություններով, էմոցիաներով: Նույնիսկ խոսվում է այն մասին, թե ինչ ֆիլմ են սիրել դիտել, ինչ սրճարաններ են հաճախել»,-ասաց Արսեն Բաղդասարյանը:
Թե վիրտուալ ցուցահանդեսը, թե գիրքը մեծ արձագանք է ստացել: Իլյա Կորոբովը նկատեց, որ այնքան մեծ է հետաքրքրությունը, որ շատերը մոտենում են, հստակեցնում են ցուցահանդեսի ուղղությունները, առաջարկում էին նոր նյութեր տրամադրել:
«Եվ այդ առաջարկները ոչ այնքան լրացումների, հավելումների համար են, այլ ծրագրի, նախագծի զարգացման, ինչը շատ ոգևորում է»,-ասաց Իլյա Կորոբովը: Մասնագետները նշեցին, որ բոլոր նրանք, որոնք ունեն սովետական հին համակարգիչներ, դրանցից մնացած մասեր, ապա պատրաստ են վերցնել ու որպես ցուցանմուշ ցուցադրել:
Գիրքը ներկայացված է հայերենով ու ռուսերենով, ակնկալվում է, որ առաջիկայում կլինի անգլերեն տարբերակը:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է